«Երկու գաղափարական գծի պայքար է, մի կողմում՝ Արցախ-Հայաստան-սփյուռք եռամիասնության ուժեղ Հայաստանի կերտումն է, մյուսում՝ «քանի Արցախը կա, լավ չենք ապրելու» գիծն է». Արթուր Մոսիյան
168.am-ը զրուցել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանի հետ։
– Պարոն Մոսիյան, Դուք ի՞նչ կարծիք ունեք Նիկոլ Փաշինյանի հայտարարած «խաղաղության դարաշրջանի» վերաբերյալ, առհասարակ այդ օրակարգի համատեքստում ի՞նչ է սպասվում Արցախին ու Հայաստանին։
– Նիկոլ Փաշինյանը պարտված իշխանությություն է և չի կարող բացել «խաղաղության դարաշրջան»։ Այդ խաղաղությունը չեն մուրում, այլ վաստակում են։ Նիկոլ Փաշինյանն ուզում է խաղաղություն մուրալ Հայաստանի ու Արցախի հաշվին։ Հաշվեք, թե քանի ամիս առաջ է նա նման հայտարություն արել, և տեսեք, թե դրանից հետո ինչքան կորուստ ու զոհ ենք ունեցել։ Այդ հայտարարարությունից հետո Ադրբեջանի հռետորաբանությունը փոխվե՞լ է, այսինքն՝ ի՞նչ է փոխվել։ Սա ֆիկցիա է, պարզապես ժողովրդի համար է, թե՝ տեսեք, այլ ձև չկա, և որպեսզի չբնաջնջվենք, բերեք լռենք, համակերպվենք, առաջ տանենք՝ ինչ պայման ասում են, ինչ ուզում են՝ տանք, որ փրկվենք։ Այսպես չի լինում, ախորժակն ուտելուց է բացվում, մի բան տվեցիր, երկրորդն է ուզելու, հետո՝ երրորդը, և այդպես շարունակ։ Թշնամին այսօր բացեիբաց ասում է՝ տվեք «միջանցք», Գեղարքունիքը մերն է, Սևանն ու Երևանն էլ՝ հետը։ Ալիևը գիշերը չի քնում՝ մտածելով, որ հանկարծ ռևանշի չգնան, սա մեր ժողովուրդը պետք է տեսնի, պետք է տեսնի, չէ՞, թե Ալիևն ումից է վախենում։
Օրինակ, ես ամաչում եմ, որ երկրի վարչապետը Նիկոլն է, Ալիևը նրան ինչ ասես ասում է, բայց որևէ ծպտուն չի հանում։ Փոխարենը՝ ոստիկաններով շրջապատված՝ մարդկանց լավ բռնում է, անօրինական քայլեր է անում։ Սա կոմպլեքսավորված, վախկոտ մարդու վարքագիծ է։ Նա Հայաստանի ու Արցախի հաշվին բավարարում է թշնամու բոլոր պահանջները։ «Խաղաղության դարաշրջան» չի լինելու, նա իր այդ քայլերով պատերազմն ավելի է մոտեցնում, որովհետև կգա մի պահ, երբ Ադրբեջանին այլևս որևէ բան չի ունենալու տա, չեմ ուզում ցենզուրայից դուրս բաներ ասեմ, եթե այսպես շարունակվի, դրան էլ կհասնենք։ Թուրքը մնում է թուրք, նա չի փոխվել, թուրքը «խաղաղության պայմանագիր» կկնքի միայն մի դեպքում, եթե իմանա, որ չի կարողանա հային սպանել։ Նիկոլն ընտրել է խաղաղություն մուրալու ճանապարհը, որն ամենակարճ ճանապարհն է նոր պատերազմների, ավերածությունների ու զոհերի։
– Արդեն տեղի է ունեցել հայ-թուրքական հարաբերությունների հաստատման համար Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը։ Տարիներ շարունակ Թուրքիան իր նախապայմաններն է առաջ քաշել, այսօր նրա մտադրություններն արդյո՞ք փոխվել են, նա առանց նախապայմանների Հայաստանի հետ հարաբերություններ կհաստատի՞։
– Թուրքիայի նախապայմաններն այսօր ավելացել են՝ առաջ է քաշում «միջանցքի» նախապայման։ Թուրքիայի հետ սահմանների բացումից հետո, ես չգիտեմ՝ ինչ կլինի, բայց մեր աչքի առաջ է Աջարիայի օրինակը, թեև սա տնտեսական բաղադրիչն է, սա մի կողմ դնենք։ Եթե Նիկոլը մտածում է, որ Արցախից ձեռքերը լվացել է, և որ Ադրբեջանը հայտարարում է, թե Արցախի հարցը լուծված է, իսկ ինքը լռում է, ապա դա չի նշանակում, որ այդ հարցը լուծված է։ Թուրքիայի նախապայմաններից Հայոց ցեղասպանության հարցը Նիկոլը պետական օրակարգից հանել է ու հայտարարել, թե այն սփյուռքի գործն է։ Հիմա էլ դրել Սահմանադրություն է փոխում, Ալիևն ասել էր, չէ՞, որ պետք է փոխի, սա էլ փոխում է, այսինքն՝ թուրք-ադրբեջանական տանդեմի հրահանգները հստակ կատարում է։ Ճիշտ է, մենք մեր հույսը չպետք է այլ պետություների վրա դնենք, բայց այստեղ աշխարհաքաղաքական շահ կա, պատերազմը բոլորին ձեռնտու էր, որովհետև Նիկոլն արտաքին ճակատում հայտարարեց, թե հնարավոր է՝ Իրանի հետ սահմանը փակի։ Հետո էլ հայտարարում ենք, թե պատերազմի ժամանակ Իրանն իրեն լավ չպահեց, մենք մեր արածը չենք տեսնում։ Կամ ինչո՞ւ տարան Իսրայելում ՀՀ դեսպանատուն բացեցին, մեզ այդ ամենը պետք չէր, դա պետք էր հարաբերությունները փչացնելու համար։
Կամ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ձերբակալելը ու հայտարարությունը, թե Ռուսաստանը պետք է համակերպվի։ Երկու ռազմավարական դաշնակիցների հետ Հայաստանն այդ ամենով իր հարաբերությունները փչացրեց։ Վրաստանը, որ Հայաստանի հետ բարեկամ երկիր է, պատերազմի օրերին օդը փակել էր։ Այսինքն՝ հնարավոր ամեն ինչ արել էր, որպեսզի բոլորի հետ հարաբերությունները փչացնի։ Սա է պատճառը, որ մեզ հետ ամեն ինչ կատարվեց, բայց որևէ մեկը ձայն չհանեց։
Թուրքիայի նախապայմանները չի փոխվել, պարզապես Նիկոլը մտածում է, որ Արցախն արդեն տվել է, բայց Արցախը, բարեբախտաբար, դեռ կա, վիրավոր, այլ կարգավիճակով՝ բայց կա։
Ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանն էր ասում, թե մեզ բանակ պետք չէ, մեր պաշտպանությունը մեր թույլ լինելու մեջ է, այդ նույն հիմարություններն այսօր իրականացնում են Նիկոլի ձեռքով։ Տեր-Պետրոսյանին չհաջողվեց նման քայլ իրականացնել, քանի որ նրա շրջապատում կային հայրենասեր մարդիկ, կար Վազգեն Սարգսյան։ Հիմա սրա ձեռքով է անում։
Վերջին հաշվով՝ երկու գաղափարական գծի պայքար է, մի կողմում՝ Արցախ-Հայաստան-սփյուռք եռամիասնության ուժեղ Հայաստանի կերտումն է, մյուսը՝ «քանի Արցախը կա, լավ չենք ապրելու» գիծն է, այո, դժբախտաբար, սրա կողմնակիցներն էլ կան։ Ժիրայր Լիպարիտյանի «սպիտակ թղթի» մասին լսե՞լ եք, տեսանք, թե նա ինչպես եկավ խորհրդարան, ինչ հայտարարեց։ Աշխարհում ապրող 10 մլն հայությունը պետք է իր համար ընտրի, թե որ գաղափարական գծի կողմնակիցն է, որովհետև երրորդ գիծ չկա, այս երկուսի պայքարն է այսօր։ Ժողովուրդն ի՞նչ է ուզում՝ հաց և շոու, շոուն ավարտվել է, հաց էլ չկա։
– 1988 թվականին, երբ Արցախի փրկության հարցն էր բարձրացված, ժողովուրդը համախմբվեց, հիմա նույն ժողովուրդը չէ՞, ի՞նչն է փոխվել, ի՞նչն է խանգարում համախմբվել։
– Կարծում եմ՝ ժողովրդի մի մասը հիասթափվել է՝ ազգային իդեաները շատ էին, դրանց մի մասն իրականացավ, բայց մի մասը չիրականացավ, դրանից էլ հիասթափվեց։ Ժողովրդի մի մասն էլ դարձավ այս կամ այն հատվածի շահերի սպասարկողը։ Սրանք ընտանիքին են հարվածում, որը մեր պետության ու ազգայինի հիմքն է, հարվածում են եկեղեցուն։ Նրանք իրենց նպատակին ինչ-որ առումով հասել են՝ մեր ունեցած արժեհամակարգը արատավորելու առումով, ժողովուրդն այսօր երազանք չունի, իսկ մի ազգ, որը երազանք չունեցավ, նա դատապարտված է։ Այսօր Նիկոլի միակ նպատակն իր անվտանգությունն ու իշխանությունն է, նաև մնացածներին կեղտոտելը, որպեսզի ինքը միայնակ չլինի։
– ՀՀ ԱԺ-ում ստեղծվել է 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով, ի՞նչ սպասելիքներ ունեք այդ հանձնաժողովից։
– Իշխանությունը չի կարող իր իսկ կատարած սխալների դատավորը լինել։ Ես միշտ ասել եմ, որ իշխանափոխությունից հետո կստեղծվի հանձնաժողով և պատերազմի բոլոր իրական պատճառները, դավադրությունը, դավաճանությունը, գործող անձանց շրջանակը մինչև վերջ պարզ կդառնա։ Այս հանձնաժողովը պարզապես ստեղծվել է մեղավորներ նշանակելու և հարցը փակելու համար։ Այս իշխանությունը «Մարտի 1»-ի գործողությունների հանձնաժողով ստեղծեց, որի փաստաբանական անձինք իրենցից էին, հետո հայտարարեցին, թե այդ գործը բացահայտված է, և այլն։ Հիմա, եթե այդ պատերազմի հիմնական մեղավորներն իրենք են, ի՞նչ պետք է բացահայտեն, պարզապես մի երկու գեներալի մեղավոր են նշանակելու։