«Վարդենիսում ավագանու նոր նիստ չի լինելու, այս անհեթեթ դատական ակտը բողոքարկելու ենք Վերաքննիչ դատարան»․ փաստաբան Հարությունյան

Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները դատարան հայց էին ներկայացրել՝ պահանջելով անվավեր ճանաչել դեկտեմբերի 30-ի ավագանու ընդդիմադիր անդամների անցկացրած անդրանիկ նիստը, որի ընթացքում համայնքի ղեկավար էր ընտրվել Ահարոն Խաչատրյանը։

«Ահարոն Խաչատրյան» դաշինքի շահերի պաշտպան, փաստաբան Վարազդատ Հարությունյանը դատարանում լրագրողների հետո զրույցում նախ ասաց, որ Վարչական դատարանն այսօր հրապարակած վճռով մասնակի է բավարարել հայցադիմումը։

«Հայցվոր ՔՊ-ն պահանջում էր անվավեր ճանաչել Վարդենիս համայնքի ավագանու առաջին նիստի թիվ առաջին որոշումը, որն արձանագրային որոշում էր ու վերաբերում էր համայնքի ղեկավարի ընտրության արդյունքների ամփոփմանը և որպես հետևանք՝ անվավեր ճանաչել համայնքի ղեկավարի ընտրությունը։ Հիմա դատարանը մասնակի բավարարել է, հետևանքի մասով մերժել է, բայց այդ արձանագրային որոշումը անվավեր է ճանաչել»։

Փաստաբանի պարզաբանմամբ՝ դատարանը անվավեր չի ճանաչել Ահարոն Խաչատրյանին ընտրելու պրոցեսը, ավելին, ըստ Վարազդատ Հարությունյանի՝ պրոցեսը չի էլ վիճարկվել.

«Այսինքն՝ մենք հիմա ունենք մի դատական ակտ, որով ընդամենն արձանագրային որոշումն է անվավեր ճանաչվել ու ընդհանրապես անհասկանալի է՝ բա բուն ընտրությո՞ւնը»:

Փաստաբանն ասաց, որ դատական ակտին մանրամասն ծանոթանալուց հետո բողոքարկելու են Վերաքննիչ դատարան, դիտարկելու են նաև դատական ակտի մասով հաղորդում ներկայացնելու հնարավորությունը, փաստաբանի գնահատմամբ՝ խոսքը վերաբերում է ակնհայտ ապօրինի դատական ակտ ներկայացնելու մասին.

«Սա այն «անշառ» դատական ակտն էր, որը դատարանը եղած ազդեցությունների շրջանակում կկարողանար տալ ու ասել՝ ես նորմալ դատական ակտ եմ տվել, բայց դատական ակտն ինքնին անհասկանալի է, վճռի բովանդակությունն անհասկանալի է այնքանով, որքանով: Ավագանու նոր նիստ չի լինելու, մենք այս անհեթեթ դատական ակտը բողոքարկելու ենք Վերաքննիչ դատարան։ Դատական ակտին ծանոթանալուց հետո, հաշվի առնելով, որ մենք բազմիցս նշել ենք, որ այս գործը մակագրման պահից մինչև այդ պահն ուղեկցվել է բազմաթիվ տարօրինակություններով, որոնք չեն ընկալվում իրավաչափության տեսանկյունից….»։

Հիշեցնենք, որ Վարդենիսի խոշորացված համայնքում 2021 թվականի դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո ավագանու 27 մանդատներից 13-ը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն են, իսկ մյուս 2 խմբակցությունները միավորվել են և ունեն ընդհանուր թվով 14 մանդատ: Դեկտեմբերի 30-ին համայնքապետարանում տեղի ունեցավ ավագանու անդրանիկ նիստը, որի ժամանակ համայնքի ղեկավար ընտրվեց Ահարոն Խաչատրյանը, սակայն ավագանու ՔՊ-ական անդամները պնդում են, որ այդ նիստը տեղի է ունեցել օրենքի խախտումով, և Ահարոն Խաչատրյանին չեն ընդունում՝ որպես համայնքապետ։ Ավելին, հունվարի 4-ին համայնքապետի երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ դրսում՝ համայնքապետարանի շենքի դիմաց, քանի որ նախկին համայնքապետ, ՔՊ-ական Արամ Մելքոնյանը ոստիկաններին հանձնարարել էր ավագանու ընդդիմադիր անդամներին ներս չթողնել։

Տեսանյութեր

Լրահոս