Բաժիններ՝

«Քննարկում կա, բայց թե ինչ զարգացում ու ընթացք կա՝ չեմ կարող ասել». ՀԾԿՀ նախագահը՝ գազի դիմաց ռուբլով վճարելու մասին

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արած այն հայտարարությանը, թե ըստ էության քննարկվում է գազի սակագինը ռուբլիով վճարելու հարցը։

«Կարող եմ ասել, որ կա քննարկում, բայց թե ինչ զարգացում ու ընթացք կա, չեմ կարող ասել։ Թե ինչ ազդեցություն կունենա դա գազի սակագնի վրա, ապա կարող եմ ասել, որ այն մեթոդաբանությունը, որը քննարկվել է «Գազպրոմի» հետ և շուտով կընդունվի, նաև շահագրգիռ կողմերի հետ նույնիսկ նախատեսում ենք քննարկել մեթոդաբանությունը։ Ուզում ենք «Գազպրոմում» առաջիկա 10 տարիների համար դնել  որոշակի կայուն գնային քաղաքականություն, այսինքն՝ արդյունքի վրա հիմնված քաղաքականություն։ Ֆիքսենք որոշակի կորուստներ և ծախսեր, իսկ որոշակի տարիներից հետո պետք է ունենանք կոնկրետ արդյունքային ցուցանիշներ, կորուստների նվազեցում, ծախսերի կրճատում։ Այս մեթոդաբանության շրջանակներում նաև այն դրական ու բացասական գումարները, որոնք կառաջանան կորստի տատանումից կամ գազի ծավալի փոփոխությունից, բոլորն ընկերությունը կփոխհատուցի»,- նշեց Գ. Բաղրամյանը։

Նրա կարծիքով՝ քանի դեռ գազի սակագինը ռուբլիով վճարելու քննարկումներ են ընթանում և հստակ որևէ բան չկա, լավ կլիներ, որ վճարումը տեղի ունենար կայուն սակագնով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս