Ընկերները պատերազմում զոհված Տիգրանին հաճախ անվանում էին ԴիԿապրիո
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ֆեյսբուքյան իր էջում պատմել է արցախյան վերջին պատերազմում զոհված Տիգրան Հարությունյանի մասին։
«Նա արտիստ էր իր բոլոր հատկանիշներով․ գեղեցիկ ու ոչ ոքի անտարբեր չթողնող արտաքին տեսքը, գրավչությունն ու արտիստիզմը նրան բեմից ու էկրանից բացի այլ տեղ գնալու հնարավորություն չէին թողնում։
Ընկերները Տիգրանին հաճախ անվանում էին երիտասարդ ԴիԿապրիո։
Պարարվեստի քոլեջում սովորելուց ու երկար տարիներ տարբեր խմբերում պարելուց հետո Տիգրանն ընտրեց Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտը։ Սովորելուն զուգահեռ պարում էր «Ամարաս» համույթում, նրանց հետ հասցրել էր արտերկիր մեկնել համերգների, մասնավորապես Փարիզ և Մոսկվա։
Տիգրանը դերասանական կրթություն չուներ, սակայն ի ծնե տաղանդի շնորհիվ բազմաթիվ առաջարկներ էր ստանում հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների տեսահոլովակներում նկարահանվելու համար։ Խաղում էր «Outdance» սիթքոմում և պարում Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում։
«Տիգրանը մեկ միավորի տարբերությամբ ընդունվեց անվճար ու ծառայության մեկնեց իր հասակակիցներից ավելի ուշ։ Այդ ժամանակ ուրախացել էինք, որ ուսումը կավարտի, նոր կգնա ծառայելու, բայց ինչ իմանայինք՝ ինչ է սպասվում․․․», – ասում է Տիգրանի մայրը՝ Լիանան։
14 տարեկանից Տիգրանն աշխատում էր ու ծառայությունից առաջ աշխատանքային փորձ ուներ բազմաթիվ ու ամենատարբեր ոլորտներում։ Ասում էր՝ ես պիտի ունենամ ամեն ինչ։
Ընկերների խոսքով՝ Տիգրանի հետ տխուր լինելն ու ձանձրանալն անհնար էր։ Ցանկացած պարագայում դրական ու լավատես էր։ Էքստրիմի սիրահար էր ու անգամ մոտոցիկլետ էր գնել։ Նրան կարելի էր գտնել ցանկացած բարձունքից թռչելիս։
Տիգրանը ծառայում էր Հադրութում, պատերազմի օրերին էլ այնտեղ է եղել։ Զինակից ընկերները պատմում են, որ նա ուժեղ զինվոր էր, կամային ու պատրաստ օգնելու ընկերներին։ Հենց այդպես էլ օգնության շտապելիս վիրավորվել էր ԱԹՍ-ի հարվածից, հիվանդանոցի ճանապարհին երկրորդ հարվածից ընկերների հետ հերոսացել 2020թ․ հոկտեմբերի 11-ին։
Տիգրանն ու մայրն ամենաամուր թելերով էին կապված իրար՝ միշտ միասին, կառուցելով ընդհանուր երազանքներ ու նպատակներ․ «Միշտ մտածել եմ, որ եթե Տիգրանին որևէ բան պատահի, ես չեմ ապրի։ Բայց հիմա շարունակում եմ կյանքս Տիգրանի ուժով։ Ասում էր՝ քո աչքերին արցունք չպիտի լինի, մամ։ Ու հիմա էլ ես գլուխս բարձր, ուժեղ շարունակում եմ ապրել հանուն Տիգրանի, չեմ չարացել, որովհետև նա էլ այդպիսին չէր»։
Փառք ու խոնարհում մեր հայրենիքի համար իրենց կյանքը և առողջությունը զոհաբերած բոլոր արիներին։ Տիգրան Վլադիմիրի Հարությունյանի ընտանիքը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու է։ Հիմնադրամի ֆոնդը ձևավորում ենք մենք՝ ՀՀ և Արցախի քաղաքացիներս, աշխարհասփյուռ հայերս։ Ֆինանսակայն կայուն հատուցումն ամենաքիչն է, որ կարող ենք անել մեր քաջերի հիշատակի, մեր հոգու հանգստության համար»։