Ադրբեջանը Հայաստանի դեմ լայնամասշտաբ պատերազմի ռեսուրս չունի. Ավետիք Չալաբյան
Այն օրվանից, երբ Հայաստանում իշխանության բերվեց Նիկոլ Փաշինյանը, աշխարհաքաղաքական առումով ձևավորվեց բավական ընդարձակ մի համաձայնություն՝ Հարավային Կովկասը Ռուսաստանի ազդեցության գոտուց հանելու և Թուրքիայի ենթակայության տակ դնելու հարցում, որպեսզի մեր տարածաշրջանով Թուրքիան կարողանա իրականացնել նավթի և գազի արտահանում դեպի Եվրոպական միություն, որն ամեն կերպ փորձում է ազատվել Ռուսաստանի նավթի ու գազի կախվածությունից։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով տարածաշրջանային զարգացումների պատճառների մասին, նման պնդում արեց ԱՐԱՐ հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը՝ ընդգծելով.
«Այս առումով Փաշինյանը որոշակի արտաքին ուժերի քաղաքականությունն այս տարածաշրջանում իրականացնող գործակալ է, որի նպատակն է եղել այս տարածաշրջանում հաստատել Թուրքիայի դերակատարությունը, ինչի համար պետք էր ամբողջ Արցախը հանձնել Ադրբեջանին։ Փաշինյանին չհաջողվեց այդ ծրագիրը 2020 թվականին ամբողջությամբ կատարել և չհաջողվեց հայոց բանակի ու Ռուսաստանի ջանքերի գնով, ինչի արդյունքում Արցախի 25 տոկոսը մնաց հայկական։ Փաշինյանը, սակայն, շարունակում է իր գործելաոճը՝ հավերժ Արցախի հարցը փակելու համար, ինչից հետո նաև Հայաստանը կհայտնվի թուրք-ադրբեջանական վերահսկողության տակ»։
Ինչ վերաբերում է ադրբեջանական նախապայմանները բավարարելու գնով խաղաղության պայմանագիր կնքելու ցանկություն ունեցող Փաշինյանի կողմից հնչեցվող այն թեզին, թե Ադրբեջանը պատրաստվում է նաև պատերազմ սկսել Հայաստանի դեմ՝ Չալաբյանը հակադարձեց.
«Ադրբեջանը Հայաստանի դեմ լայնամասշտաբ պատերազմի ռեսուրս չունի, որովհետև իր ունեցածի զգալի մասը վատնել է 2020 թվականի 44-օրյա պատերազմում։ Նրան պետք է Հայաստանի ժողովրդին վախեցնել՝ Արցախը հանձնել»։
Վերջինիս խոսքով՝ այս իրական պատկերը գուցե ոմանք չեն տեսնում, որովհետև չեն դիտարկում իրադարձությունները մեծ համայնապատկերի ներքո, ուստի չտեսնելով՝ գուցե նաև իրենց հարց տան՝ ինչպե՞ս կարող է հայ ղեկավարն իրականացնել այսպիսի ազգասպան ծրագիր, բայց երբ փորձեն խնդրին ավելի խորքային նայել ու տեսնել Նիկոլ Փաշինյանի հետևում կանգնած ուժերին՝ Թուրքիան, ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան, ապա նրանց համար պարզ կդառնա, թե ինչո՞ւ են այդ տերությունները այդպես պաշտպանում Փաշինյանին։
«Արցախը Փաշինյանի տրամաբանության մեջ վաղուց չկա, ուստի հիմա քայլեր է իրականացնում Արցախը հայաթափելու համար, բայց, տեսնելով, որ իր այդ քայլերն արժանանում են հայկական բանակի հերոսական դիմադրությանը, հիմա ասում է՝ լա՛վ, թղթով կհանձնեմ հայկական տարածքները՝ հայելային հետքաշման անվան տակ։ Թե ի՞նչ է նշանակում հայելային հետքաշում, մենք տեսանք Արցախի Փառուխ գյուղում, երբ 5 հայկական դիրք միակողմանի հանձնվեց Ադրբեջանին, որը կանգնեց բացառապես նրա շնորհիվ, որ Արցախի պաշտպանական ուժերը չենթարկվեցին Հայաստանի իշխանություններին և թշնամու առաջխաղացումը կասեցրեցին»,- ընդգծեց Չալաբյանը՝ շեշտելով՝ Փաշինյանը թուրքական գործակալ է, իսկ Արցախը հանձնելը՝ տեխնիկական խնդիր։
Հարցին՝ եթե Հայաստանի իշխանությանը չեթարկվելով՝ հնարավոր է լինում Արցախում կասեցնել ադրբեջանական առաջխաղացումը, այդ դեպքում գուցե՞ Արցախի Պաշտպանության բանակը չենթարկվի Հայաստանի իշխանություններին, որպեսզի կարողանա պաշտպանել հայկական Արցախը, Ավետիք Չալաբյանը պատասխանեց.
«Արցախը ֆինանսավորվում է Հայաստանի կառավարության կողմից, որն Արցախին շանտաժի է ենթարկում, որ, եթե Արցախի Պաշտպանության բանակը դուրս գա Հայաստանի իշխանության վերահսկողության տակից, խնդիրներ կառաջանան, հետևապես, Արցախը, եթե այդ շանտաժը չլիներ, վաղուց էր դուրս եկել։ Ուստի, Արցախը նորից գործոնի վերածելու միակ ճանապարհն այն է, որ Արցախի Զինված ուժերին ֆինանսապես աջակցի ամբողջ հայկական աշխարհը, որի միջոցները շատ ավելին են, քան տալիս է ՀՀ Կառավարությունը։ Այսօր հայկական աշխարհն ուժերը պետք է համախմբի Արցախի Պաշտպանական բանակի շուրջ»։
Ըստ Չալաբյանի՝ Արցախի բանակին պետք է աջակցել այնքան, մինչև Հայաստանում հնարավոր լինի իշխանության հարցը լուծել, որովհետև հակառակ դեպքում, երբ Արցախը տեսնի, որ դավաճանված է Հայաստանի իշխանությունների կողմից, այլ ելք չի ունենալու, քան դիմել Ռուսաստանի աջակցությանը։
«Արցախը երբ տեսնի, որ դավաճանված է Հայաստանի իշխանությունների կողմից, իսկ Արցախը դա արդեն տեսնում է, չցեղասպանվելու համար ստիպված կլինի դիմել Ռուսաստանին, իսկ դա նշանակում է, որ մենք Արցախին թողնելով միայնակ՝ ուղարկեցինք Ռուսաստանի գիրկը»,- խոսքը եզրափակեց ԱՐԱՐ հիմնադրամի համահիմնադիրը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում