
«Պետք չէ վախենալ. բանտերը «բեզռազմեր» չեն… Սամվել Կարապետյանի կալանավորումը Փաշինյանը գցելու է ոտքին». Մենուա Սողոմոնյան
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանն այն կարծիքին է, որ գործող իշխանության ներկայացուցիչները դրսևորում են բորենու վարքագիծ՝ շատով հարձակվում են մեկ-երկու հոգու վրա:
«Իրականում, այդ բորենու վարքագիծ դրսևորողների ակտիվությունը պայմանավորված է նրանով, որ վարչության ցուցակի մեջ լինեն: Ընտրությունների են պատրաստվում և ուզում են ցուցակի մեջ լինել, օրինակ՝ Արսեն Թորոսյանը, Արթուր Հովհաննիսյանը, նրանք, ում համար ոչ մի սրբություն գոյություն չունի և կարևոր հանգամանքն իշխանության մեջ լինելն ու ցուցակի մեջ տեղավորվելն է:
Քանի որ հիմա, առավել քան երբևէ, պրոֆեսիոնալիզմի, աշխատասիրության և այլնի փոխարեն՝ ամենագնահատվող հանգամանքը շեֆին ծառայելու, հաճոյանալու հավատարմությունն է, դրանով էլ պայմանավորված է այս աղտեղի վիճակը: Եթե Մովսես Խորենացին մեր ժամանակներում ապրեր, այս ժամանակը կբնորոշեր ժամանակ խայտառակությանց: Իսկապես, սա խայտառակություն է, ցուցիչն է, որ Հայաստանում քաղաքական մշակույթ գոյություն չունի, անգամ պետություն գոյություն չունի. պետություն և իշխանություն հասկացությունները ՀՀ-ում նույնականացված են, և այս ամենը տեղի է ունենում Փաշինյանի ֆասով, նրա քսի տալով»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում, անդրադառնալով ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորների վրա ՔՊ-ականների հարձակմանը, ասաց նա:
Մենուա Սողոմոնյանն անդրադարձավ Փաշինյանի գրառումներից մեկին, որտեղ վարչապետի աթոռը զբաղեցնողը նշել էր, որ, եթե Վեհափառն ապօրինի է համարում Բագրատ և Միքայել Սրբազանների կալանավորումը, ուրեմն աջակցում է հեղաշրջում անելու պլաններին:
«Փաշինյանը, իհարկե, իր բառերով է այս ամենը ձևակերպում, բայց նախապատրաստում է, որպեսզի «իրավապահները» քրեական գործ հարուցեն Վեհափառի նկատմամբ: Հիմա, ես էլ եմ ասում, որ ես էլ համարում, որ Բագրատ Սրբազանի և Միքայել Սրբազանի կալանավորումներն ապօրինի են, շինծու են, և եթե իմ ասածը համարվում է աջակցություն ահաբեկչությանը, ապա նույն հոդվածով կարող եք նաև ինձ ձերբակալել, կալանավորել, խուզարկել: Ես բոլորին կոչ եմ անում հենց այդպես էլ հանդես գալ»,- ընդգծեց նա:
Մենուա Սողոմոնյանը չի զարմանա, եթե ՔՊ-ականները մարդ սպանեն, դա ֆիքսվի տեսախցիկներով և որևէ գործ չհարուցվի, օրինակ՝ ասեն, թե ժողովրդավարությունն են պաշտպանել. «Ոչ մի բան չանելու, կարծիք հայտնելու համար են մարդկանց կալանավորում: Բռնապետությունը պոզով-պոչով չի լինում, ապրում ենք բռնապետության պայմաններում, բայց վախկոտների բռնապետություն է սա, պետք է չվախենանք այդ բռնապետությունից: Յուրաքանչյուր ոք, ով իրեն պատվով մարդ է համարում, պետք է չվախենա էդ բռնապետությունից, որովհետև ի վերջո, բանտերը «բեզռազմեր» չեն, թող բանտերը լցնեն»:
Նրա դիտարկմամբ՝ Հայաստանը վաղուց հայերի միջոցով չի ղեկավարվում. «Փաշինյանն Էրդողանի թավանի տակ է: Էրդողանը նրան ասում է՝ եթե ուզում ես, որ ես միջնորդեմ կամ ստիպեմ, որ Ալիևը քեզ հետ խաղաղության պայմանագիր ստորագրի, ապա գնա Եկեղեցիդ քանդի, որովհետև դա այն կառույցն է, որը դիմադրելու է նվաստացուցիչ խաղաղությանը: Իրենք հասկանում են, չէ՞, որ սա հայերի համար նվաստացուցիչ խաղաղության պայմանագիր է, որ սա հակաժողովրդական, հակամարդկային, հակաիրավական գործընթաց է: Շատ լավ են հասկանում, որ կա Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցի, որտեղ հոգևորականները մարդիկ են, ովքեր մահից չեն վախենում, դիմադրության օջախ կարևող են լինել, հեղինակություն ունեն ժողովրդի շրջանում:
Էրդողանն ասում է՝ էս մի օջախն էլ քանդի, ինչպես բանակն ես առել ձեռքիդ տակ, ամբողջ ուժային և դատական համակարգերն ես առել ձեռքիդ տակ, սա էլ քանդի: 2020թ. նոյեմբերին հենց Թուրքիայի Միլի մեջլիսում այս պահանջը գեներացվեց՝ որպես Թուրքիայի արտաքին քաղաքական կարևոր ուղենիշ,. Առաջին՝ հասնել նրան, որ Հայաստան-Սփյուռք կապերը խզվեն, հասնել նրան, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում (այն ժամանակ դեռ Արցախի մի մասը մերն էր), և հասնել նրան, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին հեղինակազրկվի, նսեմացվի, քանդվի: Այսպիսի թշնամական հանձնառություն է վերցրել Էրդողանի թավանի տակ մտած Փաշինյանը»:
Դիմելով իրավապահներին՝ նա շեշտեց. «Տղերք, իզուր եք այս ամենի մեջ մտնում, չեք ճանաչո՞ւմ Նիկոլ Փաշինյանին, նրա արկածախնդիր, հակաազգային բնույթը, որ մտնում եք այս գործընթացի մեջ: Իրար հետ պայմանավորվեք, զանգվածաբար դիմում գրեք, դուրս եկեք այդ գործերի միջից»:
Մենուա Սողոմոնյանի կարծիքով՝ գործարար Սամվել Կարապետյանի մեջ Փաշինյանը վտանգ է տեսնում. «Փաշինյանը դեռ այս կալիբրի մարդու հետ չէր բախվել, իսկ որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի թիվ մեկ վախկոտն է, դրանում այլևս ոչ ոք կասկած չունի, դրանով էր պայմանավորված Սամվել Կարապետյանի ձերբակալումը և կալանավորումը: Սպասենք իրադարձությունների զարգացմանը, բայց ինքը չի մարսելու, ինքը ոտքին է գցելու: Այնպես չէ, որ Սամվել Կարապետյանին բռնեցին, երկու ամիսը կանցնի, նա կասի՝ լավ, ես գնամ իմ գործով… Ես գրեթե համոզված եմ, որ այս ամենը նպաստելու է ընդդիմադիր դաշտում քաղաքական նոր կոնսոլիդացիայի»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում