Գագիկ Ջհանգիրյանը դիմադրում է մինչև վերջ. հրահանգն ուշանում է

Շուրջ 10 ամիս է, Հայաստանում քրեական (և ոչ միայն) գործերը դատավորներին մակագրվում են դատարանների նախագահների, որոշ դեպքերում՝ անգամ աշխատակազմերի ղեկավարների ձեռքով, և չնայած փաստաբանների և խնդրով հետաքրքրված այլ անձանց չդադարող հարցապնդումներին ու բողոքներին, մինչև վերջերս Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ)-Դատախազություն-Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ) եռյակը հով, զով, ապահով վայելում էր իր համատեղ ջանքերի պտուղները:

Դատական օրենսգիրքն ամրագրում է դատական գործերի բաշխումը համակարգչային ծրագրով (ավտոմատացված համակարգով)՝ որպես գործերի բաշխման այնպիսի հիմնական եղանակ, որից, ըստ օրենքի, բացառություն կարող է արվել միայն մեկ դեպքում՝ եթե առկա է անհաղթահարելի ուժ, ու այդ անհաղթահարելի ուժի հետևանքով գործերի բաշխումը հնարավոր չէ իրականացնել hամակարգչային ծրագրի միջոցով: Այսինքն՝ օրենքը դրանով ամրագրել է բացառության հաղթահարման բարձր շեմ: Ընդ որում, օրենքում որևէ կերպ չեն բացահայտվում «անհաղթահարելի ուժի» չափանիշները:

Այդ ընթացքում մեկը մյուսի հետևից տեղի էին ունենում քաղաքական կալանավորումներ, և սա, ըստ ամենայնի, ձեռնտու էր այս եռյակի յուրաքանչյուր օղակի համար:

Սրանից, բնականաբար, օգտվում էր Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ով իր խնդիրներն էր լուծում այս ընթացքում:

Ինչ-որ պահի Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) ինքնուրույն կամ ինչ-որ մեկի համառ ջանքերով հասկանում է՝ քրեական գործերի մակագրման ավտոմատ համակարգի չվերագործարկման ուղիղ պատասխանատուն ինքն է, քանի որ այդ կառույցն է ի սկզբանե եղել համակարգն առգրավելու նախաձեռնողը, և քայլեր է ձեռնարկում առնվազն իր վրայից պատասխանատվությունը մի կողմ դնելու համար: Ու քանի որ մեր պետական համակարգում ամեն ինչ որոշում են կադրերը ու նրանց միջև եղած միջանձնային փոխհարաբերությունները, Արթուր Դավթյան-Սասուն Խաչատրյան բավականին կոշտ ու տգեղ հակամարտության արդյունքում Դատախազությունը որոշում է դեմ չլինել համակարգի վերագործարկմանը, ու սկսվում է Դատախազություն-ԲԴԽ էպոպեան:

Ինչևէ, մի քանի օր տևած փոխհրաձգությունից հետո Դատական դեպարտամենտը մարտի 23-ին հայտարարություն տարածեց, ըստ որի՝ ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ դատական դեպարտամենտին, տեղեկացրել է դատական գործերի համակարգչային մակագրման ծրագրի վերագործարկման թույլատրելիության և քննվող քրեական գործով դրա համար խոչընդոտների բացակայության մասին:

«Ներկայումս «Դատական համակարգ» համակարգչային ծրագրի հեղինակ և սպասարկումն ապահովող կազմակերպության և դատական դեպարտամենտի մասնագետների կողմից կատարվում են նախապատրաստական անհրաժեշտ աշխատանքներ համակարգի ամբողջական շահագործումն ապահովելու համար: Մենք շահագրգիռ ենք մակագրման համակարգչային ծրագրի արագ վերագործարկման հարցում»,- ասված էր տարածված հայտարարության մեջ:

Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով՝ գործերի ձեռքով մակագրման համակարգը արդար դատաքննության իրավունքի խախտում է: Այս հոդվածի մեջ կա արդար և անկողմնակալ դատարանի իրավունքի կոմպոնենտը, ինչն արդար դատաքննության իրավունքի մեխն է:

Ձեռքով մակագրման դեպքում խախտվում է նշյալ իրավունքը, որովհետև այս դեպքում դու պարզապես չես կարող ունենալ արդար և անկողմնակալ դատարան: Օրենքն ասում է՝ եթե ավտոմատ համակարգը խափանվում է, դու պետք է գործերն արդար բաշխես՝ օրինակ, պահպանելով մակագրման այբբենական կարգը, ինչը չի արվում: Բացի դրանից, համակարգը չի կարող 10 ամիս խափանված լինել. Պարզ է, որ համակարգն առգրավվել է կոնկրետ նպատակներով:

Արդար ու անկողմնակալ դատարանի խափանված սկզբունքը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ապագայում Հայաստանի Հանրապետությանը խոստանում է բազում պարտություններ, և դրա համար հենց այսօրվանից է հող նախապատրաստվում: Գրեթե յուրաքանչյուր աղմկահարույց դատավարություն սկսվում է պաշտպանական կողմի՝ դատավորին հայտնած ինքնաբացարկով հենց օրինական չձևավորված դատարանի հիմքով:

Սա նշանակում է, որ յուրաքանչյուր գործով ցանկացած փաստաբան կարող է բողոք տանել ՄԻԵԴ ու հաղթել:

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն այս հարցով դիմել էր Սահմանադրական դատարան ու հրապարակել արտահերթ զեկույց՝ հիմքում դնելով հենց արդար դատաքննության իրավունքի խախտումը:

Ենթադրաբար, այս դիմումը ՍԴ-ն չի բավարարի, չի ճանաչվի ձեռքով մակագրման հակասահմանադրականությունը, քանի որ հակառակ դեպքում լուցկու տուփի պես կքանդվի ողջ պետական իրավական համակարգը, ու ածանցյալ խնդիրներն իրենց երկար սպասեցնել չեն տա:

168.am-ն այսօր դիմել էր ԲԴԽ՝ ցանկանալով ճշտել՝ մարտի 23-ի հայտարարությունից անցել է շուրջ 3 օր, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում մակագրման ավտոմատ համակարգը վերականգնելու ուղղությամբ, ե՞րբ, ի վերջո, կոնկրետ կամ գոնե մոտավորապես կգործարկվի այն, ինչո՞ւ է ուշանում համակարգի գործարկումը:

ԲԴԽ-ի լրատվական ծառայությունից, ի պատասխան մեր հարցերի, հայտնեցին, որ մարտի 23-ին տարածած հայտարարությանն ավելացնելու նոր տվյալներ չունեն:

Փորձենք վերծանել ԲԴԽ պատասխանը՝ մեզ ասել են՝ ոչ մի կերպ համակարգը չգործարկել, ձգել հնարավորինս երկար, բայց չեն ասել՝ ոնց, ավելին, հրահանգել են՝ արեք՝ ինչ ուզում եք, ավտոմատ համակարգը չպիտի աշխատի, բայց մենք էլ արդեն չգիտենք՝ ինչ անենք:

Բարդ է, ինչ խոսք, Գագիկ Ջհանգիրյանի վիճակը. իրեն այդտեղ գործուղել են կոնկրետ նպատակներով, և մինչ այժմ նրան կարծես թե հաջողվում էր կատարել բոլոր հրահանգները: Իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս, ու ԲԴԽ-ում անգամ նորմալ «ցրելու» ռեսուրսներն են սպառվել:

Գագիկ Ջհանգիրյանը «վա բանկ» է գնալու, և մեծ հաշվով դա անելու համար առանձնապես կորցնելու բան չունի: Խնդիրն այստեղ ԲԴԽ անդամներն են. իրե՞նք էլ կորցնելու ոչինչ չունեն, և իրե՞նք էլ թքած ունեն պետության վրա՝ ընդհանուր առմամբ, և դատական համակարգի վրա՝ մասնավորապես:

Տեսանյութեր

Լրահոս