Համալսարանը պետք է այնքան ուժեղ լինի, որ մարզի երիտասարդները ոչ թե գան Երևան, այլ գնան այնտեղ. փորձագետը՝ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի հնարավոր փակման մասին
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղում 2022-2023 թթ․ համար ընդունելություն չի լինի։ Որոշումն ընդունվել է (որոշման 8-րդ կետ) Տնտեսագիտական համալսարանի գիտխորհրդի՝ 2021թ. հոկտեմբերի 11-ի նիստում։
ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի ուսանողներն անհանգստացած են, որ Վայոց ձորի միակ բուհը կարող է փակվել։
«Այդ առաջարկը եկել է բուհից: Բուհն ունի խնդիրներ, ներկայացրել է հիմնավորումներ, նախարարությունը դրանք ընդունել է ի գիտություն: Մենք շատ խոսում ենք բուհերի ինքնավարությունից: Եվ հիմա այս բուհը հայտարարում է, որ չի կարողանում ապահովել որակյալ կրթություն: Հիմա հարցը քննարկման փուլում է, այս պահին վերջնական որոշում չկա: Ե՛վ դասախոսական կազմի, և՛ ուսանողների քանակին առնչվող խնդիրներ կան, և նաև՝ ֆինանսական»,- փետրվարի 23-ին կառավարության նիստից հետո, լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ ասել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:
ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի երկրորդ կուրսի ուսանողուհի Քրիստինե Սարգսյանն ակտիվ պայքարում է, որպեսզի այս որոշումը չհաստատվի: Ասում է՝ կան խնդիրներ, սակայն դրանք անլուծելի չեն:
«Մեր փոքր մարզի համար նորմալ է, երբ ուսանողների թիվը քիչ է: Ես սովորում եմ առկա համակարգում, և մեր կուրսում հիմա 16 հոգի ենք: Սկզբում ավելի շատ էինք, 3 հոգի գնացել է բանակ, իսկ հեռակայում ավելի շատ ուսանողներ ունենք: Մեզ մոտ բակալավրի վարձավճարն առկա ուսուցման դեպքում 350.000 է, հեռակայի դեպքում՝ 300.000, իսկ մագիստրատուրայում 370.000 է:
Ինչ վերաբերում է դասախոսներին, ապա մասնագետների խնդիրն այնքանով է, որ իրենք պատճառաբանում են, որ դասախոսների մի մասը գալիս է Երևանից, ու կան նաև դասախոսներ, ովքեր մի քանի առարկա են պարապում, բայց դրանք, ըստ մեզ, անուղղելի խնդիրներ չեն, որ համալսարանը փակվի»,- մեզ հետ զրույցում նշեց Քրիստինեն:
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ սա հեշտ խնդիր չէ, ու շատ դժվար է միայն Վայոց ձորի երեխաներով նորմալ համալսարան ստեղծել:
«Ժամանակին մեկ այլ լավ համալսարան էլ ունեինք՝ «Գիտելիք» համալսարանը, ուղղակի խնդիրն այն է, որ Վայոց ձորը ՀՀ փոքր մարզն է, կարծեմ, աշակերտների թիվը 6000 է ու, բնականաբար, այդ դեպքում շատ դժվար է լինում ապահովել ուսանողների բավարար թվաքանակ: Իսկ համալսարանների և կրթության համար դա կարևոր է, չեն կարող լինել 200 հոգանոց համալսարաններ:
Համալսարանը պետք է այնքան ուժեղ լինի, որ Սյունիքի և Արարատի մարզի երիտասարդները ոչ թե գան Երևան, այլ գնան այնտեղ: Արդիականացման համար հսկայական ներդրումներ են անհրաժեշտ: Պետք է ամենալավ դասախոսներին տանեն, որ, օրինակ, Արարատի, Սյունիքի մարզի երեխան, ով գալիս է Երևան՝ գնա Եղեգնաձոր: Ներդրումներ են պետք, որովհետև բուհերը մեծապես կախված են ուսանողների թվից:
Եկամտի 90 տոկոսը վարձավճարներից է գոյանում: Կա վարձավճար՝ բուհը յոլա է գնում, չկա՝ ինքն արդեն խնդիր ունի: Եթե պետական լուրջ ներդրումներ արվեն, այդ դեպքում գուցե ուսանողների թիվը կարևոր չլինի, սակայն չեմ կարծում, որ Տնտեսագիտական համալսարանը կամ կառավարությունն այսօր այդքան ֆինանսներ ունի: Դրա համար, ցավոք, Վայոց ձորն այդ իմաստով տուժում է, թեև մեր լավագույն մարզն է՝ կրթական առումով»,- նշեց Սերոբ Խաչատրյանը: