Ովքե՞ր են, կամ ո՞ւմ ես նշանակել հայկական Սփյուռքում իբրև քո ներկայացուցիչներ
Երբ 2021 թվականի հոկտեմբերին հանդես եկա իմ կողմից հրապարակված մի հոդվածով, թե ովքե՞ր են լինելու կապիտուլյանտի ստորագրությամբ Սփյուռքում նշանակված, ՀՀ Սփյուռքի հանձնակատար կոչվածի ներկայացուցիչները, հենց սփյուռքում բնակվող ընկերներիցս մի քանիսն ինձ ասացին՝ չկասկածես, կգտնվեն անհայրենիք, «յան» ազգանունով անհատներ, որոնք կհամաձայնեն համագործակցել Զարեհ Սինանյան կոչվածի հետ։ Այդ ժամանակ անկեղծ մտածում էի, որ, այո՛, հնարավոր է, որ կլինեն, սակայն հիմա հարց ունեմ այդ նույն Զարեհ Սինանյանին, որն ամպագոռգոռ հայտարարություններով էր հանդես գալիս։
Հարց առաջին.
Հարկատուների, պետբյուջեի հաշվին ապրող Հ1-ի եթերով արված հոխորտանքներիցդ հետո անցել է ուղիղ 6 ամիս: Ովքե՞ր են, կամ ո՞ւմ ես նշանակել հայկական սփյուռքում իբրև քո ներկայացուցիչներ: Ինչպես որ դու էիր ակնարկել քո հարցազրույցում, այդ մարդիկ պետք է համայնքային հեղինակություններ լինեին և վայելեին տվյալ համայնքի սերն ու հարգանքը՝Հայաստան-Սփյուռք կապերն է՛լ ավելի ամրապնդելու համար: Ո՞ւր են այդ մարդիկ, ովքե՞ր են և հայկական սփյուռքի ո՞ր համայնքներն են ներկայացնում:
Պարո՛ն հանձնակատար, մի՞թե հնարավոր չէր 6 ամսվա ընթացքում գտնել նման մարդկանց: Անշուշտ. հնարավոր էր, պարզապես արժանապատիվ սփյուռքը քեզ և քո ոհմակին մերժել է և հասկացել, թե ինչ կարգի թրքամոլ և թրքահպատակ խմբակի հետ գործ ունի։ Այդ է պատճառը, որ ոչ մեկը ցանկություն չունի քո կապիտուլյանտ տիրոջ ստորագրությամբ նշանակվելու այս կամ այն համայնքում ՀՀ Սփյուռքի հանձնակատարի ներկայացուցիչ և վարկաբեկելու իր անունը, պատիվը, ինչպես նաև՝ մաքուր և արժանապատիվ անցյալը:
Որ քո նպատակը հայկական սփյուռքը մաքսիմալ պառակտելն է և գործ չունենալն այս կամ այն համայնքային կառույցի հետ, այլ սփյուռքում բնակվող անհատների միջոցով ինքնահաստատվելու հերթական փորձն է, այլևս գաղտնիք չէ, սակայն նորից այստեղ քեզ պետք է հիասթափեցնեմ՝ ոչինչ չի ստացվելու:
Ֆրանսիայի վերջին այցելությունդ վկա, որտեղ համայնքային կառույցների կողմից արհամարհվեցիր և արժանացար մի քանի անհատների դիմավորելուն: Հուսամ, որ այդ մարդիկ, որոնք քեզ նման ընդունելության արժանացրեցին, մի գեղեցիկ օր կհասկանան, և պատմությունն ապագայում կարձանագրի, որ երբ թուրքը 44-օրյա պատերազմում մոտ 5000-ից ավելի հայ զինվորի կյանք խլեց, մոտ 10.000 հայորդու վիրավոր և անդամալույծ թողեց, բազմաթիվ երիտասարդ ճակատագրեր խեղեց, Հայաստանի այն ժամանակվա դավաճան իշխանության վարած թրքահաճո քաղաքականության շնորհիվ, սփյուռքյան որոշ անհատներ, աղ ու հացով սփյուռքի տարբեր հայկական համայնքներում ընդունելության էին արժանացնում այդ նույն դավաճան իշխանության ներկայացուցիչներին։
Պատմության գրքերում բազում օրինակներ կան այն հայերի մասին, թե ինչպես են դրսևորել իրենց, երբ թուրքական յաթաղանը կախված է եղել հայ ժողովրդի գլխին. նրանք անտարբեր էին և իրականությունից կտրված, ինչպես որ այսօր է:
Պատմությունն այսօր էլ, դժբախտաբար, կրկնվում է:
Հարց երկրորդ.
Վերջապես ե՞րբ ես համարձակություն ունենալու՝ այցելելու իրական կազմակերպված հայ համայնքներ (երկիրը նշանակություն չունի), որտեղ քո հանդիպումների ընթացքում կարող ես ինքդ քեզ գնահատական տալ, թե ինչպիսի վերաբերմունք կա քո նկատմամաբ սփյուռքյան ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ հայ համայնքներում։
Հուսամ՝ կազմակերպված բառի տողատակը կհասկանաս, քանի որ հենց այդ բառի շնորհիվ էր, ինչպես նաև սփյուռքահայերի նվիրական աշխատանքի հետևանքով, որ ժամանակին դարձար Գլենդելի քաղաքապետ, և հիմա այդ նույն կազմակերպված կառույցները լկտիաբար արհամարհում և ուրանում ես:
Տեղին է հիշեցնել քեզ հայտնի ասացվածքը՝ մի՛ թքիր այն դույլի մեջ, որից ժամանակին ջուր ես խմել:
Վերջում ուզում եմ դիմել հայկական սփյուռքի բոլոր արժանապատիվ մարդկանց, հայ համայնքներում բարձր հեղինակություն վայելող անհատներին, որոնք օրնիբուն աշխատում են Հայաստանի, Հայոց Բանակին և վիրավոր Արցախին օգտակար լինելու համար՝ անկախ իրենց կուսակցական պատկանելությունից, այս կամ այն համայնքային ուղղվածությունից, եկեղեցական պատկանելությունից. լինի դա Էջմիածնական թե Անթիլիասական, Կաթողիկե թե Ավետարանական:
Սիրելի և հարգելի սփյուռքահայեր, որի մի փոքր մասնիկն եմ նաև ես ինքս, երբ այսօր ՀՀ թրքաբարո իշխանությունները, որոնք ՈՉ մի կապ չունեն, կրկնում եմ, ՈՉ մի կապ չունեն Հայաստանի և Արցախի հետ, և երբ նրանք արդեն բացահայտ հայտարարում են, որ Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքելու թուրքի և ադրբեջանցու հետ տարբեր միջազգային հարթակներում, և արժանանում են ադրբեջանցիների ծափահարություններին, ինչպես նաև իրենց գործողություններով ցանկանում են պառակտման աստիճանի հասցնել հայկական սփյուռքը, մեզ համար այս դժվարին և հոգեպես ծանր ժամանակահատվածում մենք ավելի միասնական պետք է լինենք՝ որպես համայնքային կառույցներ և սփյուռքյան միություններ, որպեսզի թույլ չտանք, որ Զարեհ Սինանյանի նման անհայրենիքները և ազգային պատկանելություն չունեցողները համարձակվեն սեպ խրել աշխարհասփյուռ հայ համայնքներում՝ հույս ունենալով, որ շուտով կունենանք ազգային գաղափարախոսությամբ և ազգային պատկանելությամբ օժտված իշխանություն, ինչպես նաև Հայաստանն ու Արցախը սիրող պետական և քաղաքական գործիչներ:
Աստված պահապան մեր հայրենիքին և Արցախ աշխարհին:
Խորեն Մարդոյան
Կանադա, Տորոնտո
Համայնքային հասարակական գործիչ