«Մի հատ նայեք ՔՊ-ի թիմին ու մեր թիմին, մերոնց մեջ մականունավոր չկա»․ Վեդի համայնքի ղեկավարի թեկնածու Սպարտակ Թարթիկյան

Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում, որտեղ մարտի 27-ին տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ, երեկ մեկնարկել է քարոզարշավը։ Խոշորացված համայնքն իր մեջ ներառում է 18 բնակավայր և Վեդի քաղաքը։

Ի տարբերություն 2021 թվականի դեկտեմբերի 5-ին անցկացված ՏԻՄ ընտրությունների, այս անգամ ընտրապայքարի մեջ 2 ուժ են՝ «Իմ հզոր համայնք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները, «Հանրապետություն» կուսակցությունը չի մասնակցում ընտրություններին։

168.am«Իմ հզոր համայնք» կուսակցության ցուցակի առաջին համար Սպարտակ Թարթիկյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է ընթանում քարոզարշավը, ի՞նչ տրամադրություններ են համայնքում։

«Քարոզարշավը, որպես այդպիսին, դեռ ակտիվ փուլ չի մտել ո՛չ մեր կողմից, ո՛չ հակառակ թևի կողմից, իհարկե, հակառակ կողմինը՝  մեր ինֆորմացիայով։

Անհատական, փոքր խմբերով բոլոր բնակավայրերով հանդիպումներ ենք ունենում։ Մարդկանց տրամադրությունները շատ լավ է, շատ բարձր է, լավ կլինի, Աստված առաջ։ Ամեն ինչ կանենք, որ մեր խոսքը հասցնենք մեր ժողովրդին, ժողովուրդն էլ մեր կողքը կանգնի, մեզ վստահի, վստահության քվե տա, մենք էլ հանգիստ, գլուխներս կախ՝ ծառայենք մեր համայնքին ու մեր ժողովրդին»,- ասաց Սպարտակ Թարթիկյանը։

Դիտարկմանը, որ Վեդի խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Գարիկ Սարգսյանը, որն առավել հայտնի է կոկորդիլոս մականվամբ, նախորդ ընտրություններից առաջ՝ դեկտեմբերի 3-ին, տեղի ունեցած քարոզարշավի ժամանակ, «Իմ հզոր համայնք»-ին «գրպանային կուսակցություն» որակումն էր տվել՝ ասելով, որ այդ ցուցակում տարբեր մականունավոր մարդիկ կան, Սպարտակ Թարթիկյանն այսպես արձագանքեց․

«Եթե իրենք մականունավոր են համարում մեր թիմակիցներին․․․ մի հատ նայեք իրենց թիմին ու մեր թիմին։ Մերոնց մեջ մականունավոր բացարձակապես չկա, ի տարբերություն իրենց․․․ Ամեն մեկն իր գործով պետք է զբաղվի, ամեն մեկն իր մասնագիտությամբ պետք է զբաղվի․․․ Իրենք չեն որոշողը, թե ի՞նչ պետք է լինի, ժողովուրդը, ընտրողն է որոշելու, մարտի 27-ին ժողովուրդը կգա, իր վտահությունը կտա այն մարդկանց, ում կվստահի ինքը։ Համոզված եմ՝ մեր ժողովուրդը գիտի, իմաստությամբ կվարվի, ակտիվ կմասնակցեն ու իրենց վստահության քվեն կտան նրան, ով արժանի է ու այս համայնքը կարող է ոտքի հանել»։

Հաշվի առնելով դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններից առաջ «Իմ հզոր համայնք» կուսակցության քարոզարշավը խոչընդոտելու՝ իշխանությունների քայլերը, Սպարտակ Թարթիկյանին հարցրեցինք՝ արդյոք մտավախություն չունե՞ն, որ իշխանությունը Վեդիում հաղթանակ տանելու համար ամեն քայլի կդիմի, հատկապես, որ նման պրակտիկա այլ համայնքներում արդեն իսկ կա, ընդհուպ՝ հաղթած թեկնածուներին կալանավորելով, նա պատասխանեց․

«Ես միայն իմ Աստծուց եմ վախենում, դրանք ո՞վ են, որ ես դրանցից վախենամ․․․»։

Հիշեցնենք, որ Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում 2021 թվականի դեկտեմբերի 5-ին էին անցկացվել ՏԻՄ ընտրությունները։ Ընտրապայքարի էին դուրս եկել «Իմ հզոր համայնք», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները։

Ամենաշատ ձայները ստացել էր «Իմ հզոր համայնք» կուսակցությունը, որի օգտին քվեարկել էր 8666 ընտրող։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը գլխավորում էր Արարատի նախկին մարզպետ, ընտրություններից հետո Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված Գարիկ Սարգսյանը, ստացել էր 7690 ձայն։

Իսկ «Հանրապետություն» կուսակցությունը, որի ղեկավարը հենց Արարատի մարզից է, ստացել էր 3299 ձայն։

Այսինքն՝ ընտրություններին մասնակցած որևէ քաղաքական ուժ չէր կարողացել հաղթահարել և հավաքել անցողիկ՝ 50+1% շեմը, ինչը նշանակում է, որ չէր կարող ինքնուրույն համայնքապետի թեկնածուին ընտրել՝ առանց այլ ուժի հետ կոալիցիա կազմելու: Բայց կոալիցիա այդպես էլ չկազմվեց, փոխարենը՝ դեկտեմբերի 16-ին ավագանու «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների անդամներն ինքնաբացարկ հայտնեցին և հրաժարվեցին մանդատներից, որից հետո էլ հայտարարեցին նոր ընտրություններ անցկացնելու մասին։

2022 թվականի հունվարի 10-ին ԿԸՀ-ն Արարատի մարզի Վեդի համայնքում ՏԻՄ ընտրությունների անցկացման օր նշանակեց 2022 թվականի մարտի 27-ը։

Նշենք նաև, որ 2022 թվականի հունվարի 5-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գարիկ Սարգսյանը նշանակվել է Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար։

Տեսանյութեր

Լրահոս