«Բայրաքթարին» հակազդող ՀՕՊ ունեինք, այն այսօր զարգանում է. Դանիել Բալայան
168.am-ը երեկ տեղեկացրել էր, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում բացվել է «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսը: Բացման պաշտոնական արարողությանը մասնակցել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:
Ցուցահանդեսին հիմնականում մասնակցում են հայկական և ռուսական ռազմարդյունաբերական ընկերություններ, սակայն դրանից անմասն չեն մնացել ֆրանսիական, գերմանական, բուլղարական ընկերությունները:
«ԱրմՀայԹեք 2022»-ին մասնակցող հետախուզական և հարվածային անօդաչու սարքեր արտադրող «Դավարո» ընկերության տնօրեն Դավիթ Գալոյանի խոսքով՝ պատերազմի կոնցեպտը փոխվում է դեպի անօդաչու համակարգեր:
Ըստ այդմ՝ իրենց ամբողջ ներուժն ուղղելու են՝ փակելու հարվածայինների ու հետախուզական անօդաչու սարքերի ողջ սպեկտորը:
«Դավարո»-ի ԱԹՍ-ներից որոշ տեսակներ կարող են թռչել մինչև 500 կմ՝ կրելով 15 կիլոգրամ բեռ և աշխատել ավտոնոմ ռեժիմում։
Պատերազմից առաջ, պատերազմի օրերին և դրանից հետո ժամանակ առ ժամանակ քննարկման թեմա էր դառնում «օդը փակելու» խնդիրը:
ՀՀ ՊՆ Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի նախկին պետ Դանիել Բալայանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այս և պաշտպանական այլ հարցերում համալիր մոտեցում է պետք:
«Չպետք է միայն մի ուղղությամբ մտածել՝ լինի դա ԱԹՍ, ավիացիա, թե հրետանի: Համալիր մոտեցում պետք է լինի՝ մեկը մյուսի հետ շաղկապված, որպեսզի համարժեք արդյունքների հասնենք:
Ճիշտ է՝ այս տարի ցուցահանդեսին գերակայում են ԱԹՍ-ների տեսակները, որոնցից ամեն մեկն ունի իր ուղղությունն ու նպատակները, և որոնք ընդհանուր ԶՈՒ կազմի մեջ պիտի կատարեն իրենց առանձին խնդիրները: Վերջին ժամանակահատվածում բոլորի ուշքնումիտքն անօդաչու թռչող սարքերն են, բայց միայն դրանով ոչնչի չես հասնի: Պետք է համալիր մոտեցում բոլոր զորատեսակների վերաբերյալ»,- նշեց Դանիել Բալայանը:
Ըստ Բալայանի՝ 44-օրյա պատերազմում, կարելի է ասել, հաղթել է փողը: Այսինքն, Ադրբեջանը սպառազինությունների զարգացման գործում ներդրել է առավելագույնը, որպեսզի կարողանա իր առջև դրված խնդիրները լուծել:
«Իսկ եթե վերցնենք Ադրբեջան-Հայաստան ընդհանուր զարգացումը, Ադրբեջանից հետ չենք: Բայց նրանց ձեռքբերումները, իհարկե, գերազանցում են: Ոչ մեկը չի կարող առարկել, որ իսրայելական ԱԹՍ-ներն առաջատար են: Եվ սրանցից Ադրբեջանը բավականին շատ էր ձեռք բերել, նաև՝ թուրքական արտադրության: Այսինքն՝ փողի խնդիր էր: Բնական է՝ Ադրբեջանի բյուջեն մեր բյուջեից մի քանի անգամ ավելի է: Իսկ մարտական պատրաստվածության առումով մենք բավականին առաջ էինք, եթե հատկապես վերցնենք Արցախի հյուսիսային հատվածները: Այնտեղ ադրբեջանցիները, կարելի է ասել, ոչ մի հաջողության չհասան»,- շարունակեց ՀՀ ՊՆ Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի նախկին պետը:
Դանիել Բալայանը, ըստ էության, նկատի ունի ՀՀ մտավոր ներուժը և զինվորների մարտական պատրաստվածությունը, բայց նա չցանկացավ նշել, որ ՀՕՊ հարթությունում ևս, այսպես ասած՝ բարդակ է եղել, ինչպես այլ հարցերում:
2011-ին կայացած զորահանդեսին ցուցադրվել էր «Կռունկ» անօդաչու թռչող սարքը: ԱԹՍ-ի արտադրության մասին 2016-ին որոշ տեղեկություն տրամադրել էր հենց ինքը՝ գեներալ-մայոր Դանիել Բալայանը։
«Նման անօդաչուների մեկ համալիրի գինը (2 ինքնաթիռ, մեկ ղեկավարման կայան) միջազգային շուկայում տատանվում է 2-2,5 մլն դոլարի սահմաններում: Հայաստանը սեփական ուժերով ու տասնյակ անգամներ ավելի քիչ միջոցներ ծախսելով՝ կարողացավ ստեղծել «Կռունկը», որը լայն կիրառություն գտավ հայկական բանակում: Մեր սարքի տակտիկատեխնիկական բնութագիրը չի զիջում նույն դասում առկա իր անալոգներին»,- ասել էր նա:
Ավելի ուշ, «Կռունկի» կառուցվածքի հիման վրա մասնագետները ստեղծեցին «X-55» հետախուզական ԱԹՍ-ն, որի նախագծման աշխատանքները սկսվել էին 2012 թվականին, իսկ առաջին փորձարկումն ու շահագործումը կատարվել է 2014-ին:
168.am-ը գրել էր, որ վերը նշված անօդաչու սարքերը կիրառվել են նաև հուլիսյան դեպքերի ժամանակ և վերջին պատերազմում:
168.am-ը ՀՀ պաշտպանության նախարարություն հարցում էր ուղարկել՝ պարզելու, թե «X-55» կամ X-55M ԱԹՍ-ների խմբաքանակ վերջին անգամ ե՞րբ են պատվիրել, այսինքն՝ վերը նշված անօդաչուի արտադրության կամ մոդիֆիկացիայի, մոդեռնիզացիայի հետ կապված՝ ի՞նչ գործընթաց կա, քանի որ տեղեկություններ կան, որ արդեն մի քանի տարի է՝ ՊՆ-ից լուրջ պատվեր չի ստացվում:
Սեպտեմբերի 24-ին ուղարկած մեր հարցադրմանն ի պատասխան՝ պաշտպանական գերատեսչությունից մոտ մեկ շաբաթ անց ստացվել էր հետևյալ գրությունը.
«ՀՀ պաշտպանության նախարարին ուղղված՝ Ձեր 2021 թ.-ի սեպտեմբերի 24-ի էլեկտրոնային հարցման առնչությամբ հայտնում ենք, որ հարցապնդվող տեղեկությունների տրամադրումը մերժվում է՝ հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1 կետի, «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի, ՀՀ կառավարության 1998 թ. մարտի 13-ի № 173 որոշմամբ հաստատված ցանկի 6-րդ և 7-րդ կետերի պահանջները, քանի որ հարցապնդվող տեղեկատվությունը հանդիսանում է պետական գաղտնիք»:
Պատեհ առիթն օգտագործելով՝ ՊՆ-ին հասցեագրված հարցը տվեցինք նաև Դանիել Բալայանին, պատվերի մասով հստակ պատասխան չեղավ, փոխարենը՝ նա ասաց․
«Ես թվեր նշել չեմ կարող, բայց մի բան կարող եմ ասել՝ մեր թիմը գիշեր-ցերեկ կատարել է իր առջև դրված խնդիրները: Դրանք զուտ խոսքեր չեն, դա փաստ է՝ և՛ 2016-ի ապրիլյան, և՛ 2020-ի հուլիսյան, և 44-օրյա մարտական գործողությունների ժամանակ: Ճիշտ է՝ այն թվաքանակը չի եղել, ինչն ունեցել է հակառակորդը, բայց մաքսիմում գործողություններն իրականացվել են»։
Ավիացիայի մասնագետը շեշտեց, որ 44-օրյա պատերազմում բավականին լուրջ էր նաև «Բայրաքթարի» հասցրած հոգեբանական վնասը:
«Բավական էր օդում մի ձայն գար, և մարդիկ արդեն խուճապի մեջ էին հայտնվում»,- ասաց նա:
Արդյո՞ք սրան հակազդող ՀՕՊ ունեինք, մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։