Ինչպիսի՞ տնտեսական «ձեռքբերումներով» է Կառավարությունն ամփոփել 2021 թվականը. մաս 3

ՀՀ կառավարության կողմից ներկայացված ծրագրով 2021թ․ ընթացքում իրականացված աշխատանքների հաշվետվության մեջ, Կառավարությունն անդրադառնում է անցած տարվա ընթացքում գրանցված աշխատատեղերի թվաքանակի և աշխատավարձերի աճին, ինչպես նաև սոցիալական պայմանների բարելավմանը։

1․ Աշխատատեղերի թվաքանակ

Կառավարության կողմից ներկայացված զեկույցում ասվում է, որ Եկամտային հարկի դրույքաչափի համահարթեցման Կառավարության որդեգրած քաղաքականության շնորհիվ 2021 թվականի դեկտեմբեր ամսին աշխատատեղերի թվաքանակը կազմել է 659 471, որը բացարձակ ռեկորդ է Հայաստանի՝ նախորդող շրջանի ողջ պատմության համար: Զեկույցում նշվում է նաև, որ 2020 թվականի նույն ամսվա համեմատ աշխատատեղերի աճը կազմել է 6.1%, 2019 թվականի նույն ամսվա համեմատ՝ 4.9%, 2018 թվականի նույն ամսվա համեմատ՝ 12.1%։

Հարկ է նշել, որ իրականում տեղին չէ խոսելը բացարձակ ռեկորդի մասին այն պարզ պատճառով, քանի դեռ չեն նշվում փաստացի գրանցված աշխատատեղերի աճի պատճառները, որոնց թվում կարող են լինել թե՛ նոր աշխատատեղերի առաջացումը, թե՛ ստվերից դուրս բերումը, թե՛ պետական աջակցությունից օգտվելու շարժառիթով աշխատողների գրանցումը կամ հիփոթեքային վարկերի տոկոսավճարները եկամտային հարկի գումարների չափով պետությունից հետ ստանալու նպատակով աշխատողների գրանցումը և այլն։

2․ Աշխատավարձեր, սոցիալական պայմաններ

Ինչ վերաբերում է աշխատավարձերի աճին ու սոցիալական պայմանների բարելավմանը, ապա Կառավարությունը ներկայացնում է, որ միջին ամսական աշխատավարձը 2021 թվականին 2020 թվականի համեմատ ավելացել է շուրջ 14,000 դրամով կամ 7.6%-ով, 2019 թվականի համեմատ՝ ավելի քան 21,000 դրամով կամ 12%-ով, 2018 թվականի համեմատ՝ 31,000 դրամով կամ 18%-ով: Մինչդեռ իրական աշխատավարձի աճը եղել է աննշան՝ շուրջ 0.4%, բացի այդ զեկույցում մեկ բառ անգամ չկա սոցիալական ցուցանիշների վրա խորը ազդեցություն թողած գնաճի մասին։

Շարունակելի…

Տեսանյութեր

Լրահոս