«Ես գիտեմ, որ մեկ անգամ են նահանջում և այլևս երբեք…». Ջիվան Ավետիսյան
2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմից հետո, թեև տարբեր ծրագրեր չեղարկվեցին կամ ընդհատվեցին, սակայն ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը պատերազմից հետո ավելի հաստատակամ էր ամեն գնով կյանքի կոչելու իր բոլոր ծրագրերը, մասնավորապես՝ «Վերածնվածը» ֆիլմը, որի սցենարի վրա 4 տարուց ավելի աշխատում էր։
168.am-ի հետ զրույցի ընթացքում Ջիվան Ավետիսյանը պատմեց, որ այժմ ընթանում են ֆիլմի նկարահանման նախապատրաստական աշխատանքները, գրեթե որոշված է դերասանական կազմը, հստակեցվել են նկարահանման տեղանքները։ Համագործակցում են եվրոպական մի քանի երկրի հետ։
«Ֆիլմի հիմնական բացը, ինչպես բոլոր նախագծերում՝ ֆինանսներն են, փորձում ենք հնարավորինս արագ գոյացնել ֆինանսներ։ Ֆիլմի սցենարն արդեն ամբողջական կա, բնականաբար, կան դետալային շտկումներ, նման շտկումներ միշտ կարող են լինել, այժմ սպասում ենք Հայաստանի ազգային կինոկենտրոնի հաստատմանը։ Կինոկենտրոնն իր աջակցությունն ունեցել է նախագծի զարգացման համար, երբ աշխատանքներն ընթանում էին սցենարի գաղափարի շուրջ, և հիմա մենք սպասում ենք նրանց ֆինանսական աջակցությանը՝ ֆիլմի արտադրության համար։
Խոսում ենք 2020 թվականի արցախյան պատերազմի, ինչպես նաև 90-ականների պատերազմի մասին։ Շատ այլ թեմաներ են արծարծվում ֆիլմում, այն բազմակառույց ու բազմաշերտ է։
Երբ մենք 2018 թվականին սկսեցինք աշխատել սցենարի վրա պատմության հիմքում՝ պատերազմին վերաբերող բաժնում 2016 թվականի քառօրյա պատերազմն էր։ Սակայն 2020 թվականի պատերազմի օրերին, երբ Արցախում էի, նոր գաղափար առաջացավ, կապ հաստատեցի սցենարի հեղինակ Նարինե Ոսկանյանի հետ, և փաստացի 2020 թվականի պատերազմը սցենարում փոխարինեց քառօրյային։ Որոշակի նոր, հետաքրքիր մոտեցումներ ու լուծումներ եղան, թե ինչպես է հնարավոր իրական կադրերով պատմել պատերազմի պատմությունը։ Պատերազմի օրերին ես Արցախի Հանրային հեռուստատեսությունում էի, միացել էի այն թիմին, որը հեռուստաընկերությունների մեջ իմ առաջին աշխատավայրն էր։ Եղանք Արցախի տարբեր մասերում, անհավանական առյուծասիրտ տղաների տեսա, իսկապես առյուծասիրտ, որովհետև անհավանական զորեղ էին, նրանց աչքերը մինչև հիմա իմ առջև են, թե ինչպես կարող էին նրանք առանց վախի ու վարանման՝ վարել մարտը»,- ասաց ռեժիսորը։
Ջիվան Ավետիսյանը պատմեց նաև, որ այդ օրերին շատ բան է նկարել՝ Ստեփանակերտի նկուղներում կծկված երեխաներին, տեսել է ռմբակոծվող ծննդատունը, Շուշիի մարտերին՝ վերջին կամ նախավերջին օրերին։ Եվ այս ամենը փորձելու են արտահայտել «Վերածնվածը» ֆիլմում՝ իրական կադրերով։
«Մենք հաճախ ասում ենք, որ աշխարհը լուռ ու համր էր, երբ ռմբակոծում էին Ստեփանակերտը, դպրոցները, ծննդատունը, փորձել ենք հնարավորինս ներկայացնել, թե ինչպիսն էր աշխարհը, և ինչ էր կատարվում Արցախում, և, թե ինչպես պատերազմը կարող է իր ազդեցությունն ունենալ բոլոր մարդկանց վրա՝ անկախ այն հանգամանքից, թե աշխարհի որ ծայրում ես։ Եթե դու լռում ես որևէ պատերազմի համար, ապա այն հեղեղի նման կարող է քեզ քշել»,- հավելեց Ջ. Ավետիսյանը։
Ֆիլմում զուգահեռաբար կներկայացվելու են մի քանի երկիր, որոնցից մեկն Արցախն է, Արցախը կտեսնեն բոլորովին այլ հայացքով, տեսնելու են՝ որպես դրախտ, և, թե ինչպես դրախտը կարող է վերածվել քաոսի։ Դերասանական կազմի մեջ կան մարդիկ, որոնք հերոս սերնդի հայեր են, ապրում են օտար երկրում և երբեք չեն մտածել, որ Հայաստանում կարող են իրենց հիշել։ Նրանք բոլորն էլ պրոֆեսիոնալ դերասաններ են՝ մեծ հաջողությունների հասած։
«Այդ դերասանները մեր ֆիլմի շնորհիվ առաջին անգամ կգան Հայաստան՝ սա շատ գեղեցիկ է։ Փորձում ենք աշխարհասփյուռ հայերին հավաքել մեկ տանիքի տակ, որովհետև ես հավատում եմ, եթե մենք որակով ու շատ լինենք, ոչ մեկը մեզ վրա չի հարձակվի, փորձում ենք սա անել նաև ֆիլմի միջոցով։
Ինքս ո՛չ մարգարե եմ, ո՛չ մեծ պայծառատես կամ սոցիոլոգ ու քաղաքագետ, պարզապես մարդ եմ, ով մեկ բան շատ լավ գիտի՝ ինչու ես պետք է լինեմ ու ապրեմ Արցախում՝ դա իմ մեջ անբեկանելի է։ Գիտեք, դժվար է ստեղծել Արցախի մասին ֆիլմ ու ներկայացնել միջազգային հարթությունում կամ փորձել առաջ մղել։ Բայց ես գիտեմ, թե որ խմորից եմ, և գիտեմ, թե ինչու պետք է լինեմ այնտեղ։ Գիտեմ նաև մի շարք սխալներ, որոնք գործել ենք հիմա, թեկուզ հենց երեկ։ Բայց ես մեծ հավատով նայում եմ ապագային։ Որևէ մեկն ինձ մոտ կասկած չի կարող դնել կամ թերահավատություն մտցնել մեր տեսակի հանդեպ՝ փաստ է։ Մենք այսպիսին չէինք, մեզ այսպես սարքեցին, հիմա պետք է հետ գանք։
Արցախի առաջին պատերազմում ունեցած 6 հազար զոհերը՝ կոնկրետ թիվը չեմ հիշում, քառօրյային ունեցած՝ 100, և 44-օրյա պատերազմի 5 հազար զոհերին, այսինքն՝ 11 հազար նահատակ 11 հազար քառակուսի կիլոմետր Արցախի համար։ Ամեն մի քառակուսի մետրի վրա մեկ հոգի կա, դա այլևս հող չէ ու սակարկելու ենթակա չէ։ Մենք պետք է կարողանանք ինքներս մեզ հարց տալ՝ լավ, վերջը ի՞նչ: Երբ ինքներս առերեսվենք ճշմարտության հետ, շատ ավելին կհասկանանք, այդ ժամանակ մեզ ոչ մեկը չի կարող մեր նպատակից շեղել։ Գիտեմ, որ հեշտ չէ, որ հիմա էլ դժվար է և վաղն ավելի դժվար է լինելու, շատ ավելի դժվար՝ վաղը չէ մյուս օրը, բայց ինչի՞ մասին է խոսքը՝ ես գիտեմ, որ մեկ անգամ են նահանջում և այլևս երբեք»,- հավելեց ռեժիսորը:
Ջիվան Ավետիսյանը հավատում է, որ Արցախի տարածքների կորուստը սոսկ ժամանակավոր է, պարզապես պետք է վերածնվել, ու յուրաքանչյուրի նպատակը մեկը լինի, իսկ իր նպատակն Արարատն է։
«Գուցե մենք այսօր շատ մասնատված ու բզկտված ենք, ոչ միայն տարածքային առումով, այլև մեր ներաշխարհով, բայց պետք է հավաքվենք։
Ես հիշում եմ տղաների, որոնք չկան, իմ դասընկերներին, իմ թաղի ընկերոջը կամ իմ մտերիմ ընկեր Արմանին, կամ մեծ սերնդի մարդկանց, որոնք զոհվեցին առաջին պատերազմում… պետք է աշխատել նաև նրանց փոխարեն, նրանց համար։ Նրանց չպետք է հիշել միայն միջոցառումներին, կենացների ժամանակ, նրանց չարած աշխատանքն էլ պետք է անել, ապրելն այսօր նաև մեծ բեռ է… Ի՞նչ պատասխան պետք է տանք Արմանի 3 զավակներին, որոնք մեկ օր ինձ հարց կտան, կարող եմ թվարկել, իմ դասարանցի Հովիկին, Սասունին… »։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում