Չարագուշակ ահազանգ Արցախից
Նախօրեին Արցախի Ազգային ժողովն ընդունել է հայտարարություն, որի՝ ընդհանրական ձևակերպումների տակ թաքնված գլխավոր իմաստն այն է, որ Հայաստանը գործնականում հրաժարվել է Արցախի անվտանգության երաշխավորի իր պարտավորությունից։
«Ներկա պայմաններում ՀՀ-ի կողմից Արցախի անվտանգության երաշխավոր լինելու պարտականության ամրագրումը և համահայկական միասնության մթնոլորտի ձևավորումը միայն կարող են բավարար պայմաններ ստեղծել հայ ժողովրդի ապագան հայրենի հողում երաշխավորելու համար»,- հայտարարում են Արցախի խորհրդարանականները՝ այդպիսով պարզորոշ ակնարկելով, որ Հայաստանը հրաժարվել է Արցախի անվտանգության երաշխավորի իր այն պարտականությունից, որը եղել է նորանկախ պետության կարևորագույն ու առանցքային առաքելությունը։
Բայց ամենաուշագրավն Արցախի խորհրդարանի ընդունած հայտարարության եզրափակիչ նախադասությունն է․ «Հարգելի´ հայրենակիցներ, Հայոց պետականության լինելիության և հայ ժողովրդի անվտանգության բանալին գտնվում է Արցախում»։ Սա պատասխան է Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից արդեն շուրջ չորս տարի իրականացվող «Արցախը խանգարում է Հայաստանի զարգացմանը» քաղաքականությանը, որը 44-օրյա պատերազմից հետո ավելի առարկայական դրսևորումներ է ստացել։ Արցախի խորհրդարանի այս հայտարարությունն իրականում շատ բազմաշերտ ու չարագուշակ նշանակություն ունի։
Հայաստանի նորանկախ պետությունը հիմնադրվել ու կայացել է նաև, իսկ գուցե առավելապես Արցախի խնդրի լուծման ալիքի հիման վրա, անկախ Հայաստանը կազմավորվել է նաև արցախյան հակամարտության կարգավորմանն ուղղված հետևողական ջանքերի և, ամենակարևորը՝ Արցախի անվտանգության ապահովման առաքելության առանցքի վրա։ Հիմա, փաստորեն, Հայաստանի անկախության այս հիմնասյուները կամ հիմնահատակ ավերվել են, կամ ոչնչացման եզրին են։ Արցախից հնչող հայտարարությունը հենց այդ մասին է։ Բայց դա նաև այն մասին է, որ Արցախից հրաժարումով Հայաստանը ոչ միայն ավելի լավ չի ապրելու, այլ կանգնելու է ընդհուպ գոյաբանական սպառնալիքի առաջ։ Իրողություն, որը Հայաստանի իշխանությունը կա՛մ գիտակցված հանցավորությամբ, կա՛մ հանցավոր տգիտությամբ չի ցանկանում ընդունել։
Արցախի չգոյությունը, որին ըստ էության ձգտում է Հայաստանի իշխանությունը, նշանակում է նաև անկախ Հայաստանի չգոյություն, որի լինելիությունը նույն այդ իշխանությունը պատկերացնում է առանց Արցախի, ինչը ոչ միայն ուղղակի մոլորություն է, այլ դավաճանություն՝ Արցախի ու արցախցիների նկատմամբ։ Նիկոլ Փաշինյանը հիմա փորձում է իրականացնել դավաճանության այդ՝ ըստ ամենայնի վերջին արարը՝ Ադրբեջանի հետ պատրաստվելով ստորագրել համաձայնագիր, որը Հայաստանի հրաժարումն Արցախից կամրագրի նաև դե յուրե։
Արցախում դա հասկանում են ոչ միայն քաղաքական հոտառությամբ, այլ կենսական զգայարաններով։ Միևնույն ժամանակ՝ Արցախի քաղաքական ղեկավարությունը ևս մոլորության մեջ է այն առումով, որ խնդրում կամ պահանջում է Արցախի անվտանգության երաշխավորի պարտավորություն ամրագրել նրանցից, ովքեր իրենց գործողություններով անում են ամեն ինչ Արցախի խնդրից վերջնականապես ազատվելու համար։
Հարություն Ավետիսյան