Ադամը դրախտից վտարվեց, որովհետև սեփական մեղքը փորձեց ուրիշի վրա բարդել, սրանք արդեն Աստծուց վտարված են. Տեր Ահարոն
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանը յուրահատուկ բնորոշում տվեց Հայաստանում ստեղծված իրավիճակին, ըստ նրա՝ այս ամենն իրեն հիշեցնում է օձի ու գորտի առակը։
Քահանայի հիշատակած առակը հետևյալն էր. Ջրոլորտում ընտրություններ են լինում, թեկնածուներից էր ջրային օձը: Գորտերը նրան են ընտրում: Գորտերի միջոցով դառնալով ղեկավար`անմիջապես սկսում է նրանց ուտել։ Գորտերը հավաքվում են ու բողոքում, թե ինչու է ջրային օձն իրենց ուտում, օձն էլ պատասխանում է, որ ուտում է, քանի որ իրեն են ընտրել։ Գորտերից մեկը բողոքում է այն իրավունքով, որ ինքն օձին չի ընտրել: Օձը սպառնում է, թե միևնույն է, նրան էլ է ուտելու, որովհետև իրեն չի ընտրել։
«Հիմա մարդն այդ գորտային վիճակից պետք է դուրս գա, մարդկային կերպարանք հագնի, ապաշխարի իր գործած մեղքերի համար, և Աստված կվերականգնի ամեն ինչ, եթե ոչ, ապա մենք նոր արհավիրքներ ենք ունենալու։
Եթե ազգը չապաշխարեց, Աստված թույլ է տալու, որպեսզի մի քանի ռումբ ընկնի Երևան, որպեսզի մարդիկ սթափվեն։ Եթե չսթափվեն, անպայման այդ օրը գալու է, Աստված թույլ է տալու դա։ Այսինքն՝ կա՛մ պետք է ապաշխարեն ու իրենց սխալն ուղղեն, կա՛մ թող պատրաստ լինեն ու իրենց համար թաքստոցներ սարքեն, որովհետև առանց դրա չի լինելու»,- 168.am-ի հետ զրույցում նշեց տեր Ահարոն քահանա Մելքումյանը։
Իսկ որո՞նք են ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերը: Մարդիկ ասում են, թե մեղք չեն գործել, հետևաբար՝ ինչո՞ւ պետք է ապաշխարեն, քահանան այս հարցին էլ առակով պատասխանեց
«Ասում են՝ մի սատանայապաշտ խոսում է սատանայի հետ: Այդ ընթացքում դեպի իրենց է գալիս մի մարդ, որը ճանապարհի մի հատվածում կանգնում է, կռանում, գետնից ինչ-որ բան է վերցնում:
Սատանայապաշտը սատանային հարցնում է. «Էն ի՞նչ վերցրեց»: Սատանան ասում է. «Ճշմարտության մի մասը»: Սատանայապաշտն ասում է. «Չե՞ս վախենում»: Սատանան ասում է. «Չէ, ինքը դրանից նոր աղանդ կստեղծի»:
Փոքր շեղումը երկար ճանապարհին ուրիշ տեղ է տանում:
Ապաշխարհել նշանակում է՝ ցավ ապրել գործած մեղքերի, սխալների համար և աղոթքով ու տքնաջան, անկեղծ ձգտումներով ազատվել այդ մեղքերից: Մեր պապերն ասել են. «Աղոթիր Աստծուն, բայց բահը ձեռիցդ չգցես»:
Մեղքը արյունով են մաքրում: Եթե քրիստոնյա մարդը, ում համար Քրիստոսն իր Կյանքն ու Արյունը տվեց, ապաշխարելուց հետո գնում է խոստովանում և, Տիրոջ Մարմինն ու Արյունը ճաշակելով, մաքրվում, ապա ազգերի պարագայում, ազգերի մեղքերը ազգերի արյունով է քավվում:
Հիմա մեր ազգին պետք է շատ շուտ ուղղել իր սխալը, որպեսզի խուսափի նոր պատուհասներից»,- նշեց քահանան:
Տարբեր հայտարություններ են հնչում, շուրջ չորս տարի, թե՝ նախկիններն են մեղավոր, իսկապե՞ս նախկինների մեղքը կա, Տեր հայրը պատասխանեց.
«Ասում եք` նախկիննե՞րն են մեղավոր, թե՞ սրանք: Ասեմ:
Արդեն չորս տարի է անցել, ինչ լինում է` ասում են` նախկիններն են մեղավոր: Ադամը դրախտից վտարվեց, որովհետև իր սեփական մեղքը փորձեց ուրիշի վրա բարդել, սրանք արդեն Աստծուց վտարված են: Մյուս կողմից, մենք տեսնում ենք` այսպես կոչված, նախկիններն էլ իրենց մեղքն են ուզում բարդել սրանց վրա: Արդարության աչքերին նայելով` ասենք, որ եթե սա չորս տարի շարունակ ասում է` նախկիններն են մեղավոր, ճիշտ է ասում:
Ասեմ ավելին, սա ինչ ասում է, խաբում է, բացի այդ մի խոսքից: Պարզ տեքստով ասում է, որ եթե նախկինները պիղծ չլինեին, իր պես սրբապիղծը չէր գա իշխանության:
Այսպես կոչված, նախկիններն էլ ասում են` մենք սահման ենք պահել, դու հանձնել ես, դու կապիտուլյանտ ես: Բայց սրանք էլ նման են 10 լիտր կաթ տվող կովի, որ 10 լիտր կաթ է տալիս, հետո ոտքով հարվածում է դույլին, կաթը թափում, դուրս գալիս նախրի մեջ՝ գլուխ գովում, թե 10 լիտր կաթ է տալիս: Ես մի բան եմ տեսնում. սրանք երկուսն էլ նույն դևի տարբեր գլուխներն են:
Դուք ասում եք՝ թուրքերի հետ բարեկամություն, ես ասում եմ` այս, այսպես կոչված, բարեկամությունը Հայոց գլխին նոր ցեղասպանություն ծրագրելու փորձ է, որ տապալվելու է, ինչքան էլ ներսի և դրսի թուրքերը և հայի թշնամիները ջանան, իրենց ծրագրած ցանքսի պտուղներն իրենք էլ ճաշակելու են առավել դառնությամբ:
Մի դասագրքային առակ ասեմ. «Ասում են` գայլերը նամակ են գրում ոչխարներին, որտեղ ասվում է, որ ապագայի իրենց դարավոր բարեկամությանը խանգարում են հովվաշներն ու հովիվները, ոչխարները նրանց պետք է դուրս վռնդեն իրենց միջից, և այնժամ սկիզբ կդրվի իրենց դարավոր ու հազարամյա բարեկամությանը»:
Ոչխարները, ստանալով նամակը, մեծ ցնծությամբ ու ուրախությամբ են ընդունում: Հովիվներին ու հովվաշներին հեռացնում են իրենց միջից և պատասխան նամակ գրում գայլերին. «Մենք ազատվեցինք հովիվներից ու հովվաշներից, և այժմ ժամանակն է, որպեսզի մենք դնենք մեր հազարամյա բարեկամության սկիզբը»:
Գայլերը նամակը ստանալուն պես գալիս են ու ոչխարներին հոշոտում: Մեկնաբանությունը թողնենք ընթերցողին:
Շատ նման է, չէ՞, մեր օրերին:
Մեր պապերն ասել են. «Թուրքը կարմիր խնձոր էլ լինի, գրպանդ չդնես»: Թուրքի հետ բարեկամություն զառանցողները հայի ու Հայրենիքի թշնամիներ են, որոնք կամ հայ չեն, կամ էլ թշնամու բանակն անցած դավաճաններ են:
Այստեղ տեղին է հիշել Գարեգին Առաջինի խոսքերը. «Այն թշնամին, որ մեր մէջէն կգործէ, այն թշնամին, որ մեզ մեր քրիստոնէական հաւատքին մէջ կը տկարացնէ, այդ թշնամի՛ն է, որ ամէմէն վտանգաւորն է, որովհետեւ այդ թշնամին կը նմանի ծառին մէջէն գործող որդին, որ կուտէ աւիշը, կչորցնէ ծառը»:
Անդրադառնալով առաջնորդի խնդրին, տեր Ահարոն քահան Մելքումյանն ասաց, որ Երրորդ համաշխարհային պատերազմի շեմին ենք, ինձ Տեր Հիսուս ցույց է տվել, թե ինչպես է սկսվելու, և ինչ է լինելու: Աշխարհում նոր քարտեզ է գծվելու, ազգեր են ոչնչանալու:
«Պետք է մարդ, ով Ռուսաստանի հետ բարեկամ է և ունի կառավարման փորձառություն: Ռուսաստանը մեծ դերակատարություն է ունենալու այդ պատերազմում»:
Զրույցի վերջում հետաքրքրվեցինք՝ ի վերջո, հայրենիքը փրկելուն ուղղված գործելու ժամանակը չէ՞:
«Մեր Հայրենիքը փրկելու է Աստված, բայց մեր գործելու ժամն է:
Երբ Աստված ուզում էր կործանել Սոդոմ-Գոմորը, Աբրահամին ասաց. «Եթե Սոդոմում 10 արդար լինի, չեմ կործանի»: Այնպես որ, մեզանից ոչ ոք չի կարող ասել. «Ինձանից ի՞նչ է կախված»:
Մեզանից կախված է առաջնահերթ Աստուծո արդարությունը մեր հոգում ունենալն ու հանուն այդ արդարության պայքարելը, հանուն մեր ազգի, մեր սրբությունների` անշահախնդիր ու անկեղծ:
Հպարտությունը մահացու մեղք է, ես կասեի՝ մեղքերի մեղքը և, եթե հպարտությունից Հ տառը հանենք, կդառնա պարտություն: Մեր սուրբերը հպարտությանը ասում էին՝ «հրեշտակի պարտություն, որովհետև առաջին հպարտը սատանան էր:
Եկան երկոտանիներ, ազգին ասացին՝ «հպարտ քաղաքացի», այսինքն` պարտված քաղաքացի, ազգը ցնծաց, հետո ասացին՝ «անծուխ Հայաստան», տարան պատերազմի, և մարեց շատ հայ օջախների ծուխը, հիմա էլ ասում են՝ «անաղ Հայաստան», գուցե վաղն էլ «անհաց Հայաստան» ասեն, վերջում էլ ասեն. «Անաղուհաց Հայաստանի բնակիչներ, քանի որ դուք անաղուհաց եք, սոված ու թուրքի ստրուկ դառած, մեռեք, քանի որ չհասկացաք»:
Շուտով Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հարության տոնն է, հույս ունենանք` մեր ազգն էլ մեղքերից կհառնի, իր վրայից դեն կնետի (Հ)պարտության ցնցոտիները, մեջքը կուղղի, գլուխը Երկինք կհառի ու Տիրոջ օհնությամբ, անվախ ու քաջաբար կպայքարի մեղքի ու կորստյան իշխանի դեմ և կկերտի իր հաղթանակներով լեցուն դարավոր ապագան»,- հույսով ու մաղթանքով եզրափակեց քահանան: