2021 թվականին ունենցել ենք նախատեսվածից շատ մեծ գնաճ. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ներկայացնում է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքը և արդյունքները:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին՝ ասելով. «Դուք նշեցիք, որ Ղարաբաղյան հարցն օգտագործվել է իշխանության գալու, իշխանությունը պահելու համար, ու նաև ավելացնեմ, որ մենք երկար տարիներ զրկանքներ ենք կրել՝ Արցախյան հիմնախնդիրը պատճառաբանելով՝ նաև տարբեր սոցիալական, կրթական ոլորտներում բարեփոխումներ չեն իրականացվել: Մեր քաղաքական ուժը շատ կարճ ժամանակահատվածում գործով ապացուցեց, որ երբ կան առաջնահերթություններ՝ կարելի է ռեսուրսներ ուղղել միաժամանակ և՛ բանակին, և՛ սոցիալական ոլորտի խնդիրների լուծմանը: Զեկույցում այս ոլորտին չանդրադարձաք, բայց կխնդրեմ 2021թ. մասով անդրադարձ կատարել, եթե ունեք ավելացնելու բան»:
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Իրականում 2021թ. սոցիալական ամենամեծ ծրագրերն Արցախում ենք իրականացրել: Նաև ՀՀ-ում ենք մի շարք կարևոր ծրագրեր իրականացրել: 2021թ. սոցիալական առումով մենք շատ մեծ խնդիր ենք ունեցել, որովհետև ունեցել ենք նախատեսվածից շատ մեծ գնաճ: Բայց նաև պետք է ընդգծենք, որ գլոբալ գնաճի ազդեցությունն է եղել Հայաստանի Հանրապետության վրա, և մենք շատ թե քիչ կառավարելի՝ կարողացել ենք պահել գնաճը:
Սոցիալական ոլորտում նաև ծրագրեր ենք իրականացրել, որոնք արդեն գործարկվում են 2022 թվականից: Կուզենայի հիշատակել 3-րդ և հաջորդ երեխայի ամենամսյա նպաստը, որն արդեն մարդիկ սկսել են ստանալ, և ես հույս ունեմ, որ շահառուների քանակը հնարավորինս կընդլայնվի: Եթե հիշում եք՝ 2018 թվականից գաղափարը հետևյալն է. աղքատությունը հնարավոր է հաղթահարել աշխատանքով: Չկա տենց բանաձև, որ պետությունը քեզ այնքան օգնի, որ դու աղքատությունը հաղթահարես: Մենք աշխատատեղերի բացարձակ ռեկորդներ ունենք: Իհարկե, խոսքը գրանցված աշխատատեղերի մասին է:
Ցավոք, մենք մեթոդաբանություն չունենք և չենք կարողանում զատել՝ ի վերջո, ո՞րն էր ստվերից դուրս եկած աշխատատեղը և ո՞րը՝ նոր ստեղծված աշխատատեղը: Բայց ամեն դեպքում մեզ համար սոցիալական իրավիճակի ինդիկատորը դա պետք է լինի: Պետք է աշխատատեղերը և աշխատավարձերը լինեն, որովհետև ես այլ մոտեցում չեմ պատկերացնում:
Մյուս կողմից՝ մենք նաև սոցիալական աջակցությունից օգտվողների ցանկերն ենք ճշգրտում. բավականին տպավորիչ թվով այդ ցանկերը կրճատել ենք, սա էլ է շատ կարևոր: 2018թ. հետո ես անընդհատ բարձրացրել եմ այդ հարցը, որ մարդիկ կան՝ պետք է չստանան սոցիալական աջակցություն, բայց ստանում են: Մեր խնդիրն է՝ օգնենք, որ մարդիկ աշխատանք գտնեն և աշխատանքով ապրեն: ՀՀ-ում, փառք Աստծո, աշխատատեղեր կան: Այսօր շինարարության ոլորտում աշխատողի դեֆիցիտ ունենք, և այլն: Չեմ ասի, որ աշխատավարձերը եսիմինչ բարձր են, բայց ցանկացած աշխատանք ցանկացած ոչ աշխատանքից ավելի լավ է: Միևնույն ժամանակ, իհարկե, պետք է նաև աշխատողների շահերը պաշտպանենք, խթանենք աշխատավարձի բարձրացումը»: