Թուրքիա եկող ուկրաինացիների թիվն անցել է 20.000-ը. Թուրքիայի ՆԳ նախարար
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ երրորդ երկրներից Թուրքիա եկող ուկրաինացիների թիվն արդեն գերազանցել է 20 հազարը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նախարար Սոյլուն, Տրապիզոնի Յունուս Էմրե մշակութային կենտրոնում տեղի ունեցած մի հանդիպման ընթացքում անդրադառնալով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող ռազմական գործողություններին, նշել է, որ Սև ծովի մյուս ափին տեղի է ունենում պատերազմ, որը երբեք աշխարհը չէր սպասում։
Ըստ նրա՝ ամբողջ աշխարհում գաղութատիրական ըմբռնման մեջ էվոլյուցիա է տեղի ունեցել, և աշխարհը բաժանվել է Արևելքի և Արևմուտքի: Արևելքն ընկալվել է որպես շահագործվող տարածք:
Սոյլուն Եվրոպան նմանեցրել է ԱՄՆ-ի «վագոնի» հետ, որն ի վիճակի չէ ինքնուրույն քայլեր կատարել:
«Նրանք ցանկանում են, որ Թուրքիան ոտքի չկանգնի, ոչ մի խոսք չասի, իր շուրջը գտնվող երկրներին չարթնացնի, անարդարությունների դեմ չբողոքի»,- ասել է թուրք նախարարը:
Սոյլուն նաև ընդգծել է, որ Թուրքիան մի երկիր է, որը չի տրվել ոչ ԱՄՆ-ին, ոչ էլ Եվրոպային և բոլորովին այլ քաղաքականություն վարելով՝ ինքն է տնօրինել իր ճակատագիրն ու չի վստահում միջազգային կառույցներին։