«Կոնկրետ Միքայել Համբարձումյանի կողմից կապ է հաստատվել ինձ հետ՝ որպես դատարանի նախագահի, պայմանավորվել ենք, որ հնարավոր չէ սերվերն առգրավել». Վազգեն Ռշտունի

Ես չեմ հասկանում՝ Ժողովը բոյկոտելու իմաստը որն է, որովհետև տարիներ շարունակ մենք Դատավորների միության նախագահ չունենք: Ամեն դեպքում չեմ կարծում, որ բոյկոտողներ շատ կլինեն:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին, ով մասնակցում է Դատավորների ընդհանուր ժողովին:

«Պարոն Ազարյանը հանդիսանում է քրեական արդարադատության առաջամարտիկներից մեկը, հետևաբար՝ տրամաբանական է, որ հենց նրան են առաջարկել ինքնառաջադրվել, որովհետև վերջինս լավագույնս կներկայացնի դատավորների շահերը հասարակական հարաբերություններում»,- ասաց Վազգեն Ռշտունին:

Իր նկատմամբ Արդարադատության նախարարության կողմից հարուցված կարգապահական վարույթի առնչությամբ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորը չցանկացավ խոսել՝ նշելով, որ իրենց ասելիքը կասեն Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) քննվելիք վարույթի ընթացքում:

Ինչ վերաբերում է քրեական գործերի մակագրման էլեկտրոնային համակարգը առգրավելուն ու արդեն 8 ամիս ձեռքով մակագրման պրակտիկային, Վազգեն Ռշտունին ասաց, որ ինքը չի կարող դրական վերաբերվել դրան, քանի որ տարիներ ի վեր բազմաթիվ միջազգային կազմակերպություններ պայքարել են, որ այդ համակարգը գործի:

«Նման խնդիր էլի է եղել: Կոնկրետ Միքայել Համբարձումյանի կողմից, ով այդ ժամանակ աշխատում էր Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ), տնօրեն էր թե տեղակալ, հիմա լավ չեմ հիշում, կապ է հաստատվել ինձ հետ՝ որպես դատարանի նախագահի: Պայմանավորվել ենք, որ հնարավոր չէ սերվերն առգրավել, քանի որ այդ կերպ կխափանվի Վերաքննիչ քրեական դատարանի գործունեությունը: Եվ իրենք եկել են, տեղում ուսումնասիրել են համակարգը մի քանի օրում ու էլի գնացել են»,- ասաց Վազգեն Ռշտունին՝ նկատելով, որ ամեն դեպքում լուծում գտնվել է, և այս դեպքում էլ հնարավոր էր լուծում գտնել:

Վերջինս նկատում է՝ կարելի էր համակարգիչն առգրավելուց առաջ այն փոխարինել ուրիշով:

Ըստ նրա՝ եղել են դեպքեր, երբ քրեական գործն առգրավելու խնդիր է առաջացել, ինքը կրկին թույլ չի տվել, և էլի եկել են ու տեղում ուսումնասիրել այն:

Ինչ վերաբերում է ձեռքով մակագրման օրինականությանը, Վազգեն Ռշտունին ասաց՝ համենայն դեպս մակագրումների համաչափությունը պահպանված չէ:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս