«Չեմ կարծում, որ սա ռուս խաղաղապահների որոշումն էր, բացառվում է․ սա միանշանակ Նիկոլ Փաշինյանի և իր խմբի արածն էր». Մետաքսե Հակոբյան
Ապրիլի 13-ին ԱԺ երկու՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները բոյկոտեցին քառօրյա նիստը և հայտարարեցին, որ մեկնում են Արցախ: Սակայն ընդդիմադիր պատգամավորներն այդպես էլ չկարողացան հասնել Արցախ, քանի որ ռուսական առաջին անցակետից նրանց արգելվեց անցնել: Պատճառաբանվեց, որ նրանց չեն թույլատրում մտնել Արցախ՝ հաշվի առնելով նրանց անվտանգությունը:
168.am–ը Արցախում այս և մի շարք հարցերի շուրջ զրուցել է Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ:
– Տիկին Հակոբյան, ապրիլի 13–ին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներին թույլ չտվեցին մուտք գործել Արցախ՝ պարզաբանելով, որ նրանց անվտանգությունից ելնելով թույլ չեն տալիս: Իրականում այստեղ խնդիրը նրանց անվտանգությո՞ւնն էր, թե՞ այստեղ այլ բան եք տեսնում: Հիշեցնեմ, որ երկու խմբակցությունների պատգամավորները նախապես հայտարարել էին, որ բոյկոտում են ԱԺ քառօրյան և մեկնում են Արցախ:
– Ձեր տված հարցի մեջ արդեն պատասխանը կար՝ ամեն ինչ սկսվեց բոյկոտելու պրոցեսից և ՔՊ-ականների հայտարարություններից: Երբ ամեն անգամ Արցախ չգալու մասին հարց են տալիս Ալեն Սիմոնյանին և ՔՊ-ականներին, իրենք դա միշտ շատ ագրեսիվ են ընկալում և պատասխանում:
Իրենք այս անգամ հայտարարում են, թե հանուն մեզ չեն գալիս Արցախ, որովհետև եթե իրենք գան, մենք այստեղ «կզոհվենք»: Այնուհետև հնչում է մեկ այլ իշխանական պատգամավորի հայտարարություն, որտեղ ասում են, թե փաստորեն վտանգում են Հայաստանին ու Արցախին, և նաև այսօր մենք այստեղից իբր վտանգում ենք Հայաստանին: Այստեղից ուղղակի կարելի է մի եզրակացություն անել, որ իրենք հիմա նոր ծրագիր ունեն և նոր ծրագիր են իրականացնում, այսինքն՝ հին ծրագրի շարունակությունն է՝ առհասարակ կտրել Արցախը Հայաստանից:
Նոյեմբերի 9-ից հետո հիմնականում ընդդիմադիր պատգամավորները բազմիցս այցելել են Արցախ, բացառությամբ մեկ-երկու դեպքի, երբ ՔՊ-ական պատգամավորներից եկել են, և դա չի լուսաբանվել: Սակայն ընդդիմադիր պատգամավորները մշտապես եկել են, վերջերս կրկին եկել էին Խրամորթ:
Նրանց գալով՝ որևէ մեկը չզոհվեց, որևէ պատահար տեղի չունեցավ: Դրան ի պատասխան՝ ուղղակի պետք է ասել, որ յուրաքանչյուր սադրանք Արցախում լինում է այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը կամ իշխանություններից որևէ մեկը խոսում է Արցախի մասին կամ պատրաստվում է ինչ-որ բանակցությունների, հենց այդ ժամանակ էլ լինում են սադրանքներ, խնդիրներ: Որևէ անգամ չի եղել, որ մեր գործընկերներն այցելեն Արցախ, և դրանից որևէ խնդիր առաջանա: Չեմ կարծում, թե սա ռուս խաղաղապահների որոշումն էր, դա բացառվում է: Նույն կերպ ամեն անգամ մենք ենք անցնում ու դառնում, և եթե կա վտանգ, ուրեմն՝ բոլորս ենք վտանգված: Սա միանշանակ Նիկոլ Փաշինյանի և իր խմբի արածն էր, որպեսզի երկու բան ցույց տային, որ իրավիճակի տերն իրենք են, այսինքն՝ իրենք կուզեն՝ մնացածը կգան Արցախ, չեն ուզի՝ չեն գա: Երկրորդը՝ լավ առիթ էր ցույց տալու Ադրբեջանին, թե՝ տեսեք, ի վերջո, Արցախը Հայաստանից կտրվում է:
– Ձեր կարծիքով՝ այս ամենը շարունակական բնույթ կկրի՞։ Այսինքն՝ ամեն անգամ ընդդիմադիր պատգամավորների մուտքը կարգելե՞ն, թե՞ պարզապես այս ամենով փորձեց ցույց տա, որ հաջորդ անգամ չփորձեն գնալ Արցախ:
– Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը կայուն է իր պահվածքի մեջ, այսինքն՝ եթե հաջորդ անգամ կարողանալու է օգտագործել իր այդ հնարավորությունը, ինքն անպայման կօգտագործի, որպեսզի նաև արդարացնի իրենց Արցախ չգալը: Ինքը մեր ներքին լսարանին փորձելու է ցույց տալ, թե կապ չունի՝ ընդդիմադի՞ր է, թե՞ իշխանական, ռուս խաղաղապահները թույլ չեն տալիս մտնել Արցախ, դա մենք չենք անում: Բայց հուսամ՝ կարգավորումներ կտրվեն, վստահ եմ, որ կարգավորումների տարբերակներ կան, և ի պատասխան իրենց՝ կարգավորումները հնարավոր է անել Արցախից: Արցախի իշխանությունները պետք է անեն այդ կարգավորումները, այսինքն՝ համաձայնեցնեն ռուս խաղաղապահների հետ և ապահովեն անվտանգությունը և թույլ չտան, որպեսզի որևէ կերպ այդ կապը կտրվի:
– Փաստացի թույլ չեն տալիս, որպեսզի Հայաստանի ընդդիմադիր պատգամավորներն ու Արցախի պատգամավորները հանդիպեն, միասին քննարկեն իրավիճակից դուրս գալու ելքեր: Հետևաբար՝ իրավիճակից դուրս գալու ելքերն ինչպե՞ս եք պատկերացնում, եթե չկա համախմբում, այսինքն՝ թույլ չեն տալիս, որպեսզի համախմբվեք:
– Միշտ հանդիպելու հնարավորություն կա, բայց մենք հանդիպել ենք Հայաստանում, եթե պետք էր տեսնել կամ որևէ քննարկում անել ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունների հետ: Սակայն միշտ եղել է այստեղի և Հայաստանի ԱԺ ընդդիմությունը: Այս անգամ կարծես այլ բան էր լինելու, քանի որ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները գալու էին Արցախ և հանդիպեին ոչ միայն ընդդիմադիր պատգամավորների հետ, այլ բոլորի հետ, և լինելու էր համատեղ քննարկում: Բնականաբար, այդ համատեղ քննարկման արդյունքում, ի վերջո, ծնվելու էր այն եզակի տարբերակը, թե ինչ ճանապարհով գնալ: Ամեն դեպքում կա արդեն ճանապարհային քարտեզը՝ ինչպես գնալ դեպի Արցախի փրկություն, և դա մեկ ճանապարհ չէ, կան մի քանի տարբերակներ: Աստեղ հաստատ ելքը գտնվելու էր: Սա բացառիկ էր լինելու այն առումով, որ Արցախի իշխանությունը, իշխանական պատգամավորներն իրենց դիրքորոշումն ի վերջո ցույց կտային: Այն հայտարարությունը, որն, օրինակ, Արցախի անվտանգության խորհրդի նիստի ժամանակ արեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, արդյո՞ք պատրաստվում են դա դարձնել իրականություն, թե՞ դա ևս մեկ անգամ՝ որպես հայտարարություն, կմնա օդում կախված: Այսինքն՝ կան «կարմիր գծեր», և դա Արցախի ինքնորոշման իրավունքն է, ինչը «կարմիր գիծ» է բոլորի համար՝ և՛ ընդդիմության, և՛ իշխանության:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում