Եվրոպական վոյաժներ՝ պետական բյուջեի հաշվին

ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պաշտոնակատարի պարտականությունները կատարած Ռուբեն Ռուբինյանը 2022թ. մարտի 23-ին ստորագրել է Կ-68-Ա կարգադրությունը՝ մարտի 28-ից ապրիլի 1-ը Բրյուսել՝ Բելգիայի Թագավորություն պատվիրակություն գործուղելու մասին:

«Եվրոպական խորհրդարանի պատգամավորների և պաշտոնյաների հետ աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով 2022 թ. մարտի 28-ից ապրիլի 1-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղել Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին և Ազգային ժողովի պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանին»,- գրված է կարգադրության մեջ:

Ռուբեն Ռուբինյանը նաև Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պարտականությունները ժամանակավոր կատարող Է. Խանզրադյանին կարգադրել է գործուղման հետ կապված ծախսերը` ճանապարհածախսը (Ա. Եղոյանի՝ Երևան-Բրյուսել-Մոնակո), օրապահիկը, ինչպես նաև գիշերավարձը՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման և գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:

Այս կարգադրության մեջ մեր ուշադրությունը գրավեց մի հետաքրքիր հանգամանք. ԱԺ 3 հոգուց կազմված պատվիրակությունը մեկնել է Բրյուսել (համենայն դեպս, կարգադրությունը հենց Բրյուսել մեկնելու մասին է), բայց չգիտես ինչու, Արման Եղոյանի ճանապարհածախսը ավելի երկար երթուղի է ընդգրկում՝ Երևան-Բրյուսել-Մոնակո:

Այստեղ լեգիտիմ հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Արման Եղոյանը պետական բյուջեի միջոցներով գնացել Մոնակո:

168.am-ը փորձեց անձամբ ճշտել Արման Եղոյանից նրա՝ Մոնակո մեկնելու շարժառիթը, սակայն նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:  Իհարկե, մենք կրկին կփորձենք կապ հաստատել նրա հետ, բայց հարցը, թե ինչու է Բրյուսել-Մոնակո մոտ 1000 կմ երկարություն ունեցող ճանապարհը ՔՊ-ական պատգամավորը գնացել ու այնտեղ, թերևս, մնացել հարկատուներիս գումարներով, կարծում ենք՝ նաև ԱԺ ղեկավարության տիրույթում է: Չենք ժխտում, որ Արման Եղոյանը կարող է մասնավոր այցով գտնված լինել Մոնակոյում, սակայն ինչո՞ւ պետք է ՀՀ հարկատուները վճարեն նրա մասնավոր հաճույքների կամ պիտույքների համար:

168.am-ը երեկ անդրադարձել էր կառավարող խմբակցության պատգամավորների աննպատակ գործուղումներին, ճոխ ծախսերին:

Հերթական օրինակն իրեն երկար սպասեցնել չտվեց:

Տեսանյութեր

Լրահոս