Հայաստանը՝ տգիտության ու շիզոֆրենիայի գերության մեջ
Կառավարման մեջ, հատկապես՝ պետական կառավարման բնագավառում, տարածված է «ինստիտուցիոնալ հիշողություն» հասկացությունը։ Դրանով սովորաբար բնութագրվում է պետական կառավարման համակարգի, տարբեր ինստիտուտների կապը անցյալի հետ, այն իմաստով, որ անկախ անձերից, համակարգերն իրականացնում են քաղաքականություն, որը հիմնված է ոչ միայն այսօրվա իրողությունների, այլ նաև անցյալից եկող ժառանգության, այսպես կոչված՝ պետական հիշողության վրա։
Նիկոլ Փաշինյանը՝ իշխանության գալով, ըստ էության, զրոյացրեց Հայաստանի «ինստիտուցիոնալ հիշողությունը»՝ ամեն ինչ սկսելով, ինչպես ինքն է սիրում ասել, իր կետից։
«Իր կետից» սկսելու արդյունքները երկար սպասեցնել չտվեցին։ Դրա համար մենք բոլորս վճարեցինք Արցախի մեծ մասի կորստով ու հազարավոր զոհերով։ Բայց Հայաստանը այս իշխանությունների շնորհիվ շարունակում է ապրել առանց «ինստիտուցիոնալ հիոշողության», հետևաբար՝ նոր աղետները դեռ առջևում են…
Մեր պետական կառավարման համակարգում, սակայն, խնդիրը միայն «ինստիտուցիոնալ հիշողության» չգոյությունը չէ։ Մեծ հաշվով, հիմա Հայաստանն ապրում է «ինստիտուցիոնալ տգիտության» կամ «համակարգային անմեղսունակության» պայմաններում։ Պետական կառավարման համակարգի տարբեր մարմիների կայացրած անհեթեթ որոշումները, սկսած աղամանների արգելքից՝ մինչև նաև բաց տարածքներում ծխելու արգելք, դրա հատվածական դրսևորումներից են։ Ցանկացած համակարգ, այդ թվում՝ պետական կառավարման համակարգը, յուրահատուկ օրգանիզմ է՝ մարդկային օրգանիզմին բնորոշ հատկանիշներով։
Այդ տեսանկյունից Հայաստանի պետական կառավարման համակարգում ախտահարված է ամենակարևոր օրգանը՝ ուղեղը։ Այն մեծ չափով զերծ է բանականությունից ու գիտակցությունից։ Չնայած այդ համակարգում դեռևս շարունակում են գործել քիչ թվով, այդուհանդերձ կոմպետենտ, բանիմաց մարդիկ, սակայն համակարգն ինքնին՝ ամբողջության մեջ, գտնվում է շիզոֆրենիայի կամ որևէ այլ հոգեշեղման ռեժիմում, որում կայացվող որոշումներն իրենց վրա կրում են ոչ թե բանիմացների, այլ «ինստիտուցիոնալ տգիտության» ազդեցությունը։
Օրինակ, հնարավոր է՝ արտաքին քաղաքականության ոլորտում դեռևս մնացել են ուսյալ դիվանագետներ, պրոֆեսիոնալներ, որոնք իրենց զեկույցներում ու երաշխավորություններում մանրամասն նկարագրում են, թե ինչպես պետք է իրեն դրսևորի երկրի արտգործնախարարը մի պետության արտգործնախարարի հետ հանդիպման ընթացքում, որի հետ չկան դիվանագիտական հարաբերություններ և կա հարյուրամյա թշնամանք։ Բայց այդ երաշխավորությունները որևէ նշանակություն չեն ունենում, և Արարատ, իսկ ըստ թուրքերի՝ Արաբատ Միրզոյանը թուրք տանտիրոջ հետ ժպտում է դեմքի այնպիսի արտահայտությամբ, ինչպիսին որ ունեցած կլինի սեփական սառնարանի վարկի մարման մասին լուրը լսելիս։
Կոնկրետ այդ օրինակը ոչ թե «ինստիտուցիոնալ հիշողության», այլ «ինստիտուցիոնալ դեմենցիայի» ու համակարգային անմեղսունակության արտահայտություն է, որը ևս մեկ քայլով ախտահարում է առանց այդ էլ խեղված հայկական պետականության ուղեղը։ Ինստիտուցիոնալ տգիտության ամենամեծ շահառուն Նիկոլ Փաշինյանն է, որի համար համակարգային անմեղսունակությունը հրաշալի միջոց է սեփական որոշումներն ու քայլերն արդարացնելու, դրանք պետական կառավարման համակարգի վրա «գրելու» իմաստով։
Ինստիտուցիոնալ տգիտության ամենամեծ տուժողը հասարակությունն է, որը, սակայն, կարծես տարրալուծվել է համակարգային անմեղսունակության շքահանդեսում և իրեն դեռևս հարմարավետ է զգում հակաբանական այն իրավիճակում, որում այսօր գտնվում է Հայաստանը։
Հարություն Ավետիսյան