Ես վստահ եմ մեր որոշման ճիշտ լինելու մեջ. անկախ գործի ելքից՝ շատ հանգիստ եմ քնում. Գրիգոր Բեքմեզյան
«Մեր և դատախազության գրագրությունը զուտ աշխատանքային գրագրություն էր, որը հրապարակայնացվեց զուտ այն նպատակով, որ հանրությունը հետաքրքրված է, և, որ աշխատականք կատարվում է: Բանակցություններ եղել են նաև մինչև այդ: Եվ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական դեպարտամենտի հետ ենք գրագրություն ունեցել, և ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավարն է հանդիպում ունեցել ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի հետ»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ Գրիգոր Բեքմեզյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ չի վերագործարկվում քրեական գործերի մակագրման էլեկտրոնային համակարգը, երբ դեռ 20 օր առաջ դատախազությունն ասել է՝ խնդիր չկա, և համակարգը կարող է աշխատել:
Ըստ նրա՝ իրականում խնդիրն այն էր, որ տարբեր գերատեսչական մարմինների՝ Արդարադատության նախարարության, ԲԴԽ-ի, ԱԱԾ քննչական դեպարտամենտի ու նաև փորձագետների միջև սկզբնական փուլում եղավ մի փոքր անհասկացողություն, որովհետև կային գործողություններ, որ ուղղված էին ծրագիրն աշխատեցնելուն, և կային գործողություններ, որոնք պետք է արվեին, որ ծրագիրն աշխատեր:
«Մի լավ բան ասեմ: Էդ որ բոլորը հարցնում էին՝ բանալիներն ինչ եղան, ասեմ՝ բանալիները մեզ տրամադրվեցին, դիսկով: Դիսկի մեջ հատուկ կոդեր էին, բանալիներ, որոնք հնարավորություն են տալիս, որ մասնագետները միջամտեն համակարգին: Բանալիները կան, համակարգը վերագործարկելու որևէ տեխնիկական խոչընդոտ չկա»,- ասաց Գրիգոր Բեքմեզյանը:
Վերջինիս խոսքով՝ կա կազմակերպություն, որը ծրագրավորել է և սպասարկում է այդ համակարգը, և իրենք աշխատում են այդ կազմակերպության հետ, որպեսզի սկսեն վերագործարկել այդ համակարգը:
«Օրական մի քանի անգամ ես ու Անի Մխիթարյանը կապի մեջ ենք իրենց տնօրենի հետ: Իրենք մեզ ներկայացրել են մի շարք խնդիրներ, որոնք պետք է լուծվեն, որ համակարգը աշխատի, քանի որ մոտ մեկ տարի համակարգն այդ մասով չի աշխատել: Կան նորացումների խնդիրներ, անվտանգության որոշակի գործողություններ կան, որ պիտի արվեն: Իրենք մասնագետների կարիք ունեն: Հիմա այդ հարցն են լուծում»,- ասաց Գրիգոր Բեքմեզյանը:
ԲԴԽ անդամը նկատեց՝ զուտ տեխնիկական խնդիրներ են, որոնք լուծելուց հետո նոր համակարգը կսկսի աշխատել:
«Որպեսզի ավելի արագ լինի, քանի որ կազմակերպությունն ասում է՝ 1-2 ամիս է հարկավոր, իսկ մենք չենք ուզում, որ այդպես լինի, իրենց առաջ խնդիր ենք դրել հնարավորինս շուտ համակարգն աշխատեցնել, այսինքն՝ այն կետից, երբ ինքն անջատվել է, իսկ թարմացումները, փոփոխությունները կարվեն ընթացքում: Ասել են, որ կանեն: Մեկ շաբաթվա ընթացքում հստակ ժամկետ կունենանք, թե երբ կաշխատի համակարգը: Տեխսպասարկում իրականացնող կազմակերպության առջև խնդիր ենք դրել, որ մինչև մեկ ամիսը համակարգը պետք է աշխատի»,- ասաց Գրիգոր Բեքմեզյանը:
Անդրադառնալով Սյունիքի մարզի Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին քրեական հետապնդման ենթարկելու և կալանավորման թույլտվություն տալու՝ ԲԴԽ որոշմանը՝ Գրիգոր Բեքմեզյանը նախ նկատեց՝ շատ կուզեր, որ այդ նիստերը բաց լինեին, որ հանրությունը վերջապես հասկանար, թե ինչու է ԲԴԽ-ն տվել դատավորին քրեական հետապնդման ենթարկելու և կալանավորելու թույլտվություն:
«Ես վստահ եմ մեր որոշման ճիշտ ու օրինական լինելու մեջ: Անկախ գործի ելքից՝ ես շատ հանգիստ եմ քնում»,- ասաց ԲԴԽ անդամը՝ վստահեցնելով՝ Բորիս Բախշիյանի իրավունքները ԲԴԽ-ում չեն խախտվել:
Գրիգոր Բեքմեզյանի պնդմամբ՝ ԲԴԽ-ում քննությունն իրականացվել է օբյեկտիվ:
«Մենք շատ մանրամասն, ուշադիր, բոլոր հանգամանքները նայել ենք: Դուք մի դրվագ եք ասում, ես գիտեմ 10 դրվագ, որոնք Դուք չգիտեք: Ես իրավունք չունեմ գործի նյութերի մասին խոսել, որովհետև դրանք նախաքննական գաղտնիք են: Բայց հավատացեք… Դա իմ ներքին համոզմունքն է: Այն որոշումը, որ մենք կայացրել ենք, լիովին օբյեկտիվ է: Անկախ նրանից, թե այս գործն ինչպես կավարտվի, իմ ներքին համոզմունքն այս գործի հետ կապված՝ չի փոխվելու, որովհետև փաստերը, որ ես տեսել եմ, իմ մեջ ձևավորել են համոզմունք, որն ինձ համար հիմնավոր է: Ինչ էլ որ ասեք, ինչպես էլ որ ասեք, ես գիտեմ, որ մենք ճիշտ որոշում ենք կայացրել: Ես շատ ցավում եմ, որ դատավոր է կալանավորվել, բայց ԲԴԽ-ն կայացրել է ճիշտ և օբյեկտիվ որոշում»,- ասաց ԲԴԽ անդամը՝ հավելելով՝ ինքը շփվել է դատավորների հետ, որոնք գիտեն՝ ինչի մասին է խոսքը, և համաձայն են եղել մեր որոշման հետ, թեպետ դրա մասին հրապարակայնորեն չեն ասի:
Մանրամասները՝ տեսանյութում