Միջանցք՝ առանց Հայաստանի. Ադրբեջանը Փաշինյանի հայտարարությունները թողեց «թղթի վրա»
Ադրբեջանի և Իրանի կառավարությունները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, այսպես կոչված` «Արևելյան Զանգեզուրի» տնտեսական շրջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Իրանի տարածքով հաղորդակցության նոր կապեր ստեղծելու մասին:
Փաստաթղթի նպատակը Նախիջևանի հետ նոր երկաթուղային և ճանապարհային կապեր հաստատելն է, ինչպես նաև կապի և էլեկտրամատակարարման գծեր անցկացնելը: Այս նպատակին հասնելու համար նախատեսվում է Արաքս գետի վրայով կառուցել չորս կամուրջ (երկու ճանապարհային և երկու երկաթուղային), ինչպես նաև՝ կապի և էներգետիկ ենթակառուցվածքներ։
Ի դեպ, այդ կամուրջները ՀՀ պետական սահմանից 5 կմ հեռավորության վրա են լինելու:
Ընդ որում, նախագծային փաստաթղթերի պատրաստման, «Արևելյան Զանգեզուրի» տնտեսական շրջանը Իրանի հետ կապող ավտոմոբիլային կամուրջի շինարարությունը և դրա վերահսկողությունը ֆինանսավորելու է ադրբեջանական կողմը, իսկ Իրանը Նախիջևանի Օրդուբադ շրջանի հետ կապող ավտոմոբիլային կամրջի շինարարությունն իրանական կողմն է ֆինանսավորելու:
Հուշագրի միջոցով, լայն իմաստով, փորձ է արվում ռազմավարական փոփոխություններ մտցնել տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցության քարտեզում և ներգրավել նոր նախագծեր: Սա է նպատակը, որ հուշագիրը կնքվել է անորոշ ժամանակով:
Ինչ վերաբերում է քաղաքական նպատակին, ապա ստանալ միջանցք՝ առանց Հայաստանի: Իսկ սրա մասին ադրբեջանական կողմը զգուշացրել էր:
Մոտ մեկ ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը խոսել էր Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի նախաորակավորման մրցույթի մասին՝ նշելով, որ նախագծի արժեքը մի քանի հարյուր միլիոն դոլար է:
«Այս մասշտաբի ներդրումային ծրագիր, ըստ էության, Հայաստանի անկախության պատմության մեջ չի իրականացվել: Ուզում եմ ասել, որ վերջին շրջանի մեր քննարկումների արդյունքում, նկատի ունեմ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման, Հյուսիս-Հարավ նախագիծը, ըստ էության, մենք վերաձևակերպել ենք և դարձրել ենք Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք նախագիծ: Հույս ունենք, որ մեծ տեմպերով այս նախագիծը կիրականացնենք: Ըստ էության, սա նշանակում է, որ այդ ճանապարհի ճյուղերից մեկը, նկատի ունեմ՝ Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք, կամ, եթե կարճ ասենք՝ հայկական խաչմերուկի ճյուղերից մեկը, կկապի հյուսիսը հարավին, այսինքն, ըստ էության, Հայաստանի Հանրապետությունից դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, մյուս ճյուղը, ըստ էության, Ադրբեջան, Հայաստան և հետագայում՝ դեպի Նախիջևան, Թուրքիա: Եվ մենք այս նախագիծը տեղավորում ենք ահա այս ընդհանուր կոնտեքստում»,- հայտարարել էր Փաշինյանը՝ հավելելով, որ Արևելք-Արևմուտքի նախագծային հատվածն արված չէ, «բայց հընթացս քաղաքական պայմանավորվածությունների և համաձայնությունների ձեռքբերման համատեքստում շատ արագ կիրականացնեն նաև այդ հատվածը»:
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովն արձագանքել էր Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը և նշել, որ Փաշինյանը հերթական անգամ դիմում է մանիպուլյացիայի:
Իսկ ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը գրել էր.
««Զանգեզուրի միջանցքը», որը ձգվում է Ադրբեջանի արևմտյան շրջաններից դեպի Նախիջևան, և հետո՝ Թուրքիա, իրականում hատվում է երկաթուղային գծի հետ, որը կարող է միանալ նախագծին: Բայց սա՝ ոչ թե ՀՀ տարածքում, այլ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության: Բանն այն է, որ Հայաստան-Իրան երկաթգիծը (նախագծի հայկական հատվածը) անցնում է Նախիջևանի տարածքով: Այդ գիծը գոյություն ուներ դեռ խորհրդային ժամանակներից և դադարել է գործել պատերազմը սկսվելուց հետո: Բայց, ի տարբերություն Զանգեզուրով անցնող ճանապարհի, այն հիմնականում պահպանվել է: Հայաստանում վստահ են, որ այս ճանապարհներով շարժը հնարավոր է վերականգնել առավելագույնը մեկ տարում: Բայց սա՝ եթե խոսքը երկաթգծային ճանապարհի մասին է»:
Ադրբեջանական կողմի դիտարկմամբ՝ Փաշինյանը փորձում է Հյուսիս-Հարավ նախագիծը կապել տարածաշրջանում կոմունիկացիաների բացման հարցի հետ, մինչդեռ, ըստ ադրբեջանական վերլուծաբանների, իրանական կողմը հասկացրել է Հայաստանին, որ «Հյուսիս-Հարավը» ոչ մի առնչություն չունի «Զանգեզուրի միջանցքի» հետ:
«Հյուսիս-Հարավը և Արևելք-Արևմուտքը որոշվում է աշխարհագրությամբ, ոչ թե փաշինյանական ցանկություններով: Փաշինյանն իշխանության եկել է մեդիայից: Նա սովոր է մանիպուլյացիայի, և հաճախ կորցնում է իրականության և քարոզչության միջև ընկած սահմանը»,- day.az-ի հետ զրույցում ասել էր քաղաքագետ, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը։
Հիշեցնենք, որ 2020-ի նոյեմբերի 13-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ցանկանում են, որ Հայաստան-Իրան երկաթուղին աշխատի՝ Նախիջևանով: Իսկ դրանից հետո վստահեցրել էր, թե Ադրբեջանը Հայաստանով պիտի հաղորդակցություն ունենա դեպի Նախիջևան, Վրաստան, Իրան, Հայաստանը՝ Ադրբեջանով դեպի ՌԴ, Կենտրոնական Ասիա ու Իրան:
Այն ժամանակ 168.am-ը ներկայացրել էր, թե ի՞նչ կերպ է այսօր Ադրբեջանը «մտնում» Իրան, ինչի՞ համար է պետք Հայաստանը, խոսել էին նաև Իրանի շահերից:
2021-ի հուլիսի 20-ին Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը շնորհակալություն էր հայտնել Իրանի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ շնորհավորանքների համար:
Ալիևին հասցեագրված ուղերձում նա Ադրբեջանի ղեկավարին շնորհավորել էր «բռնազավթված տարածքների ազատագրման, այդ տարածքներում Ադրբեջանի պետական իշխանության վերականգնման և պետական սահմանների վերահսկողության հաստատման կապակցությամբ»:
Մեզ հետ զրույցում Alikonline-ի պատասխանատու-խմբագիր Արամ Շահնազարյանը նշել էր, որ ԻԻՀ նորընտիր նախագահ Ռայիսիի՝ Ալիևին ուղղված շնորհավորական ուղերձը հիմնականում պետք է դիտարկել դիվանագիտական ընդունված արարողակարգերի տրամաբանության շրջանակում, միաժամանակ չպետք է անտեսել որոշ կարևոր հանգամանքներ:
«Առաջին՝ Ռայիսիի գերխնդիրը երկրի անմխիթար տնտեսական իրավիճակի կարգավորումն է, որը երկրում բազմաթիվ սոցիալ-տնտեսական լրջագույն մարտահրավերների պատճառ է դարձել: Նորընտիր նախագահին առաջին հերթին անհրաժեշտ է սահմաններում կայունություն՝ բազմաթիվ ներքին մարտահրավերների վրա կենտրոնանալու համար: Երկրորդ. ՀՀ գործող իշխանություններին դեռևս չի հաջողվել մշակել առկա իրողությանը համահունչ արտաքին քաղաքական ռազմավարություն, ինչը չի կարող իր բացասական ազդեցությունը չունենալ Իրան-Հայաստան հարաբերությունների ընթացքի և դրանց հնարավոր զարգացման վրա, այն դեպքում, երբ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առիթով Ռայիսիին ուղղված շնորհավորական ուղերձում Ադրբեջանի նախագահ Ալիևը բարձր է գնահատել երկու երկրների «ռազմավարական համագործակցությունը»՝ շեշտելով, որ Իրանի և Ադրբեջանի միջև «սահմանների ամբողջական վերականգնումը» նոր հորիզոններ է բացում երկկողմ և տարածաշրջանային հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ:
Թեհրանում որոշակի փորձագիտական շրջանակներ սա մեկնաբանում են՝ որպես Իրանին ուղղված հրավեր՝ դառնալու գլխավոր շահառուներից մեկը՝ Հարավային Կովկասում հետպատերազմյան շրջանում ձևավորված նոր ստատուս-քվոյի պայմաններում: Երրորդ և, թերևս, ամենակարևորը. Թեհրանում լուրջ կասկածներ կան առ այն, որ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի և Իրանի օգնության միջոցով, թուրք-ադրբեջանական տանդեմի ճնշմանը դիմակայելու փոխարեն, փորձելու է միակողմանի զիջումների և խաղաղության պայմանագրի ստորագրմամբ կարգավորել հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ»,- մանրամասնել էր Արամ Շահնազարյանը:
Այսինքն՝ Իրանը, որը 44-օրյա պատերազմի համատեքստում կորցրել էր տարածաշրջանում իր շոշափելի դերակատարումը, փորձում է Ադրբեջանի միջոցով վերականգնել այն, նաև այդկերպ լուծել տնտեսական և արտաքին քաղաքական այլ խնդիրներ:
Հիշեցնենք, որ Իրանը Չինաստանի հետ անցած տարի գարնանը ստորագրեց 25 տարվա համագործակցության համաձայնագիր, որում առկա էին քաղաքական, ռազմավարական և տնտեսական բաղադրիչներ: Խոսքը, սակայն, նախևառաջ էներգետիկ սեկտորի և նոր ենթակառույցների ստեղծման մասին է: Եվ, ըստ էության, այս համաձայնագրում որոշ նպատակների հասնելու համար Իրանին պետք էր լինելու հարևաններից մեկի «օգնությունը»:
Ի դեպ, փաստաթղթի ստորագրումից ամիսներ առաջ համացանցում հայտնվել էր մի փաստաթուղթ, որը ներկայացվում էր՝ որպես 25-ամյա համապարփակ համագործակցության ծրագրի «սևագիր» տարբերակ:
«Օրբելի» վերլուծական կենտրոնի ներկայացմամբ, նշված փաստաթղթում խոսվում էր միջազգային տարանցիկ տարբեր միջանցքների մասին, և ի տարբերություն Թուրքիայի ու Ադրբեջանի՝ Հայաստանի մասին որևէ հիշատակում չկար:
Ըստ այդմ՝ Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանն առնչվող հատվածում ընդգծվել էր, որ կողմերը ողջունում են հարևան կամ երրորդ երկրների մասնակցությամբ բազմակողմ համագործակցությունը:
«Հաշվի առնելով ընդհանուր շահերը՝ խորհրդակցության և համագործակցության միջոցով ակտիվ մասնակցություն ապահովել Հարավ-Հյուսիս (Չաբահարի նավահանգիստ-Կենտրոնական Ասիա) և Հարավ-Արևմուտք (Չաբահար և Բանդարաբբաս-Թուրքիա և Ադրբեջան) միջանցքներում»,- նշվել էր այդ փաստաթղթում:
Ի դեպ, 168.am-ը գրել էր, որ Իրանում գեներացնում են այս տեսակետը, որ՝ եթե պիտի Մեղրիի միջանցք տրվի Ադրբեջան-Նախիջևան կապի համար, մի միջանցք էլ պիտի տրվի Նախիջևանի տարածքով, որ Իրանը կարողանա կապ ունենալ ՀՀ-ի հետ և ՀՀ-ի վրայով դեպի հյուսիս:
Նման հստակ առաջարկ արվե՞լ է, թե՞ ոչ, փաստն այն է, որ Իրանն ընդունել է Հարավային Կովկասում ազդեցիկ շահառու դառնալու Ադրբեջանի հրավերը, իսկ Հայաստանը Նիկոլ Փաշինյանի կառավարության շնորհիվ շարունակելու է սպառել իրեն պարտադրված առաջարկները: