Հայ Առաքելական Եկեղեցին հայոց վերջին հենասյունն է, որը պետք է քանդի Ադրբեջանը Նիկոլ Փաշինյանի ձեռքով. Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ՀՀ կառավարության ղեկավարի սկսած «խաղի» վերջնանպատակը, ըստ էության, ուղղված է քրիստոնեության դեմ։ Այո, այն իրականում դուրս է Եկեղեցու անձերի խնդրից, այն արդեն դուրս է եկել սոսկ Հայոց Եկեղեցու մակարդակից, ինչքան էլ ՔՊ կուսակցության ղեկավարն ու ՔՊ տարբեր պատգամավորներ փորձեն հակառակը համոզել , դա պարզից էլ պարզ է։

Իրավիճակի ու հրապարակային աղբյուրների վերլուծությունը ցույց է տալիս, որ այս արշավը եկեղեցու դեմ տեղավորվում է Հայաստանի զավթման ադրբեջանական պետական ծրագրի շրջանակներում, հետեւաբար նպատակների սկզբնաղբյուրները, իրական շարժառիթները պետք է փնտրել այդտեղ։

Ակնհայտ տպավորություն է, որ Հայ Առաքելական Եկեղեցին հայոց վերջին հենասյունն է, որը պետք է քանդի Ադրբեջանը Նիկոլ Փաշինյանի ձեռքով՝ առաջ տանելու համար «արեւմտյան Ադրբեջանի» զավթողական ծրագիրը որը ենթադրում է, որ ոչ միայն Հայաստանի տարածքն է «ադրբեջանական», այլեւ «հարյուր հազարավոր, այսպես կոչված, փախստականներ պետք է բնակություն հաստատեն Հայաստանում»։ Սա, իրականում, հումանիտար շղարշի ներքո Հայաստանի զավթման ադրբեջանական պետական ծրագիր է:

Այս համատեքստում է տեղավորվում և առնվազն հարցեր է առաջացնում այն, որ մայիսի 22-ին Կովկասի մուսուլմանների գրասենյակի նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն ուղիղ հայտարարել է, որ «հայկական եկեղեցին մեծ ապառնալիք է ներկայացնում Հայաստանին հարեւան տարածաշրջանային բոլոր երկրների համար»։

Հետաքրքիր է, որ այս հայտարարությունն այդպես էլ անպատասխան մնաց ՀՀ վարչապետի կամ պետական որևէ մարմնի կամ պաշտոնյայի կողմից: Փոխարենը, այդ հայտարարությունից անմիջապես հետո ՀՀ վարչապետը մայիսի 29-ից սկսեց սաստիկ եկեղեցահալած քաղաքականություն` զուգորդված ատելության ու վիրավորանքների արշավով:

Սա բնույթով արդեն հակաքրիստոնեական արշավ է, քանի որ ինքնին քրիստոնեությունը խաղաղության, հանդուրժողականության ու համերաշխության մասին է, իսկ այն, ինչ անում է ՀՀ վարչապետը և ՔՊ կուսակցության որոշ պատգամավորներ ակնհկայտ հակաքրիստոնեական մեթոդներ են:

Խաղաղությունը բոլորիս համար բարձրագույն արժեք է, մենք ուզում ենք ապրել խաղաղ ու ապահով երկրում, բայց այն, ինչ անում է ՀՀ վարչապետը, պառակտման ու թշնամանքի, հալածանքի մասին է, իսկ այդպես խաղաղության չեն հասնում, դա միայն աղետ է բերում` խաթարելով մեր ներքին կայունությունն ու պետականության հիմքերը, խարխլելով անվտանգությունը»:

Տեսանյութեր

Լրահոս