Շոկային է. Հովիկ Աբրահամյանի դղյակը չպետք է արգելանքից հանվեր. Հակակոռուպցիոն կոմիտեն պետք է սպառիչ պատասխան տա. Հոկտանյան
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Թրանսփարենսի ինթերնեշնըլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը խորհուրդ է տալիս նախքան կոռուպցիոն սկանդալով կալանավորված ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյանի գործի վերաբերյալ գնահատականներ հնչեցնելը հարց տալ՝ արդյո՞ք իրավապահները նմանատիպ խուզարկություն արել են մյուս նախարարություններում, արդյո՞ք ստուգել են այլ նախարարների բնակարանները, և եթե անեին, արդյո՞ք նույն իրավիճակը չէին հայտնաբերի։
Բացի այդ, Հոկտանյանը հատուկ ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Անդրանիկ Փիլոյանի ձերբակալումից կարճ ժամանակ առաջ մամուլում եղան հրապարակումներ, որ առաջիկայում որոշ նախարարներ են փոխվելու, ուստի արժե հասկանալ, թե դա ինչ էր նշանակում։
Հոկտանյանը նաև հավելեց, որ կատարվածը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ որևէ մեկը չի կարող ասել, որ Հայաստանում չկա համակարգային կոռուպցիա։
«Իմիջիայլոց, ոչ 2018 թվականի թավշյա ոչ բռնիից առաջ, ոչ էլ դրանից հետո որևէ լուրջ ուսումնասիրություն Հսյաստանում չի կատարվել՝ պարզելու համար, թե Հայաստանում համակարգային կոռուպցիա կա՞, թե՞ ոչ։ Կոռուպցիայի ընկալման վերաբերյալ որոշ չափով հարցումներ են արվել, մեր կազմակերպությունը, օրինակ, նման բան արել է 2019 թվականին։ Ինչ վերաբերում է կոռուպցիայի կանխարգելման համաթվին, ապա դրա վերջին չափումը եղել է վերջինը 2016 թվականին, որից հետո համաթիվը կտրուկ լավացել է»,- ասաց Հոկտանյանը։
Ինչի՞ հիման վրա է այդ համաթիվը լավացել, արդյո՞ք այդ համաթվի ուսումնասիրման ժամանակ նկատել են, որ, օրինակ, Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցի՝ 5 տարվա ընթացքում աստիճանաբար փակելով գնումը կատարել է բեռնափոխադրմամբ զբաղվող Նարեկ Նալբանդյանը, կամ արդյո՞ք պարզել են, թե այդ ինչպես է ստացվում, որ նույն Նարեկ Նալբանդյանի կինը 5 միլիոն դոլարով գնում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ արգելանքի տակ գտնվող Մոնումենտի դղյակը, կամ ինչպե՞ս է ստացվում, որ Հակակոռուպցիոն կոմիտեն արգելանքի տակից չի հանում ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արթուր Գրիգորյանի, նրա հոր կառուցած անշարժ գույքը, բայց Հովիկ Աբրահամյանի տան դեպքում գործում են այլ ստանդարտներ, Հոկտանյանն այս հարցերին պատասխանեց.
«Հիշում եմ, որ երբ Փաշինյանն ընդդիմադիր էր, առաջարկում էր Հովիկ Աբրահամյանի այդ թանգարանը դարձնել կոռուպցիայի թանգարան։ Հովիկ Աբրահամյանի այդ պալատը չպետք է արգելանքի տակից հանվեր, սա շոկային էր ինձ համար, գուցե Աբրահամյանը հաջողակ բիզնեսմեն էր, իսկ, օրինակ, Արթուր Գրիգորյանը՝ ոչ այդքան հաջող։ Հակակոռուպցիոն կոմիտեն պետք է սպառիչ պատասխան տա, եթե չի տալիս, կան կասկածներ, որոնք ես կիսում եմ։ Սովորաբար, այդ ամենը բացահայտվում է իշխանափոխությունից հետո, ինչից հետո մասշտաբներն են նաև պարզ դառնում»,- ասաց Հոկտանյանը՝ ընդգծելով, որ ցանկացած իշխանություն, որը չի տեսնում հակազդեցություն իր քայլերին, սկսում է գործել ավելի ազատ, սակայն աներկբա է, որ իրավապահ մարմինները պետք է զբաղվեն այս հարցերով և պետք է լինի նաև հանրային ուժեղ վերահսկողություն. ընդդիմությունը ևս պետք է նման հարցերը պահի իր ուշադրության կենտրոնում։
Դիտարկմանը՝ հիմա, երբ Նիկոլ Փաշինյանի իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանն իր անմիջական ղեկավարին խոստովանում է, որ խմբագրել է Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին ու նրա որդուն առնչվող քրեական գործի նյութը, այստեղ անելիք ունի քաղաքացի՞ն, թե՞ իրավապահ կառույցը, Հոկտանյանը պատասխանեց.
«Շարքային քաղաքացին պետք է պասիվ չլինի, իսկ իրավապահների անմիջական պարտականությունն է։ Սա միջամտություն է արդարադատությանը, ինչպես Փաշինյանն է սիրում ասել, հո պոզով-պոչով չի՞ լինում միջամտությունը»։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում