«Իրենք չեն պատկերացնում, որ գյուղացիները ոտքի կանգնեցին, իրենց վիճակն ի՞նչ կլինի, ո՞ւմ ձեռքից են ուզում հող վերցնել». Շիրակցի ֆերմեր
Պարարտանյութի սուբսիդավորման վերաբերյալ Կառավարության կայացրած որոշման բացերի մասին, արդեն տևական ժամանակ է, բողոքում են շիրակցի ֆերմերները, սակայն նրանց որևէ մեկն այս ընթացքում չի արձագանքել։
Ըստ նրանց՝ կառավարության հաստատած ծրագրով Շիրակի մարզին պետք է հատկացվի 5000 տոննա ազոտական, 50 տոննա ֆոսֆորական, 50 տոննա կալիումական պարարտանյութ, այսինքն՝ մարզին հատկացվող պարարտանյութն ամբողջությամբ սուբսիդավորված է, և պետբյուջեից դուրս է գրվել 4.9 մլրդ դրամ գումար: Սակայն ֆերմերների համար անհասկանալի պատճառով պարարտանյութի տրամադրումը սահմանափակել են՝ մինչև 3 հեկտար հողատարածք ունեցողների համար։ Նրանք հարց են բարձրացնում, «ի՞նչ նպատակով են այդ սահմանափակումները, ինչ-որ մարդկանց գրպա՞նն են ուզում լցնել»։
Հիշեցնենք, որ այս որոշումը կառավարությունն ընդունել էր մարտի 3-ին, ըստ որի՝ մեկ շահառուի հաշվով պարարտանյութ կտրամադրվի առավելագույնը 3 հեկտար հողատարածքում մշակություն իրականացնելու համար։ Ծրագիրն իրականացվելու է մատակարարների կողմից շահառուներին վաճառվող պարարտանյութի վաճառքի գնի 50 տոկոսի չափով սուբսիդավորմամբ կամ փոխհատուցմամբ, բայց ոչ ավելի, քան 50 կգ քաշով 1 պարկ պարարտանյութի հաշվով 9000 դրամը։ Շահառուները ծրագրի շրջանակում կարող են պարարտանյութ ձեռք բերել այն մատակարարներից, որոնք ընդգրկված են նախարարության պատրաստած և ապա հրապարակած ցանկում։ Վաճառված պարարտանյութի որակի համար պատասխանատվություն կրելու է մատակարարը։
Սույն նախագծի համար բյուջեում ծախսը 2022 թվականի համար կկազմի շուրջ 4.9 մլրդ դրամ, որի հաշվարկման համար հիմք է հանդիսացել մարզպետարաններից ներկայացված պահանջարկը, որը կազմել է 27324տ (ազոտական՝ 25611տ, ֆոսֆորական՝ 933տ, կալիումական՝ 780տ)։
168.am–ի հետ զրույցում շիրակցի ֆերմեր Գևորգ Ավագյանն ասաց, որ այս խնդրի մասին տևական ժամանակ է՝ բարձրաձայնել է Շիրակի մարզպետարանում, Էկոնոմիկայի նախարարությունում, ԱԺ-ում, սակայն որևէ տեղից արձագանք չի եղել։
«Հանդիպումներ ենք ունեցել բազմաթիվ մարդկանց հետ, Կառավարության անդամների հետ, մարդիկ ասում էին, որ խնդիր չի լինի, Կառավարությունն ամեն ինչ անում է, որ լուծում գտնի ու գյուղացիական տնտեսություններին օգնի։ Նույն այդ կառավարությունը, մինչ սուբսիդավորումը, մեզ գրություն էր ուղարկել, որ առանց սահմանափակման՝ բոլոր գյուղացիական տնտեսություններին 9500 դրամով պարարտանյութ պետք է հասներ, խոսքն ազոտական պարարտանյութի մասին էր։ Սակայն մինչև օրս Շիրակի մարզում իրենց ուռճացրած թվերով 300 տոննա ազոտական պարարտանյութ չի գնվել։ Սակայն Շիրակի մարզը 5 հազար տոննայի պահանջարկ ունի։ Այս պահին 34 տոկոսանոց ազոտական պարարտանյութ Շիրակի մարզում չկար։ Գյուղացիներն ուզում են գնել, մարզպետարանն ու Էկոնոմիկայի նախարարությունը ասում է՝ խնդիր չկա։ Բայց իրենք լկտի սուտ են ասում, եկեք այստեղ ձեր ներկայությամբ զանգահարենք ցանկացած մատակարարի ու հարցնենք, թե Շիրակի մարզում եմ ու ազոտական պարարտանյութ եմ ուզում գնել 34 տոկոսանոց։ Կտեսնենք, պարարտանյութ կա՞, որ մարդն ուզենա գնել։ Այս պահին պարարտանյութն անհրաժեշտ է, գյուղացին վարուցանքը սկսել է, պարարտանյութ է պետք, որ կարտոֆիլը դնենք հողի մեջ, պարարտանյութ է պետք, որ տանք գարնանացան ցորենին։ Այս պահին պարարտանյութ չկա»,- ասաց Գևորգ Ավագյանը։
Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ կառավարությունը ստում է՝ այս պահին պարարտանյութ չկա։
«Ասել եմ ու կասեմ՝ սրանք «մուտիլովշիկ» են»,- հավելեց մեր զրուցակից ֆերմերը։
Հարցին՝ օրերս ԱԺ տարածքային կառավարման հանձնաժողովն արտագնա նիստ էր անցկացրել Գյումրիում, որտեղ քննարկվել էին նաև պարարտանյութի հետ կապված խնդիրներ, իրենց հարցն այդ նիստում բարձրաձայնե՞լ են, Գևորգ Ավագյանը պատասխանեց, որ իրենք տեղյակ չեն եղել, որ նման նիստ կա, քանի որ իրենց չէին հրավիրել։
«Իրենք հրավիրել էին ՔՊ-ի հետ սերտ առնչություն ունեցող մարդկանց։ Մենք հրավեր չենք ստացել, մենք էինք պահանջել, որ իրենց կանչեին Գյումրի։ Եթե մեզ հրավիրեին, ապա իրենց այդ լկտի սուտը, կեղծիքը պետք է իրենց ճակատին ասեինք։ Էկոնոմիկայի փոխնախարարին ԱԺ-ում անձամբ ասել ենք, որ իրենց ստում են։ Այս նիստին հրավիրել էին մարդկանց, որոնք իրենց համակրում էին, ՔՊ-ին ձայն էին բերել, կամ մարդիկ էին, որոնց պաշտոն են տվել։ Հավաքվել քննարկում են, թե ինչպես անեն, որ գյուղացու ձեռքից հողը վերցնեն ու տան ֆերմերներին, ինչն անընդունելի է։ Իրենք չեն պատկերացնում, որ գյուղացիները ոտքի կանգնեցին, իրենց վիճակն ինչ կլինի, ում ձեռքից են ուզում հող վերցնել։ ՔՊ-ն կառավարության հետ ուզում են հողը վերցնեն տան մի քանի հոգու, բայց դա իրենց մոտ չի ստացվի, բոլոր գյուղացիական տնտեսություննեը ոտքի կկանգնեն, տեսնենք՝ այդ 4-5 ֆերմերներն ի՞նչ կարող են անել»,- եզրափակեց շիրակցի ֆերմերը։