Մարտի 16-ին Վարդենիսի ավագանին համայնքապետ կընտրի

Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքում, որտեղ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո կրքերը չէին հանդարտվում, կարծես հանգուցալուծում է սպասվում, այսօր հայտնի է դարձել ավագանու արտահերթ նիստի օրը։

«Ինչպես գիտեք, Վարչական դատարանը 2021 թվականի դեկտեմբերի 30-ի ավագանու թիվ 1 որոշումն անվավեր էր ճանաչել, այն օրինական ուժի մեջ է մտել 2022 թվականի մարտի 2-ին։ Երեկ վարչական դատարանը Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմին տրամադրել է 2-րդ կնիքով վճռի օրինակը, դրանից հետո Վարդենիսի ավագանին պարտավոր է գումարել արտահերթ նիստ, օրակարգում համայնքի ղեկավարի ընտրության և երդմնակալության հարցերն են։

Ավագանու արտահերթ նիստը տեղի կունենա մարտի 16-ին, ժամը 11։00-ին»,- ասաց 168.am-ի աղբյուրը Վարդենիսից։

Նշենք, որ Վարդենիսում ընտրապայքարի մեջ են ավագանու անդամ 3 ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ահարոն «Խաչատրյան» և Միասնական Վարդենիս» կուսակցությունները։

Հիշեցնենք, որ չեղյալ հայտարարված համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ նշված ոչ իշխանական երկու կուսակցությունները կոալիցիա էին կազմել և հաղթել իշխանական ՔՊ-ին։ Ի դեպ, նրանք հայտարարել են, որ «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» կուսակցությունները կրկին համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրելու են Ահարոն Խաչատրյանի թեկնածությունը։

Հիշեցնենք, որ Վարդենիսի խոշորացված համայնքում 2021 թվականի դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո ավագանու 27 մանդատներից 13-ը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն են, իսկ մյուս 2 խմբակցությունները միավորվել են և ունեն ընդհանուր թվով 14 մանդատ: Դեկտեմբերի 30-ին համայնքապետարանում տեղի ունեցավ ավագանու անդրանիկ նիստը, որի ժամանակ համայնքի ղեկավար ընտրվեց Ահարոն Խաչատրյանը, սակայն ավագանու ՔՊ-ական անդամները պնդում էին, որ այդ նիստը տեղի է ունեցել օրենքի խախտումով, և Ահարոն Խաչատրյանին չեն ընդունում՝ որպես համայնքապետ։ Ավելին, հունվարի 4-ին համայնքապետի երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ դրսում՝ համայնքապետարանի շենքի դիմաց, քանի որ նախկին համայնքապետ, ՔՊ-ական Արամ Մելքոնյանը ոստիկաններին հանձնարարել էր ավագանու ընդդիմադիր անդամներին ներս չթողնել։

Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները դատարան հայց էին ներկայացրել՝ պահանջելով անվավեր ճանաչել դեկտեմբերի 30-ի ավագանու ընդդիմադիր անդամների անցկացրած անդրանիկ նիստը, որի ընթացքում համայնքի ղեկավար էր ընտրվել Ահարոն Խաչատրյանը։ Դատարանը փետրվարի 2-ին մասնակի բավարարեց հայցադիմումը։

Տեսանյութեր

Լրահոս