Հայաստանում 72.8% բացասական է վերաբերում Ռուսաստանի դեմ սանկցիաներին. Էմ Փի Ջի հարցում
«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց «Ռուս-ուկրաինական հակամարտություն. Հայացք Հայաստանից» խորագրով հետազոտության արդյունքները, նաև մի քանի հարցումներ՝ ներքաղաքական օրակարգի վերաբերյալ:
Արամ Նավասարդյանը տեղեկացրեց՝ հեռախոսային հարցումների մեթոդով հերթական հետազոտությունն անցկացվել է Հայաստանում 02.04.2022-06.04.2022 ժամանակահատվածում, մասնակցել են 1002 հարցվողներ:
«Ներկայացնում ենք մեր նոր հետազոտությունը, որն անվանել ենք «Բորշ». այստեղ ամեն ինչ կապված է ռուս-ուկրաինական զարգացումների հետ: Երեկ ես մտածում էի՝ ինչպես անվանել այսօրվա պրեզենտացիան, ու երբ մտածում էի իրավիճակի մասին՝ մտքիս եկավ, թե ինչպիսի բորշ են սարքել աշխարհի համար»,- պարզաբանեց Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրենը:
Այսպիսով, ըստ հետազոտության՝ հարցվածների 66.1 %-ը տեղյակ է, որ Ռուսաստանը ճանաչել է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը, իսկ 65,3 %-ը դրական է վերաբերվում ճանաչման գործընթացին:
Հարցադրումին՝ արդյո՞ք Հայաստանը պետք է ճանաչի Լուգանսկի և Դոնբասի անկախ հանրապետությունները, դրական էին պատասխանել հարցվածների 44.3 տոկոսը, բացասական՝ 28.2 տոկոսը:
Ընդհանուր առմամբ, շուրջ 92.9 տոկոսը տեղյակ է եղել, որ ՌԴ-ն Ուկրաինայում սկսել է հատուկ ռազմական գործողություն, սակայն միայն 27.0 տոկոսն է լիովին արդարացի համարել Ռուսաստանի այդ որոշումը, 24.7%-ի կարծիքով էլ՝ այն ընդհանրապես արդարացի չէ:
72,8 %-ն էլ նշել է, որ բացասական է վերաբերվում ՌԴ-ի դեմ գործադրված Արևմուտքի սանկցիաներին, իսկ 77,6%-ն էլ հաստատել՝ Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցներն ազդո՞ւմ են Հայաստանի վրա: