Բաժիններ՝

Նվիրումը` անմահություն… Միքայել Արզումանյան

Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ հանուն սուրբ հողի պաշտպանության ոտքի ելան բազմաթիվ հայորդիներ: Նրանցից էր Միքայել Արզումանյանը:

Միքայել Վահրամի Արզումանյանը ծնվել է 1996 թվականի հունիսի 1-ին, ԱՀ Ճարտար քաղաքում: Դպրոցն ավարտելուն պես ընդունվել է Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի Իրավագիտության բաժինը: 2014 թվականին անցել է պարտադիր զինվորական ծառայության Ջրականի զորամասում: Միքայելը դեռ փոքր էր, երբ ընտանիքը տեղափոխվեց Մարտունի, որտեղ հաճախել է Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 1 ավագ դպրոցը: 2020 թվականի պատերազմի հենց առաջին օրից անդամագրվել է Մարտունու 3-րդ պաշտպանական շրջանի հրետանային գումարտակին:

«Միքայելը մեր հպարտությունն ու ուրախությունն էր: Հաց արարող պապիկի անունն էր կրում նա: Եվ իր կյանքը զոհաբերեց սուրբ հողի համար՝ մեզ թողնելով վշտի ու տառապանքի մեջ»,-«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Միքայելի տատը՝ Լիանա Գրիգորյանը:

Հերոսի առաջին ուսուցչուհի Սվետլանա Հովհաննիսյանի խոսքով՝ Միքայելը համեստ էր, դասընկերների հանդեպ ուշադիր, իսկ նրա աշխատասիրությունն անմիջապես աչքի էր զարնվում:

Մարտունու 3-րդ պաշտպանական շրջանի դիվիզիոնի հրամանատար ԲՀՄ գծով տեղակալ Գրիգորի Ասրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Միքայելը պատրաստակամ, ազնիվ, ընկերասեր մարտիկ էր:

«Պատերազմի առաջին օրվանից կամավորագրվեց ու միացավ մեր ստորաբաժանմանը: Իր առջև դրված յուրաքանչյուր մարտական խնդիր կատարում էր բարեխղճորեն, ժամանակին ու որակյալ: Նա ոգևորում էր իր ընկերներին հաղթանակ տոնելու հույսով»,-պատմել է Գ Ասրյանը:

Հոկտեմբերի 31-ին թշնամին Մարտունի քաղաքի մատույցներում՝ Կաքավաձոր կոչվող տեղանքում, թիրախավորում է հրետանավորների գտնվելու վայրը, և անօդաչու թռչող սարքի հասցրած օդային հարվածից զոհվում են Միքայելն ու իր վեց ընկերները:

Մարտական ընկերների հիշատակին նրանց զոհվելու վայրում հուշաքար է կանգնեցվել , որն արդեն սրբատեղի է բոլորի համար:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս