«Էսօր չեմ խոսում». Պապիկյանը հրաժարվեց պատասխանել հարցերին
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսի բացումը, որին մասնակցում էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:
Սուրեն Պապիկյանը հրաժարվեց պատասխանել 168.am-ի՝ ռազմարդյունաբերության վերաբերյալ հարցին: «Էսօր չեմ խոսում»,– ասաց նաԼ
Ի դեպ, նշենք, որ ԲՏԱ նախարարությունից լրագրողներին կանչել էին ավելի ուշ, երբ ղեկավարությունն այլևս այնտեղ չէր լինի:
Նշենք, որ ցուցահանդեսին հիմնականում մասնակցում էին հայկական և ռուսական ռազմարդյունաբերական ընկերություններ, սակայն դրանից անմասն չէին մնացել ֆրանսիական, գերմանական, բուլղարական ընկերությունները:
Նրանց ներկայացրած ռազմական նշանակության արտադրանքներին և նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ սարքավորումներին ավելի ուշ մանրամասն կանդրադառնանք:
Իսկ ցուցահանդեսի նպատակն է՝ ստեղծել եզակի հարթակ՝ խթանելու և ուսումնասիրելու տեղական շուկան, առաջ մղելու ժամանակակից տեխնոլոգիաներն ու ծառայությունները, գտնելու գործընկերներ և ներդրողներ, ստեղծելու համագործակցային կապեր, ամրապնդելու գործընկերային հարաբերություններ:
«ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսի փակումը տեղի կունենա ապրիլի 2-ին:
Ի դեպ, ցուցահանդեսին ներկայացված էին զենքի մատակարար Դավիթ Գալստյանի՝ ՊՆ-ին մատակարարած «Ս-8 ԿՈՄ» չկառավարվող հրթիռները, Սու-30ՍՄ կործանիչը:
Հաշվի առնելով դրանց շուրջ տեղի ունեցած զարգացումները, փորձեցինք մեկնաբանություններ ստանալ ռուսական կողմից:
Ի պատասխան՝ ասացին, որ որևէ կարգի մեկնաբանություն չեն կարող տալ: