«1998-ի փուլային տարբերակից եկել-հասել ենք 2018-ի հիպեր-փուլային տարբերակի, կամ 2016-ի». Նիկոլ Փաշինյան
ԱԺ-ում ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի խնդրանքով Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է 2016-ի բանակցային գործընթացում տեղի ունեցածին, կամ ղարաբաղյան հակամարտության կարգավորման «Լավրովի պլանին», որի ողջ ողբերգությունը մեզ համար շատերը, ըստ պատգամավորի, լավ չեն հասկանում, մասնավորապես այն, որ այդտեղ կար հստակ շրջադարձ:
«Եթե շրջադարձը շատ պատկերավոր ներկայացնենք. 1998-ի լեյտմոտիվը ի՞նչ էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կարծում էր, որ հարցը պիտի լուծվի փուլային տարբերակով, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Արցախի այն ժամանակվա իշխանություններն ասում էին՝ ոչ, չենք ընդունում դա, հարցը պետք է լուծվի փաթեթային տարբերակով: Եվ սա դարձավ լեյտկմոտիվը, էն բանակցային թուղթը, որը որպես վարչապետ՝ իմ սեղանին դրված է եղել, վերնագիրը եղել է հետևյալը՝ ”О первом этапе и дальнейших шагах нагорно-карабахского урегулирования”: Շրջանը պատկերացրեցի՞ք:
Այսինքն, էն մարդը, որը ասել է՝ փուլային լուծումը համարյա դավաճանություն է, էն ժամանակ՝ պարտվողականություն, 2018-ին բանակցային սեղանի վրա թողել է մի թուղթ, որի վերնագիրը դա է՝ ”О первом этапе и дальнейших шагах нагорно-карабахского урегулирования”: Այսինքն, փուլային լուծման դեմ իշխանափոխություն անող մարդը եկել և հանգել է նորից փուլային լուծման: Բայց էդ փուլային լուծման մեջ էնքան տրոհումներ կան, էնքան տրոհումներ կան… իմիջիայլոց, միշտ հաշվի առեք՝ Ադրբեջանն էս ամեն ինչին համաձա՞յն է, թե՞ ոչ: Որովհետև ասում էին՝ Ղարաբաղի հարցը մենք սենց կլուծեինք, նենց կլուծեինք, ժողովուրդ ջան, լուծեիք: Լուծեիք: Մոռանում են, որ չստորագրված թղթերի և առկա գաղափարները ներկայացնում են՝ որպես հաղթանակ: Համանախագահների դերակատարումը որն է, իրենք վերցնում են, թե կողմերն ինչ գաղափարներ ունեն, փորձում են դրանք հղկել և դնել թղթի մեջ: Բոլորս էլ բոլոր գաղափարներն էլ կարող ենք ունենալ: Բայց Ղարաբաղի հարցի ամբողջությունը 2018-ի դրությամբ էնքան է կտրտված եղել մանրամասների, ինքը փուլային տարբերակ չէր, հիպեր-փուլային տարբերակ էր: Այսինքն, 1998-ի փուլային տարբերակից եկել-հասել ենք 2018-ի հիպեր-փուլային տարբերակի, կամ 2016-ի, որովհետև վերջին փաթեթը 2016-ի օգոստոսին է եղել»,- պարզաբանել է Փաշինյանը՝ հավելելով, որ 2018-ին չեն համարձակվել բանակցել փուլային տարբերակով:
Այնուհետ Նիկոլ Փաշինյանը տվել է 2016-ի իրադարձությունների կարճ նկարագիրը:
«Համանախագահները ներկայացնում են բանակցային փաթեթ հունվարին, որի իմաստն այն է, որ Լեռնային Ղարաբաղը միջանկյալ կարգավիճակ չի ունենալու: Դա է, հայկական կողմը, բնականաբար, մերժում է, որից 2 ամիս հետո տեղի է ունենում Ապրիլյան պատերազմը: Սրանից հետո հուլիսին ներկայացվում է 2-րդ փաթեթը, որտեղ դարձյալ արձանագրվում է, որ Լեռնային Ղարաբաղը միջանկյալ կարգավիճակ չի ունենալու: Օգոստոսին ներկայացվում է 3-րդ փաթեթը, որտեղ բանակցային էդ թղթերին ավելանում է նոր կոմպոնենտ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծ: 2017-ին Լևոն Տեր-Պետրոսյանը Հ1-ին տված հարցազրույցում ասում է՝ Ղարաբաղի կարգավիճակը որոշելու է միջազգային հանրությունը: Հենց սա նկատի ուներ Լևոն Տեր-Պետրոսյանը, մեծ հավանականությամբ:
Այսինքն, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, ըստ էության, 2016-ի դրությամբ դուրս է եկել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով տեղի ունեցող բանակցությունների տիրույթից: Հարցը դուրս է եկել, չկա էդ հարցը, այլևս միջազգային հանրությունը պետք է լուծի: Բայց միջազգային հանրությունն էլ պետք է լուծի մի քանի անառարկելի սկզբունքների շրջանակում, որ Ղարաբաղում 1988-ի դրությամբ եղել են նաև ադրբեջանցիներ (նաև-ը Փաշինյանն ավելացրեց դահլիճից հուշումից հետո), որոնք հեռացել են: Միջազգային հանրության ընկալմամբ հնարավոր չի, որ էդ հարցը հասցեագրել առանց Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիների իրավունքների պաշտպանության: Եվ, ըստ էության, բանակցային փաթեթում էդ ամեն ինչը կա: Մադրիդյան սկզբունքներում էլ կա:
Եվ այստեղ կարգավիճակի հետ կապված իրադրությունը հենց էդպիսին է եղել: Դա է ամբողջ ճշմարտությունը: Բայց ինչ էլ որ մենք ասում ենք, էդտեղ չի եղել տարբերակ, նույնիսկ՝ մեզ համար անընդունելի, որ Ադրբեջանն ասի՝ հա, ինձ համար ընդունելի է: Սերժ Սարգսյանը էս ամբիոնից է ասել, իրանք իրանց հայտարարություններին թող հետևողական լինեն: Ասում է՝ ոնց եղավ, որ 2019-ին թակարդն ընկաք, թակարդն ընկնելն էլ ինչն է՝ հայտնվում է բանակցային մի փաթեթ, որտեղ ակնկալվում է ոչ թե փուլային տարբերակով տարածքների հանձնում, այսինքն՝ էլի փուլային տարբերակ է, բայց ՀՀ-ից ակնկալվում է, որ 7 շրջանն արդեն հանձնվի Ադրբեջանին: Սերժ Սարգսյանն ասում է՝ ոնց եղավ, որ թակարդն ընկաք: Մենք թակարդի մեջ չենք եղել: Էդ թղթում արձանագրվել է այն, ինչի մասին Սերժ Սարգսյանն անոնս է արել էս ամբիոնից: Դա իր վերջին բանակցությունների արդյունք է եղել, որովհետև 2019-ի դրությամբ մենք բանակցություն էլ սկսած չենք եղել: 2019-ի դրությամբ, երբ էդ բանակցությունը, փաստաթուղթը մեր սեղանին դրվել է, մենք էդ պահին դեռ բովանդակային բանակցություների մասին չենք խոսել ընդհանրապես: Սա է ամբողջ ճշմարտությունը: Ասում են՝ կարո՞ղ էինք կանխել պատերազմը: Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում մենք կունենայինք էս նույն վիճակը, իհարկե, առանց զոհերի: Էս նույն վիճակը՝ բոլոր նրբություններով: Բաներ կան, որ չեմ կարող ասել, որովհետև կվնասեմ ապագա բանակցությունները:
Բայց, այո, Մեղրիի տարբերակը, 2016 թիվը: 1998-ին նրանք իշխանափոխություն արեցին և ասեցին՝ փուլային տարբերակով չի կարելի հարց լուծել և այլն… 2018-ին Սերժ Սարգսյանը ժառանգություն է թողել մի փաստաթուղթ, որի վերնագիրն է՝ ”О первом этапе и дальнейших шагах нагорно-карабахского урегулирования”: Սրանով ամեն ինչ ասվում է, դետալների մեջ պետք չի խորանալ, որովհետև այն մարդիկ, որոնք ամբողջ ծավալով չգիտեն, կխճճվեն: Վերնագիրը լրիվ ամբողջ պատկերը տալիս է»,- մանրամասնել է Փաշինյանը: