Երբ  «թշնամին է լավագույն ուսուցիչը»

Մոսկվան ակնհայտորեն խուսափում է սրել Ադրբեջանի հետ առաջացած լարվածությունը, և, ըստ ամենայնի, կան նաև նշաններ, որ աշխատանք է տարվում այն հարթելու համար: Համենայնդեպս, այդպիսի փորձ է դիտվել Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարի այցը Բաքու: Դրա ֆորմալ առիթը, իհարկե, քաղաքացիական պաշտպանության միջազգային ֆորումին մասնակցելն է, բայց հնարավոր է դիտվում, որ նախարարի միջոցով Կրեմլը որևէ ուղերձ է փոխանցում Բաքվին: Հակառակ պարագայում, առկա լարվածության և Ադրբեջանի գրեթե հանդուգն քայլերի պարագայում՝ Մոսկվան հազիվ թե նախարարական մակարդակով մասնակցեր Բաքվի ֆորումին:

Զարմանալի կամ անսպասելի չէ, որ Մոսկվան չի գնում Ադրբեջանի հետ հարաբերության սրացման և փորձում է կառավարելի պահել իրավիճակը: Ռուսաստանը խուսափում է Կովկասում լարվածության նոր ճակատի ռիսկից, առավել ևս լինելով համոզված, որ աշխարհաքաղաքական մրցակիցները կանեն առավելագույնը՝ Բաքվի հանդեպ իրենց ազդեցությունը գործադրելու և Ադրբեջանին Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելուն խրախուսելու համար: Իսկ Ալիևը կարողանում է խաղալ երկկողմ կամ բազմակողմ այս խաղը` փորձելով պտուղներ քաղել երկու կողմում էլ, ցավոք սրտի:

Այստեղ, սակայն, ավելորդ չէ, իսկ գուցե նույնիսկ կարևոր է նկատել, որ դա կարողանում է անել ոչ միայն մակրոքաղաքական միջավայրում շահերի բախումն օգտագործելով, այլ՝ խաղունակության համար տնտեսական բավարար բազա կառուցելով: Սա առանցքային հարց է, որ քիչ է արժանանում ուշադրության, քանի որ այն ավելի շատ ընկած է ոչ թե էպատաժային դաշտում, այլ տնտեսական հետևողական քաղաքականության, ներդրողների հետ համակարգված և նրանց համար հասկանալի ու կանխատեսելի լեզվով աշխատանքի դաշտում: Դժբախտաբար, Ալիևը ցույց է տվել, որ լավ է տիրապետում այդ լեզվին: Հենց դրա շնորհիվ է, որ նա կարողանում է «լեզվին տալ» թե Ռուսաստանի, թե Եվրամիության, թե անգամ որոշակի դեպքերում՝ ԱՄՆի հետ որևէ անհամաձայնության պարագայում:

Ինչ խոսք, հասկանալի է, որ տվյալ պարագայում հարցը հենց «լեզվին տալը» չէ, որևէ պետության հետ լեզվակռվի օրինակ վերցնելը չէ, այլ միջազգային հարաբերությունների լեզվին տիրապետելը:

Կարդացեք նաև

Ցավոք սրտի, Հայաստանի պարագայում տարիների ընթացքում արդիական դարձավ «թշնամին լավագույն ուսուցիչն» է արտահայտությունը: Այս դեպքում այն «ուսուցիչ» է, թե ինչպես պետք է բարձրացնել քաղաքական ճկունությունը՝ բարձրացնելով արտաքին ներդրումների վիճակագրությունն ու բազմազանեցնելով այն, սեփական երկրում կարողանալով ապահովել աշխարհատնտեսական բազմազանություն:

Այն, ինչ «կարողացել» է Հայաստանը մինչ այժմ, դա արտաքին ներդրումային որևէ խոշոր ծրագրի հանդեպ հանրային կասկածամտությունն է, ներդրողին ոչ թե գործընկեր, այլ «գաղութարար» ընկալելու նեղմտությունը:

Ի վերջո, արտաքին քաղաքականության բալանսավորումը, ինչի մասին այսօր Հայաստանում խոսվում է տեղիանտեղի, խոսքերով կամ հայտարարություններով կառուցվող երևույթ չէ: Բալանսավորված քաղաքականության «միս ու արյունը» աշխարհատնտեսական տրամաբանությամբ բալանսավորված տնտեսության հասնելն է, Հայաստանի Հանրապետության տնտեսական տարածությունում տարբեր աշխարհատնտեսական ուղղությունների առարկայական համադրություն և համակեցություն ապահովելու հմտությունն ու հաստատակամությունը:

Չի կարող լինել գլոբալ քաղաքականության հանդեպ արդյունավետ դիրքավորում, եթե չկա տնտեսության գլոբալ խաղացողների հետ արդյունավետ հարաբերություն կառուցելու, արտաքին ներդրումների նշանակալի ու բազմազան ծավալներ ներգրավելու հմտություն: Որովհետև գլոբալ քաղաքականության մակարդակն անհամեմատ ավելի բարդ մակարդակն է, ըստ այդմ հնարավոր չէ արդյունավետության հասնել բարդ մակարդակում, եթե ավելի ներքևում չի ձևավորվել դրա համար բավարար տնտեսական բազան:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս