Ցեղասպանության ճանաչման գործընթացի սառեցում և Թուրքիայի հետ «խաղաղության դարաշրջան». Կառավարությունն ամփոփում է 2021թ. արդյունքները
2022թ. տարեսկզբից իշխող քաղաքական ուժի կողմից առավել ակտիվացվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թեզը, օրակարգ բերվեց դրա արդյունքում Հայաստանին սպասվող ենթադրյալ օգուտները։
Այս օրերին, երբ երկրի գլխավոր ամբիոնից՝ Ազգային ժողովից, ներկայացվում է Կառավարության ծրագրի 2021թ. կատարողականը, անհրաժեշտ է հետհայացք գցել Կառավարության հնգամյա ծրագրում իշխող քաղաքական ուժի տեսլականին՝ Թուրքիայի հետ հարաբերությունների և, այդ համատեքստում՝ նաև Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցերին և 2021թ.-ի ընթացքում այդ ուղղություններով արձանագրված արդյունքներին։ Այսպես՝
1. Կառավարության ծրագրում նշվում էր Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման պատրաստակամության մասին, իսկ հաշվետվության մեջ խոսվում «հրապարակային դրական հայտարարությունների» և բանակցությունների մեկնարկի մասին։
Բանակցությունների մեկնարկի մասին խոսելիս չի կարելի մոռանալ, որ թուրքական կողմը պարբերաբար բարձրաձայնում է իր նախապայմանները, թեև պաշտոնական հանդիպումների ժամանակ դրանց մասին չի հիշատակվում։ Ընդ որում, Թուրքիայի նախապայմանների մեծամասնությունն արդեն իսկ իրականացված են․ օրինակ, միջազգային ճանաչման հիշատակումը որպես գերակայություն՝ դուրս է եկել հայկական բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Փաշինյանի բառապաշարից, իր հրապարակային ելույթներում վերջինս ընդամենը հղում է կատարում կառավարության ծրագրին՝ բառացի չմատնանշելով այդ գերակայությունը։
Տարակուսելի է նաև այն, որ, թեև ՀՀ Կառավարությունն արձանագրում է Թուրքիայի կողմից հրապարակային դրական հայտարարությունների առկայության մասին, սակայն Թուրքիան չի խորշում բանակցային մեկնարկային այս շրջանում պարբերաբար հրապարակային հայտարարություններ անել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ, ինչը «դրական» գնահատել, մեղմ ասած, հնարավոր չէ։
Ի տարբերություն ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից 2008-2011թթ. ընթացքում «ֆուտբոլային դիվանագիտություն» վարելու ժամանակահատվածի՝ ներկայիս գործընթացում նախաձեռնողականությունը լիարժեքորեն պատկանում է թուրքական կողմին։ Հայկական պատվիրակներն առաջինն են այցելում Թուրքիա, և ոչ թե հակառակը, բոլոր նախաձեռնությունների մասին առաջինը հրապարակային տեղեկատվություն հայտնում է թուրքական կողմը։
2. Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման բարի ցանկությունների ֆոնին՝ ՀՀ Կառավարության հնգամյա ծրագրում, անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին, նշվում էր, որ ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության ճանաչումն էականորեն փոխել է ցեղասպանության միջազգային ճանաչման իրադրությունը, և միաժամանակ, որպես այս տարվա կարևոր ձեռքբերումներ, ներկայացվում են ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ուղերձը, ճանաչումը Լատվայի խորհրդարանի կողմից և հարցի քննարկումը Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատում։
Նախ Կառավարության ծրագիրը հաստատվել է ավելի ուշ, քան 2021թ.-ի ապրիլի 24-ին Բայդենի հայտարարությունը, հետևաբար՝ այն չի կարող տեղավորվել նշված ծրագրում։ Բացի այդ, Բայդենի հայտարարությունն աշխարհաքաղաքական համատեքստ ուներ, ինչպես նաև հանդիսանում էր ԱՄՆ-ում հայկական լոբբիի ակտիվ աշխատանքի արդյունք, ուստի որևէ կերպ չի կարելի այն վերագրել կառավարության գործունեությանը։
Ինչ խոսք, հաշվի առնելով ԱՄՆ աշխարհաքաղաքական գերակայությունը մի շարք երկրներում՝ ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո կարելի էր ակնկալել «ճանաչումների շքերթ», սակայն Բայդենի հայտարարությունից հետո միայն մեկ երկիր՝ Լատվիայի խորհրդարանն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և նախատեսվածին հակառակ՝ Միացյալ Թագավորության (ՄԹ) համայնքների պալատում 2022թ.-ի մարտի 18-ին վերոհիշյալ օրինագծի երկրորդ ընթերցումը տեղի չի ունեցել։ Ակնհայտ է, որ ՄԹ կողմից ճանաչման օրինագծի շրջանառությունը նույնպես աշխարհաքաղաքական համատեքստ ունի։
Իրավիճակը հավանաբար այլ կլիներ, եթե այդ ուղղությամբ ՀՀ իշխանությունները ձեռնարկեին համարժեք քայլեր, ինչի ականատեսն անցնող տարիների ընթացքում մենք չենք լինում։ Ընդհանուր առմամբ, իշխանությունների ներկայիս չեզոք ու խուսափողական կեցվածքը Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցի շուրջ, որոնք դրսևորում են՝ ինչպես դիվանագիտական դաշտում անգործությամբ, այնպես էլ՝ պարզապես Ցեղասպանության մասին հանրային ելույթներում հիշատակումներ չանելով, միայն վիժեցնում են գործընթացը, և ակնկալել միջազգային հանրության կողմից այլ արձագանքներ՝ պարզապես անմիտ է։
Այս համատեքստում պարզ է նաև, որ «Խաղաղության դարաշրջանի» կեղծ օրակարգի լույսի ներքո Թուրքիայի հետ տարվող բանակցություններն էլ, իրենց հերթին, ակնհայտորեն խանգարում են ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, մինչդեռ 2008-2011թթ. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արժանապատիվ և հավասարակշռված գործընթացի ընթացքում ճանաչման գործընթացը ոչ միայն կանգ չի առել, այլ նոր թափ էր հավաքել։
Շարունակելի…