Մենք պատրաստ ենք երկխոսության. Սիմոնյանը ԱՊՀ ՄԽ վեհաժողովի պատվիրակներին ներկայացրել է Ադրբեջանի սադրանքները

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջոցառմանը ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի ներկա իրավիճակին, ադրբեջանական զինված ուժերի ներխուժմանը ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի, շեշտել եռակողմ հայտարարությունների ամբողջական կատարման կարևորությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ազգային ժողովից:

Ալեն Սիմոնյանն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը նախ շնորհավորել է ԱՊՀ պատվիրակներին հոբելյանական տարվա առթիվ:

ԱԺ նախագահը հիմնականում անդրադարձել է Ալմաթիի հռչակագրի ստորագրումից հետո միջպետական եւ բազմազգ ձեւաչափով գործող ԱՊՀ միջխորհրդարանական համագործակցությանը: Նա նշել է, որ ԱՊՀ-ն նպաստել է քաղաքական, սոցիալ-տնտեսական, հումանիտար կապերի պահպանմանն ու ամրապնդմանը, ներդրում է ունեցել հետխորհրդային տարածքում մեր երկրների պետականաշինության հետագա զարգացման գործում:

Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ երեք տասնամյակ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի համատեղ ջանքերով ստեղծվել է մոդելային օրինաստեղծ գործունեության բազա, որը կարգավորում է տարբեր ոլորտներ: Նա հավաստիացրել է, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել միջազգային ասպարեզում ԱՊՀ ՄԽՎ-ի դերի բարձրացման, միջազգային, տարածաշրջանային կազմակերպությունների եւ գործընկերների հետ կառույցի փոխգործակցության ուժեղացման օգտին: Խոսելով խորհրդարանական դիվանագիտության դերի եւ հնարավորությունների մասին՝ խորհրդարանի նախագահը կարեւորել է այն, հատկապես, խաղաղության եւ անվտանգության հարցերում:

Ներկաների ուշադրությունը հրավիրելով Լեռնային Ղարաբաղի ներկա իրավիճակին՝ Ալեն Սիմոնյանը, մասնավորապես, անդրադարձել է մարտի 24-ին ադրբեջանական զինված ուժերի ներխուժմանը ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող ԼՂ Ասկերանի շրջանի Փարուխ գյուղ՝ դրանով իսկ կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը: Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ զենքի եւ անօդաչու ավիացիայի կիրառումը հերթական անգամ հանգեցրել է մարդկային զոհերի, կան վիրավորներ:

«Ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը գործնական քայլեր կձեռնարկի իրավիճակի կարգավորման եւ նոր զոհերի ու մարտական գործողությունների կանխման համար եւ ադրբեջանական ուժերը կվերադարձնի մարտի 23-ի դիրքեր»,-նշել է նա:

Խորհրդարանի ղեկավարի բնութագրմամբ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը շատ լարված է: Նա ընդգծել է, որ այդ բնույթի գործողություններն աշխարհում անվտանգության իրավիճակի կտրուկ սրման հետ մեկտեղ կարող են տարածաշրջանում նոր էսկալացիայի հանգեցնել: Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ՌԴ ՊՆ-ի հասցեական հայտարարությունը, որը, սակայն, արժանացել է ադրբեջանական կողմի հակազդեցությանը: ԱԺ նախագահը գործընկերներին տեղեկացրել է, որ դեռեւս լուծված չեն հետպատերազմյան հումանիտար եւ այլ բնույթի խնդիրներ՝ շեշտելով հայ ռազմագերիների, պատանդների հարցը, որոնց թիվը, ըստ Ադրբեջանի կողմից հաստատված տվյալների, 38 է:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմական, մշակութային եւ հոգեւոր ժառանգության պահպանման հարցերն օրհասական են:

«Հիմնարար եւ սկզբունքային են Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների եւ ազատությունների երաշխավորումը, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ այդ հակամարտությունը ոչ թե տարածքային, այլ իրավունքի հարց է: Այս համատեքստում կարեւոր ենք համարում Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահների կողմից 2020թ. նոյեմբերի 9-ին, ինչպես նաեւ 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ընդունված եռակողմ հայտարարությունների ամբողջական կատարումը: Ինչպես նախկինում, Հայաստանը կարեւորում է հարեւան պետությունների հետ նորմալ հարաբերությունները: Մենք պատրաստ ենք երկխոսության, որը պետք է հանգեցնի տարածաշրջանում տեւական խաղաղության հաստատմանը եւ այդ պատճառով հաստատելով նախկինում ձեւակերպված դիրքորոշումը՝ առաջարկում ենք Ադրբեջանին անհապաղ բանակցություններ սկսել խաղաղ պայմանագրի կնքման շուրջ»,- ելույթի եզրափակիչ հատվածում ասել է ՀՀ ԱԺ նախագահը:

Տեսանյութեր

Լրահոս