Զապել Եսայանի բացառիկ մանրամասները Եղիշե Չարենցի դատավարությունից
Հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցի կյանքի սկանդալային ու հետաքրքրաշարժ դեպքերի, իրադարձությունների մասին շատ ենք խոսել։ Չարենցասերներն ու նրանով հետաքրքրվողները գիտեն նրա առաջին բանտարկության պատճառը, դրան նախորդած իրադարձություններն ու հանցագործության մանրամասները։ Սակայն մենք կփորձենք այդ իրադարձություններին նայել այլ դիտանկյունից` ուրիշի աչքերով։
1926 թվականի սեպտեմբերի 5-ի երեկոյան Եղիշե Չարենցը կրակում, վիրավորում է Մարիաննա Այվազյանին և ձերբակալվում։ 1926 թվականի նոյեմբերի 9-ին, ժամը 10:00-ին տեղի է ունենում Չարենցի դատական նիստը։ Դատին ներկա են եղել շատերը, այդ մասին կխոսենք քիչ հետո։ Չարենցի դատական նիստի մասին մանրամասներ հայտնել է Վահան Հովսեփյանը։ Նա ևս ներկա է եղել դատական նիստին։ Հովսեփյանն իր հուշերում գրում է.
«Դատը տեղի ունեցավ ներկայիս Ալավերդյան փողոցի վրա գտնվող դատարանի շենքում։ Դահլիճում ասեղ գցելու տեղ չկար։ Նստարանները գրավել էին գրողներ, սկսնակներ, ուսանողներ, կոմերիտականներ, տպագրական բանվորներ։ Դահլիճում տեղ չլինելու պատճառով մեծ բազմություն էր հավաքվել միջանցքում և դեպի բակի պատշգամբը։
Դատարանի սեղանին դրված էր «Նագան» սիստեմի ատրճանակ (հավանական է՝ հենց այն ատրճանակը, որը ես տեսել էի Էջմիածնի տպարանում) և երկու դատարկ պարկուճ, որպես իրեղեն ապացույց։ Դատավորի սեղանից դեպի աջ դրված էր դատախազի փոքրիկ սեղանը, դեպի ձախ պաշտպանի սեղանը, դահլիճի հենց առաջին նստարանին նստել էին տուժողի հարազատները, այդ թվում՝ հայրը։ Դռան մոտ անկյունում մեղադրական աթոռին խցիկի մեջ մեղադրյալ Չարենցը։
Բեմի դռնից ներս մտավ մի երիտասարդ սպասավոր և ասաց.
– Դատարանը գալիս է, ոտքի՛։
Բոլորը վեր կացան։ Տիրեց քար լռություն։
– Դատական նիստը հայտարարում եմ բացված,- հայտարարեց դատավորը և կարդաց մոտավոր այսպես, որ այսինչ օրը, երեկոյան ժամը 12-ին, այսինչ հյուրանոցի մոտ քաղաքացի Եղիշե Աբգարի Սողոմոնյանը-Չարենցը «Նագան» տիպի ատրճանակից երկու փամփուշտով կրակել է քաղ. Մարիանա Այվազյանի վրա և նրան վիրավորել։ Տուժողի հայրը դիմել է դատարան և պահանջում է արժանի պատիժ դատապարտյալին»։ (Հատվածը վերցված է Ալմաստ Զաքարյանի «Եղիշե Չարենց. Կյանքը, գործը, ժամանակը», 3-րդ գրքից։ Երևան, 2008 թվական, էջ 412-413):
Դատական նիստին ներկա է եղել նաև Զապել Եսայանը։ Դատական դռնբաց նիստին ներկա Եսայանը իր հիշողությունները, տպավորությունները նկարագրել է Փարիզի «Երևան» լրագրին։ Եսայանը մասնավորապես նշում է.
«Ե.Չարենց կգտնվեր մեղադրյալի հատկացված շրջափակին մեջ։ Մեծապես դժգոհ ինքզինզմեն, խոժոռ և անձկալի, աչքերը հառած էին թուղթերու տրցակի մը վրա։ Իր համակրելի պաշտպան փաստաբանը կխոսեր իր հետ ցած ձայնով… Չարենց մանրամասն կբացատրե այն ջղային, գրեթե հիվանդագին և հուսահատական վիճակը, որուն մատնված է եղեր շաբաթներե ի վեր գիշեր ու ցերեկ գերգրգռված վիճակի մեջ, օրերով տառապեր է անքնութենե, որ ապրելով տեսակ մը հարատև մղձավանջի մեջ, կհուսար ազատվիլ անկե դիմելով ալքոլի։ Իր հայտնության համեմատ սիրահարության խնդիր չկար, այլ տեսակ մը նույն գաղափարին հաճախումը, որ զինքը մղած է այդ անիմաստ արարքին գրեթե անգիտակից վիճակի մեջ։ Այդ հաճախումը (hantise) արդյունք էր իր գերգրգռված վիճակին, իր կարգին պատճառ կդառնա զինքը մոլորելու դեպի արարք մը, որը ինքն իսկ կորակե «իհարկե, ցավալի և անիմաստ»։ Իր շեշտը համոզիչ է, ձայնը երբեմն հուզյալ և ոչ մեկ տարակույս անոնց համար, որ մեղադրյալը անկեղծ է։ Անիկա ոչ մեկ ճիգ կընէ ինքզինքը արդարացնելու, այլ կբացատրե իր այդ օրերու խռովյալ վիճակը»։ («Երևան» լրագիր, Փարիզ, 1926 թվական, թիվ 163):
Դատական նիստը մանրամասնություններով ներկայացնելու հետ մեկտեղ՝ Վահան Հովսեփյանը գրում է նաև դատական նիստի ավարտի մասին։ Նա մասնավորապես նշում է, որ դատավորը որոշում է Չարենցին ազատազրկել 2 տարով, որից հետո դատական նիստին ներկա անձնակազմը դուրս է գալիս դեպի բակը, սակայն այդ ժամանակ Չարենցին արդեն իսկ տանում էին դեպի Երևանի ուղղիչ տուն։ Դատավորի որոշումը լսելով՝ Զապել Եսայանը ևս հույս է հայտնել, որ ինչ-որ ելք կգտնի Չարենցին ազատելու համար։ Եսայանը նստած է եղել Չարենցին մոտ և ասել է. «Հոգ մի անի, ընկեր Ավետիք Իսահակյանի և այլ գրողների հետ կերթանք գործկոմի նախագահի քովը, քեզ ազատել կտանք»։ (Նույն տեղում` էջ 414):
Զապել Եսայանը հետագայում չկարողացավ ազատել ո՛չ միայն Եղիշե Չարենցին, այլ նաև իրեն։ Այս երկու մեծերը դարձան ստալինյան բռնապետության ամենապայծառ ու հանճարեղ զոհերից։
Զ. Շուշեցի