«Ի՞նչ ասել է՝ աջակցության կարիք չունեն․ սարսափելի վիճակ է, մարդիկ տաք ճաշ ուտելուց բռնած՝ ամեն ինչի կարիք ունեն». Թեհմինա Վարդանյանը՝ արցախցիների մասին
Գրեթե մեկ շաբաթ է՝ Արցախի բոլոր բնակավայրերը զրկված են գազից․ Ադրբեջանի հսկողության տակ անցած Շուշի-Լիսագոր հատվածում վթարվել է Հայաստանից Արցախ գազ հասցնող մայր գազատարը, ադրբեջանական կողմը թույլ չի տալիս մոտենալ ու վթարի վերացման աշխատանք կատարել:
Երևանի ավագանու այսօրվա նիստին խնդրին անդրադարձան ավագանու անդամներ Իզաբելլա Աբգարյանն ու Թեհմինա Վարդանյանը:
«Շատ լավ պատկերացնում ենք, թե ինչ է նշանակում կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքի բացակայությունը: Ուզում էի հարցնել՝ արդյո՞ք կապի մեջ եք Արցախի մեր գործընկերների հետ, և արդյո՞ք Երևանը պատրաստվում է ինչ-որ կերպ օգնել Արցախի ժողովրդին՝ դիմակայելու Ադրբեջանի հերթական հակահումանիստական քայլին, որը ուղղված է Արցախի հայաթափմանը»,- դիմելով Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին՝ հարցրեց Իզաբելլա Աբգարյանը:
Հրաչյա Սարգսյանը պատասխանեց, որ խնդրի մասին տեղյակ են, և այս պահի դրությամբ, որպես այդպիսին, աջակցության կարիք չկա: Հարցը նաև Կառավարության ուշադրության ներքո է գտնվում:
«Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն էլ՝ շարունակելով գործընկերոջ խոսքը, հարցրեց.
«Մենք այսօր օրակարգում չունենք կարևոր մեկ հարց: Ստեփանակերտը Հայաստանի երկրորդ մայրաքաղաքն է, և մենք որևէ միջոց չենք ձեռնարկում: Դուք ասում եք՝ կառավարությունը խնդրին տեղյակ է, խոսել ենք, աջակցության կարիք չունեն: Ի՞նչ ասել է՝ աջակցության կարիք չունեն: Այդ մարդիկ ուղղակի տաք ճաշ ուտելուց բռնած՝ ամեն ինչի կարիք ունեն: Առաջարկում եմ՝ 5000 դրամ է, 6000 դրամ է, փոքրիկ էլեկտրական տաքացուցիչներ կամ գազօջախ գնենք: Մենք այսօր այստեղ ուղղակի ծաղիկ ենք նկարում, բանտիկներից ենք խոսում, բայց այնտեղ կա լուրջ խնդիր, ու գումար չենք նախատեսում, սա ինչի՞ մասին է խոսում: Այն միայն Երևանի օրերն անցկացնելու համար չէ: Արցախի բնակիչները այս կարևոր, հոգեբանորեն ճնշված պահին կարող են զգալ Երևանի և երևանցու ուժը: Այնտեղ իսկապես սարսափելի վիճակ է»:
Երևանի քաղաքապետը արձագանքեց՝ ասելով, որ պետությունը, համայնքը միշտ կանգնած է Արցախի թիկունքին և պատրաստ են աջակցել: