«Գրոտեսկի», Շուշիով թե առանց Շուշիի պատերազմը կանգնեցնելու՝ Նիկոլ Փաշինյանի վարկածի ու ճշմարտության մասին

Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում իր եզրափակիչ ելույթի մեծ մասը նվիրեց Կառավարության 2021թ․ գործունեության հաշվետվության ժամանակ ելույթին հաջորդած արձագանքներին և մասնավորապես՝ ՀՀ Երրորդ նախագահի արձագանքին:

Հիշեցնենք՝ երեկ Փաշինյանը խորհրդարանական ամբիոնից ջանասիրաբար փորձում էր հավասարության նշան դնել կարգավորման փաթեթային և փուլային տարբերակների միջև՝ պնդելով, թե իբր դրանց միջև որևէ տարբերություն չկա։ Հենց այս հայտարարություններին էր արձագանքել Սերժ  Սարգսյանը՝ նկատելով. «Նիկոլ Փաշինյանը կրկին ստում է»:

«Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը կա՛մ մինչև հիմա չի հասկացել փուլային և փաթեթային տարբերակների տարբերությունը, կա՛մ գործի է դրել իր հիմնական զենքը՝ մանիպուլյացիան:

Փուլայինի և փաթեթայինի տարբերության մասին մի քանի անգամ հրապարակային խոսել եմ, նաև հանգամանորեն բացատրել, որ փաթեթային տարբերակը չի կարող կյանքի կոչվել մեկ օրում կամ մեկ ժամում, այլ միանշանակ պետք է լուծվի փուլերով:

Թող վերընթերցի տարբեր ժամանակահատվածներում իմ տված հարցազրույցները և որքան էլ իր համար դժվար լինի, հասկանա այդ երկու տարբերակների տարբերությունը և առանձնահատկությունները:

Ի դեպ, վերոհիշյալ թեմայով ասածներս հաստատել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Էլ չեմ խոսում իր կողմից «կառուցողական» բնորոշված Ալիևի խոստովանությունների մասին»,- մանրամասնել էր նախագահը:

Պարզվեց, սակայն, որ կարգավորման բովանդակության և մեթոդաբանության շուրջ դիվանագիտական բազմամյա ջանքերը, տարբեր նրբությունների վերաբերյալ զգուշավոր մոտեցումներն իրականում կարելի է մի ելույթով գցել ջուրը ու շարունակել պնդել, թե որևէ տարբերություն չկա փուլային ու փաթեթային տարբերակների միջև:  Ահա հենց այսպես վարվեց Նիկոլ Փաշինյանը. նա այսօր կրկին իր ելույթում արեց նախկին պնդումները:

«Երեկ ես այս դահլիճում ներկայացրի 1998-2018 թթ. տեղի ունեցող իրադարձությունների շղթան, և պատահական չէ, որ Սերժ Սարգսյանը այդ երեքժամանոց քննարկումից անդրադարձել է ընդամենը մեկ դրվագի՝ ասելով, որ ինքը Ղարաբաղի հարցի փուլային կարգավորման շուրջ չի բանակցել երբեք, և, որ ինքը, նույնիսկ կարող եմ մեջբերել. «փուլայինի և փաթեթայինի տարբերության մասին մի քանի անգամ հրապարակային խոսել եմ, նաև հանգամանորեն բացատրել, որ փաթեթային տարբերակը չի կարող կյանքի կոչվել մեկ օրում կամ մեկ ժամում, այլ միանշանակ պետք է լուծվի փուլերով»:  Այսինքն՝ ըստ էության, այստեղ, կարծում եմ, այդ թեմայով բանավեճն ավարտվում է, բայց  ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մեկ փաստի վրա՝ ինչո՞ւ է միայն այդ դրվագին արձագանքել Սերժ Սարգսյանը, որովհետև այս դրվագի հենց պարզաբանմամբ՝ ֆունդամենտալ մի հարց է լուծվում.  որ 1998 թ. իշխանափոխությունը ոչ թե Ղարաբաղի որևէ կարգավիճակի համար էր, ոչ թե Ղարաբաղն ինչ-որ բանից փրկելու համար էր, այլ իշխանությունը զավթելու համար էր: Սա է պատճառը, որ նա անդրադարձել է միայն այս դրվագին:  Որովհետև միայն այս դրվագի պարզաբանումը, առանց մանրամասների, ընդգծում է, որ 20 տարվա պատմությունն ունեցել է բոլորովին ուրիշ համատեքստ, և սա այսօր շատ կարևոր է արձանագրել:

Եվ ամենևին էլ պատահական չէ, որ 2020 թվականի պատերազմից հետո Սերժ Սարգսյանը, վերադառնալով 2018 թվական, ասում է՝  ես այն ժամանակ ուզում էի մնալ վարչապետ Ղարաբաղի հարցի համար: Հասկանո՞ւմ եք՝ նրանց ամեն ինչի լեգիտիմությունը Ղարաբաղի հարցն է:

Բայց նույն ինքը մոռանում է, որ այստեղից է հայտարարել, որ ինքը մնում էր Ղարաբաղի հարցը լուծելու համար. ո՞նց էր լուծելու Ղարաբաղի հարցը, երբ 2018 թվականի ապրիլի 17-ին  այս ամբիոնից ասել է, որ բանակցությունները կանգնած են, լավատեսություն չեն ներշնչում, և Ադրբեջանի ակնկալիքները բանակցային գործընթացից անիրատեսական են և անընդունելի մեզ համար: Գնալու էր և ընդունե՞ր Ադրբեջանի անիրատեսական պահանջները»,- քաղաքական հին երանգներով խոսքն ավելի ամրացնելու նոր փորձով հայտարարեց Փաշինյանը:

Նկատենք, սակայն, որ Փաշինյանը, օրինակ մոռացավ հիշատակել, թե ինչպես էր Բաքվի բռնապետը անհուսորեն արձանագրել, օրինակ, թե  «փակ դռների հետևում մեզ ստիպում են ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը», թե ինչպես է Ալիևը «նախկին» ուժերին, որոնք, ըստ Փաշինյանի՝ անկարող էին իրավիճակ շտկել, ցայսօր համարում  ռևանշիստներ՝ վստահությամբ, որ նրանց վերադարձը ռևանշի կամ հատուցման օրակարգով է:

Դրա փոխարեն, որպեսզի առավել համոզիչ լինեն իր փաստարկները, պատերազմի անխուսափելիությունը, գործադիրի ղեկավարը կրկին մեջբերեց Սերժ Սարգսյանի նախկին ելույթից հատվածներ. «Հաջորդը՝ էլի էս նույն ամբիոնից ասել է, որ  այլևս շատ երկար ժամանակ չպետք է հույս ունենանք, որ Ադրբեջանը  չի փորձելու ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը:  Էս էլ այն հարցի պատասխանը, թե իրականում պատերազմական իրադրության հեղինակն ո՞վ է՝ մեր իշխանությունն է՞ պատերազմի հեղինակը, թե՞ մեր իշխանությունը չէ:

Իսկ երբ որ ասում եմ, որ՝ այո՛, կարելի էր պատերազմը կանխել. դա ժանր է, կոչվում է գրոտեսկ, ես ասում եմ, որ պատերազմը կարելի էր կանխել՝ այդ Սերժ Սարգսյանի հիշատակած անիրատեսական և անընդունելի պահանջները կատարելու արդյունքում:

Ուշադիր նայեք՝ իմ տեքստը ինչի մասին է»:

Արվեստում հայտնի «գրոտեսկ» տերմինը Նիկոլ Փաշինյանի սիրելիներից է. նա «գրոտեսկ»-ին անդրադառնում է իր տարբեր ելույթներում՝ Սևանի մասին քննարկումներից սկսած՝ մինչև Էդմոն Մարուքյանի պահանջին անդրադարձը: Սակայն ստիպված ենք արձանագրել, որ վարչապետը որևէ տեղում ճիշտ չի կիրառում տերմինը. «գրոտեսկը» գրականության  տեխնիկան է, որը հիմնված է չափից դուրս չափազանցության, ճշմարտանմանության սահմանների խախտման, սուր, անսպասելի հակադրությունների համադրության վրա։ Հետևաբար, եթե ամբիոնից պնդում են, թե «կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք այս նույն վիճակը, իհարկե, առանց զոհերի», այստեղ միակ «գրոտեսկ» բառով կարելի է բացառապես նկարագրել այս հայտարարությունը լսողների վիճակը:

Սա էլ դեռ ամենը չէ, փուլային ու փաթեթային տարբերակների մասին քննարկումներում գործադիրի ղեկավարը որոշեց հղում տալ ոչ թե ԱԳՆ և միջազգային բազմահատոր փաստաթղթերին, այլ, ուշադրություն, իր թիմակից, ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանի բացատրություններին.

«Երեկ Մարիա Կարապետյանը ներկայացրեց, թե ինչ էր ներկայացնում փուլային տարբերակը դեռևս 1997 թվականին: Դեռևս 1997 թ.-ին նախատեսվում էր հարցը բաժանել մասերի, սկզբից՝ Ղարաբաղի հարց, հետո՝ խաղաղության պայմանագիր, 2018 թ.-ի փաթեթով էլ է այդպես, 2016 թ. փաթեթով էլ է այդպես»,- արձանագրեց նա:

Շուշիի մասին. Նիկոլ Փաշինյանը արձանագրումներ արեց նաև Շուշիին առնչվող դրվագով՝ նկատելով, որ 1996 թ.-ից բանակցությունների սեղանի շուրջ է եղել:

«Սերժ Սարգսյանը հանձնելու է՞ր  Շուշին.  չէր հանձնելո՞ւ, պատերազմ էր սկսելու, և ո՛չ միայն Շուշին: Ղարաբաղի մի մասը հանձնելու է՞ր՝ բացի տարածքներից… խոսում են, հեքիաթներ են պատմում՝ Լաչինչ միջանցքը՝ սենց պիտի լիներ… Լաչինի միջանցքի լայնության մասին բանակցային ոչ մի փաստաթղթում ոչ մի բան չկա. դա հետո պիտի քննարկվեր: Եվ հետո այս փուլայինին մի հատ էլ փուլ է ավելացել. ԱԽ նիստում պետք է որոշվեր ԼՂ կարգավիճակը, կամ ԼՂ ընթացիկ կարգավիճակը:

Եվ պատերազմն ինչի՞ համար է տեղի ունեցել,  և  մեզ այսօր ասում են, որ իրենք Ղարաբաղը հանձնում են, կամ հանձնեցին, կամ ուզում են հանձնեն. եթե մենք Ղարաբաղը ուզենայինք հանձնեինք,  Սերժ Սարգսյանի թողած բանակցային տրամաբանությունը մինչև վերջ տանեինք, դրանով Ղարաբաղը հանձնած կլինեինք, որովհետև եթե նույնիսկ պետք է տեղի ունենար հանրաքվե, այդ հանրաքվեն պետք է տեղի ունենար կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում: Ես ախր, այս մանրամասների մասին խոսել եմ, հիմա չեմ ուզում ավելի մանրամասն խոսել, – ասաց նա՝ վստահեցնելով, որ պատերազմը Շուշիի համար է եղել,-  Ասում են՝  կանգնեցնեիք պատերազմը։ Ինչու մենք չէի՞նք մտածում պատերազմը կանգնեցնելու մասին։ Կամ՝ կանխեիք պատերազմը. մենք չէի՞նք մտածում կանխելու մասին։ Առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմ կանգնեցնել կամ կանխել»:

Բայց, արի ու տես, որ այստեղ էլ վարչապետ Փաշինյանը խոսում է մի բանի մասին, որի հերքումը տվել է իր նշանակած արտգործնախարարը՝ շեշտելով. «խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց: Ինչպես նշվել է նաև ՀՀ վարչապետի կողմից, այդ հարցը ներառված չի եղել խաղաղ գործընթացի որևէ փաստաթղթում»:

«Առանց Շուշի» պատերազմը կանգնեցնելու թեզին, ի դեպ, անդրադարձել էր նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, երբ 2020 թվականին պատմել էր, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկզբում հրաժարվել էր ընդունել հոկտեմբերի 19-20-ին հրադադարի մասին առաջարկը, երբ Ադրբեջանի բանակը գրավել էր Լեռնային Ղարաբաղի հարավում գտնվող մի փոքր հատված դեռևս:

«Ընդհանուր առմամբ ինձ հաջողվեց համոզել Ալիևին, որ կարելի է դադարեցնել ռազմական գործողությունները, բայց նրա կողմից պարտադիր պայման էր փախստականների վերադարձը, այդ թվում՝ Շուշի։ Ինձ համար անսպասելիորեն մեր հայ գործընկերների դիրքորոշումն այնպես ձևակերպվեց, որ դա նրանց համար անընդունելի է։ Եվ վարչապետ Փաշինյանն ինձ ուղղակի ասաց, որ դրանում վտանգ է տեսնում Հայաստանի և Ղարաբաղի շահերի համար։ Ինձ համար հիմա էլ այնքան էլ հասկանալի չէ, թե որն էր այդ սպառնալիքը: Ենթադրվում էր, որ խաղաղ բնակիչները կվերադառնան Շուշի, հայկական կողմը պահպանում էր վերահսկողությունը Ղարաբաղի տարածքի այդ մասի նկատմամբ, ներառյալ՝ Շուշին, և նկատի ունենալով մեր խաղաղապահների առկայությունը, իսկ մենք արդեն այդ ժամանակ պայմանավորվել էինք Հայաստանի և Ադրբեջանի հետ»,- ասել էր ՌԴ ղեկավարը։

Ինչպես ասում են՝ դատեք ինքներդ…

Հիշեցնենք՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 2021թ․ փետրվարի 15-ին «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման փաթեթային և փուլային տարբերակների առանձնահատկությունների մասին, հանգամանորեն անդրադարձել էր այդ երկու տարբերակների սկզբունքային տարբերություններին․

«Ուզում եմ մեկ անգամ ևս անդրադառնալ և շատ-շատերի համար մեկ անգամ ևս ասել, թե ինչ է նշանակում փաթեթային տարբերակ, ինչ է նշանակում փուլային տարբերակ։ Փաթեթային տարբերակն այն է, երբ բանակցող կողմերը, համաձայնության եկած կողմերը գիտեն առաջին քայլից մինչև վերջին քայլը, թե ինչ գործողություններ են տեղի ունենալու, սկսելով ինչ-որ բանից՝ վերջում ինչի ենք հասնելու։ Եվ ամենակարևոր հատկանիշներից մեկն էլ այն է, որ փաթեթային տարբերակում կողմերից որևէ մեկը, ստանալով ինչ-որ բան, չի կարող սեղանը շուռ տալ, ասել՝ ես այլևս չեմ բանակցում, որովհետև փոխզիջումները լինում են համահունչ, հավասարազոր, և հրաժարվելու պարագայում դու ունենում ես ոչ միայն ձեռք բերած, ունենում ես նաև կորցրած։

Ակնհայտ է, որ փաթեթային տարբերակը չի կարող միանգամից ամբողջովին իրականացվել, և այն իրականացվում է փուլերով։ Ամբողջ հմայքը այս փաթեթային տարբերակի այն է, որ դու մի բան ստանում ես, մի բան տալիս ես, մի բան ստանում ես, մի բան տալիս ես, կեսից էլ եթե կանգնում է, դու քո կենսական շահերն արդեն տված չես լինում։

Իսկ փուլային տարբերակն այն է, երբ դու ինչ-որ բան տալիս ես՝ ստանալով շատ ոչ հավասարազոր մի բան ու խոստում, որ ապագայում կարող է լավ լինել։ Թե այդ լավ լինելն ինչպիսին է, դա գնահատելու հարց է»։

Ի դեպ, այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը փաստաթուղթ է հրապարակել՝ կից գրելով․ «ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցող կողմերին 2016թ. օգոստոսին ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ներկայացված առաջարկությունների փաստաթղթի առաջին երեք պարբերությունն է:

Արդյո՞ք այս առաջարկությունները նման են փուլային տարբերակին:

Հարցը ուղղված է սևով սպիտակի վրա հստակ և միանշանակ գրվածը (ընդգծումները մերն են) ընթերցող և ընկալող մարդկանց, ոչ թե այս ամենին քաջատեղյակ, բայց ԼՂ բանակցային գործընթացը միտումնավոր նենգափոխող, բանակցությունները ձախողածներին:

Պատմությունը խեղաթյուրել չի հաջողվելու»:

Տեսանյութեր

Լրահոս