Գնդակը ԲԴԽ դաշտում է

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Դատական համակարգ» համակարգչային ծրագրի հեղինակ և սպասարկումն ապահովող կազմակերպության և դատական դեպարտամենտի մասնագետների կողմից կատարվում են անհրաժեշտ աշխատանքներ համակարգի ամբողջական շահագործումն ապահովելու համար: Այդ աշխատանքների ավարտի և համակարգի գործարկման մասին նոր տվյալներ լինելու դեպքում՝ լրատվամիջոցներին և հանրությանը կիրազեկենք:

Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) լրատվական ծառայության պաշտոնական պատասխանն էր 168.am-ի այն հարցին, թե, ի վերջո, ե՞րբ է վերագործարկվելու գործերի մակագրման ավտոմատ համակարգը, որը դեռևս նախորդ տարվա հուլիսից առգրավվել էր Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կողմից ինչ-որ քրեական գործի շրջանակներում:

Հիշեցնենք՝ Դատական օրենսգիրքն ամրագրում է դատական գործերի բաշխումը համակարգչային ծրագրով (ավտոմատացված համակարգով)՝ որպես գործերի բաշխման այնպիսի հիմնական եղանակ, որից, ըստ օրենքի, բացառություն կարող է արվել միայն մեկ դեպքում՝ եթե առկա է անհաղթահարելի ուժ, ու այդ անհաղթահարելի ուժի հետևանքով գործերի բաշխումը հնարավոր չէ իրականացնել hամակարգչային ծրագրի միջոցով: Այսինքն՝ օրենքը դրանով ամրագրել է բացառության հաղթահարման բարձր շեմ: Ընդ որում, օրենքում որևէ կերպ չեն բացահայտվում «անհաղթահարելի ուժի» չափանիշները:

168.am-ն օրեր առաջ ևս ԲԴԽ-ին ուղղել էր գործերի մակագրման ավտոմատ համակարգի մասին հարցը և ստացել գրեթե նույն պատասխանը:

Թե ինչու է ԲԴԽ-ն, իսկ ավելի ճիշտ՝ ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը դիմադրում, կարծում ենք՝ այնքան էլ բարդ չէ կռահել: Հավանաբար նոր «լուծման» փնտրտուքի ճանապարհին են քաղաքական իշխանությանը գոհացնելու, իսկ ավելի պարզ ասած՝ Նիկոլ Փաշինյանի կամքը կատարելու և վերահսկելի դատական համակարգ ունենալու համար:

Ի դեպ, դեռևս այս տարվա հունվարի 14-ին Դատավորների ընդհանուր ժողովին մասնակցելու եկած Վերաքննիչ քրեական դատարանի նախկին նախագահ Վազգեն Ռշտունին ԶԼՄ-ների հետ զրույցում ասել էր, որ նախկինում, երբ ինքը դատարանի նախագահ է եղել, էլի քրեական գործերի հետ կապված հետաքրքրություն նկատվել է ԱԱԾ-ի կողմից, սակայն ինքը թույլ չի տվել սերվերն առգրավել:

«Նման խնդիր էլի է եղել: Կոնկրետ Միքայել Համբարձումյանի կողմից, ով այդ ժամանակ աշխատում էր Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ), տնօրեն էր թե տեղակալ, հիմա լավ չեմ հիշում, կապ է հաստատվել ինձ հետ՝ որպես դատարանի նախագահի: Պայմանավորվել ենք, որ հնարավոր չէ սերվերն առգրավել, քանի որ այդ կերպ կխափանվի Վերաքննիչ քրեական դատարանի գործունեությունը: Եվ իրենք եկել են, տեղում ուսումնասիրել են համակարգը մի քանի օրում ու էլի գնացել են»,- ասել էր Վազգեն Ռշտունին՝ նկատելով, որ ամեն դեպքում լուծում գտնվել է, և այս դեպքում էլ հնարավոր էր լուծում գտնել:

Ինչևէ, լուծումը գտնված է. ԱԱԾ-Գլխավոր դատախազություն տանդեմը դեմ չէ համակարգը վերագործարկելուն, ԲԴԽ-ն էլ պնդում է, որ ամեն ինչ անում են համակարգը կրկին գործի դնելու համար:

Ամեն դեպքում գնդակը հիմա ԲԴԽ դաշտում է, համակարգի վերագործարկման ողջ պատասխանատվությունը՝ նույնպես:

Տեսանյութեր

Լրահոս