Փուլային ու փաթեթային տարբերակների մասին ևս մեկ անգամ մատչելի բացատրություն
Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանական ամբիոնից, ներկայացնելով կառավարության 2021թ․ գործունեության հաշվետվությունը, մոլորեցումներով և ապատեղեկատվությամբ հագեցած մի հերթական պնդում է արել ԼՂ բանակցային գործընթացի և ՀՀ նախկին նախագահների բանակցային ժառանգության մասին։ Մասնավորապես, Փաշինյանը հետևողականորեն փորձում է հավասարության նշան դնել կարգավորման փաթեթային և փուլային տարբերակների միջև՝ պնդելով, թե իբր դրանց միջև որևէ տարբերություն չկա։
Մինչդեռ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 2021թ․ փետրվարի 15-ին «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման փաթեթային և փուլային տարբերակների առանձնահատկությունների մասին, հանգամանորեն անդրադարձել է այդ երկու տարբերակների սկզբունքային տարբերություններին․
«Ուզում եմ մեկ անգամ ևս անդրադառնալ և շատ-շատերի համար մեկ անգամ ևս ասել, թե ինչ է նշանակում փաթեթային տարբերակ, ինչ է նշանակում փուլային տարբերակ։ Փաթեթային տարբերակն այն է, երբ բանակցող կողմերը, համաձայնության եկած կողմերը գիտեն առաջին քայլից մինչև վերջին քայլը, թե ինչ գործողություններ են տեղի ունենալու, սկսելով ինչ-որ բանից՝ վերջում ինչի ենք հասնելու։ Եվ ամենակարևոր հատկանիշներից մեկն էլ այն է, որ փաթեթային տարբերակում կողմերից որևէ մեկը, ստանալով ինչ-որ բան, չի կարող սեղանը շուռ տալ, ասել՝ ես այլևս չեմ բանակցում, որովհետև փոխզիջումները լինում են համահունչ, հավասարազոր, և հրաժարվելու պարագայում դու ունենում ես ոչ միայն ձեռք բերած, ունենում ես նաև կորցրած։
Ակնհայտ է, որ փաթեթային տարբերակը չի կարող միանգամից ամբողջովին իրականացվել, և այն իրականացվում է փուլերով։
Ամբողջ հմայքը այս փաթեթային տարբերակի այն է, որ դու մի բան ստանում ես, մի բան տալիս ես, մի բան ստանում ես, մի բան տալիս ես, կեսից էլ եթե կանգնում է, դու քո կենսական շահերն արդեն տված չես լինում։
Իսկ փուլային տարբերակն այն է, երբ դու ինչ-որ բան տալիս ես՝ ստանալով շատ ոչ հավասարազոր մի բան ու խոստում, որ ապագայում կարող է լավ լինել։ Թե այդ լավ լինելն ինչպիսին է, դա գնահատելու հարց է»։
Այսօր Նիկոլ Փաշինյանին ֆեյսբուքյան իր էջում հակադարձել էր ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը` ևս մեկ անգամ հիշեցնելով Սերժ Սարգսյանի խոսքը, հետևյալ գրառմամբ.
«Փուլային ու փաթեթային տարբերակների մասին ևս մեկ անգամ, մատչելի բացատրություն` հատուկ կապիտուլյանտ Նիկոլի համար: Այսօր Նիկոլի հորինած «գերփուլային տարբերակը» հենց իր` զրոյից սկսած տգետ քաղաքականության արդյունք էր»։