Նոր փորձարկումներ՝ պաշտոնական խաղերից առաջ․ Նորվեգիա-Հայաստան
Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է պատրաստվել Ազգերի լիգային։ Երկրորդ ընկերական հանդիպումը տեղի կունենա Նորվեգիայում։
Նորվեգիա
Վերջին Եվրո-2020-ին Նորվեգիայի հավաքականը չկարողացավ մասնակցել՝ միևնույն ժամանակ ամբողջությամբ կենտրոնանալով 2022 թվականի աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու վրա: Ցավոք, հերթական անգամ Սկանդինավիայի հավաքականի բախտը չբերեց։ Որակավորման փուլի 10 տուրերի ընթացքում Ստոլե Սոլբակենի սաները տարել են հինգ հաղթանակ և երեք ոչ-ոքի, ինչից հետո վաստակել են 18 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։
Այս մրցաշարում հարձակման գիծը լավ տեսք ուներ, բայց դա բավարար չէր հաջողության համար։ Վերջին խաղում Նորվեգիայի հավաքականը պարտվեց Հոլանդիային (0:2): Վերջին ընկերական խաղում դաշտի տերերը հաղթեցին Սլովակիային (2:0): Չմոռանանք, որ Նորվեգիայի հավաքականի կազմում է հանդես գալիս եվրոպական ֆուտբոլում ամենապահանջված ֆուտբոլիստներից մեկը՝ Էրլինգ Հալանդը։
Նորվեգիայի հավաքականը, գրեթե մեկ տարի է՝ չի պարտվում սեփական հարկի տակ։
Հայաստան
Հայաստանի հավաքականը հաջող հանդես եկավ Ազգերի լիգայի վերջին մրցաշրջանում, որտեղ թիմն առաջ անցավ Վրաստանից, Էստոնիայից և Հյուսիսային Մակեդոնիայից, ինչն այս առաջնության երկրորդ ուժեղագույն խմբի ուղեգիրը բերեց։
Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլում Խոակին Կապառոսի սաներին հաջողվել է տասը տուրերում տանել երեք հաղթանակ և երեք ոչ-ոքի, որոնք բերել են 12 միավոր և մրցաշարային աղյուսակի միայն չորրորդ հորիզոնականը։ Վերջին ընկերական խաղում ազգային ընտրանին հաղթեց Չեռնոգորիային (1:0):
Ազգային հավաքականի մարզիչ Խոակին Կապառոսը նշում է, որ իրենք ուսումնասիրել են Նորվեգիայի հավաքականի խաղը։
«Մենք սպասում ենք դժվար, բարդ խաղ, որովհետև Նորվեգիայի հավաքականը հիանալի թիմ է, որի կազմում երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստներ են հանդես գալիս: Կարծում եմ, որ շատ շուտով այդ հավաքականը համաշխարհային մակարդակում լուրջ դերակատարություն կունենա:
Իհարկե, շատ կարևոր է իմանալ մրցակցի, այս դեպքում Նորվեգիայի հավաքականի կազմը, սակայն, կարծում եմ, որ այս հանդիպումները, որոնց հետ կապված՝ ֆեդերացիան համապատասխան պայմանավորվածություններ է ձեռք բերել, այն նպատակն են հետապնդում, որ կարողանանք մրցակցել, որովհետև Ազգերի լիգայում մեզ բաժին են հասել բարդ մրցակիցներ»։
Խոակին Կապառոսը նշում է, որ ցանկանում է փորձարկել բոլոր ֆուտբոլիստներին, քանի որ հունիսի 4-ին կա կարևոր հանդիպում, և բոլոր տղաները պետք է փորձառություն ունենան։
«Մենք ձգտում ենք նրան, որ հնարավորինս շատ ֆուտբոլիստներ ունենանք մեր տրամադրության տակ, որպեսզի մրցակցություն լինի: Ես արդեն նշել եմ, որ ֆուտբոլիստի տարիքը նշանակություն չունի՝ կլինի նա 17, 18, թե 19 տարեկան: Պնդում եմ, որ մենք պետք է ֆուտբոլիստների լայն ցուցակ ունենանք, եթե ցանկանում ենք աճել՝ որպես հավաքական: Այս բոլոր երիտասարդների հետ լավ աշխատանք է տարվում, և հուսով ենք, որ, երբ այս տղաները շանս ունենան իրենց արդարացնելու, կօգտվեն դրանից»։
Ազգային հավաքականի հարձակվող Վահան Բիչախչյանը, ով Չեռնոգորիայի հետ խաղում դարձավ հաղթական գոլի հեղինակ, նշում է, որ իրենք ուսումնասիրել են մրցակցի խաղը։
«Արդեն դիտել ենք Նորվեգիայի հավաքականի որոշ հանդիպումներ, և կարող եմ ասել, որ շատ կազմակերպված արագաուժային ֆուտբոլ են ցուցադրում, ունեն ուժեղ անհատականություններ թիմում, հատկապես՝ հարձակման գծում: Բայց ամեն ինչ անելու ենք, որպեսզի կարողանանք հասնել մեզ համար դրական արդյունքի և նորից ուրախացնել մեր ազգին:
Կարող եմ ասել, որ հավաքականում ընկերական հանդիպումներ չկան: Միշտ փորձում ենք լավ խաղալ, ուրախացնել մեր ազգին: Առաջին րոպեից մինչև վերջին րոպեն շատ կազմակերպված ֆուտբոլ խաղացինք, արժանի հաղթանակ տարանք: Հուսով ենք՝ այս հաղթանակը մեզ կօգնի, որպեսզի զարգանանք՝ որպես հավաքական, և կօգնի մեզ հետագայում Ազգերի լիգայում»։
Այս խաղից առաջ հավաքականին է միացել Հովհաննես Համբարձումյանը, ով բացակայում էր նախորդ խաղից՝ կորոնավիրուսի դրական թեստի պատճառով։
Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակն ունի հետևյալ տեսքը՝ Դավիթ Յուրչենկո, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան, Հովհաննես Նազարյան, Ժիրայր Մարգարյան, Արտակ Գրիգորյան, Արման Հովհաննիսյան, Խորեն Բայրամյան, Էդուարդ Սպերցյան, Արտուր Սերոբյան, Գևորգ Ղազարյան, Տիգրան Բարսեղյան, Արման Ներսեսյան, Կամո Հովհաննիսյան, Հովհաննես Հարությունյան, Դավիթ Տերտերյան, Հենրի Ավագյան, Սոլոմոն Ուդո, Էրիկ Վարդանյան, Ժորդի Արարատ, Արտյոմ Ավանեսյան, Ստյոպա Մկրտչյան, Արթուր Միրանյան, Վահան Բիչախչյան։
Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի կունենա այսօր՝ Ժամը 21։00-ին։
Սիրարփի Աղաբաբյան