«Արևմուտքի նպատակը Ուկրաինային փրկելը չէ». Արմեն Բաղդասարյան

Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանի խոսքով՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ինֆորմացիոն հոսքերը միմյանց հակասող և վստահելի չեն, ինչպես սովորաբար լինում է պատերազմների ժամանակ։

«Համենայն դեպս, տպավորությունն այնպիսին չէ, որ ռուսական զորքն այնտեղ շքահանդեսով հասնում է Կիև։ Մի քանի տեղերում Ուկրաինան շատ լուրջ դիմադրություն է ցույց տալիս։ Ի վերջո, այդ երկիրը 380.000-անոց բավականին լավ զինված բանակ ունի, և կարծում եմ՝ եթե հրադադար չլինի, ապա բավականին երկար կշարունակվի։ Սա, իհարկե, մեզ համար որոշակի վտանգներ է պարունակում, որովհետև խնդիրը ոչ թե Ուկրաինան է, այլ Արևմուտք-Ռուսաստան առճակատումը։ Այո, գուցե Արևմուտքը կցանկանար մեր տարածաշրջանի միջոցով Ռուսաստանին ներքաշել երկրորդ ուղղությամբ թեժ իրավիճակի մեջ։ Հետևաբար՝ այդ վտանգը մեր աչքի առջև պետք է ունենանք, աշխատենք ոչ մի կերպ չտրվել սադրանքներին, այսինքն՝ այդ հարցում մեզ հնարավորինս չեզոք պահենք, որպեսզի մեր տարածաշրջանում էլ զուգահեռաբար իրավիճակը չթեժանա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Բաղդասարյանը։

Ըստ նրա՝ հատկապես վերջին տասնամյակների ընթացքում միշտ էլ այնպես է եղել, որ Հարավային Կովկասում, Եվրոպայում և կոնկրետ Բալկաններում ռազմական գործողությունները սինխրոն սկսվել և սինխրոն ավարտվել են։ Միշտ էլ փորձ է արվել Ռուսաստանին մի քանի ճակատներով ներքաշել կոնֆլիկտների մեջ։

«Այս առումով իրավիճակն իր մեջ մեծ ռիսկեր է պարունակում, հետևաբար՝ Հայաստանն այստեղ պետք է առաջնորդվի մեր պետության շահերով, այլ ոչ թե գնա ինչ-որ պատրանքների ճանապարհով և այս կամ այն ուժայինին դուր գալու ուղիով»,- հավելեց Արմեն Բաղդասարյանը։

Ինչ վերաբերում է Արցախին, Արմեն Բաղդասարյանը նկատեց՝ ռազմական գործողությունները կարող են սկսվել Հայաստանի սահմանին, այլ ոչ թե՝ Արցախում։

«Ռուսաստանը նույնիսկ երկրորդ ճակատի դեպքում բավարար ռեսուրսներ ունի, որպեսզի կարողանա իրավիճակը վերահսկի Արցախում։ Խնդիրն այն է, որ ռազմական գործողություններ կարող են սկսվել Հայաստանի սահմանների ուղղությամբ։ Կարծում եմ՝ նաև այդ ամենը կանխարգելելու նպատակով Ռուսաստանը շտապեց Ադրբեջանի հետ դաշնակցային պայմանագիր ստորագրել՝ հասկացնելով, որ՝ այո՛,  մենք դաշնակիցներ ենք, և պետք չէ այնտեղ երկրորդ ճակատ բացել, այսինքն՝ Դոնեցկի ու Լուգանսկի ինքնորոշման իրավունքը որևէ կապ չունի Արցախի հետ, չանհանգստանաք։ Կարծում եմ՝ թիկունքը նախապես ամրացնելու համար են արել, որպեսզի հանկարծ երկրորդ ճակատ չբացվի։ Ըստ իս, ռուս-ուկրաինական այս առճակատումը կարող է երկար տևել և ոչ թե մի քանի օր, ինչպես կանխատեսումներ են անում»,- շեշտեց Ա. Բաղդասարյանը։

Նա նաև ընդգծեց, որ Արևմուտքը, իսկ ավելի կոնկրետ՝ ՆԱՏՕ-ն, ռազմական գործողությունները սկսելուց առաջ է ասել, որ չի պատրաստվում անմիջական ռազմական առճակատման մեջ մտնել Ռուսաստանի դեմ։

«Այնպես չէ, որ այս ամենը Զելենսկու համար նորություն էր։ Վստահ եմ, որ Զելենսկին ինքն էլ 100 տոկոսով համոզված էր, որ պատերազմի ժամանակ ՆԱՏՕ-ն անմիջական ռազմական գործողությունների մեջ չի մտնի։ Սա Արևմուտքի շահերի մեջ չի էլ մտնում, որովհետև Արևմուտքի խնդիրն Ուկրաինան չէ, այլ նրա խնդիրն  Ուկրաինայի միջոցով Ռուսաստանին թուլացնելն է։ Իսկ պատերազմի այսպիսի ընթացքը կատարում է այդ խնդիրը, որովհետև խնդիրը Ռուսաստանին թուլացնելն է, և այդ պատժամիջոցները, անկասկած, այդ գործն անելու են, և ՌԴ տնտեսությունն էապես թուլանալու է, էլ չեմ խոսում միջազգային հեղինակության մասին։

Այսինքն՝ Արևմուտքն Ուկրաինային և Ռուսաստանին ներքաշելով այդ կոնֆլիկտի մեջ, իր առջև դրված խնդիրը մեծամասամբ լուծել է, և չեմ կարծում, թե այստեղ որևէ մեկի համար նորություն կա։

Այլ բան է, որ տուժելու են Ուկրաինան և Ռուսաստանը, երկուսն էլ՝ հավասարապես, տուժելու են առաջին հերթին՝ տնտեսապես։

Եթե նկատել եք՝ կադրերը, որտեղ Արևմուտքը քննարկում էր պատժամիջոցների սահմանումը, պետության ղեկավարները երջանիկ, ժպտալով էին քննարկում, որովհետև հասել էին իրենց նպատակին։ Առիթը ստեղծել էին, որ կարող են ուղղակի բոլոր կողմերից խեղդել Ռուսաստանին, իսկ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարն ուղղակի ուղիղ տեքստով ասաց, որ իրենք չեն հանգստանա, մինչև ՌԴ տնտեսությունն ամբողջովին չփլուզեն։

Ստացվում է, որ իրենց նպատակն Ուկրաինային փրկելը չէ, այլ նրա միջոցով իրենց ռազմավարական հակառակորդ Ռուսաստանին թուլացնելն է, ինչը և տեղի է ունենում»,- եզրափակեց Արմեն Բաղդասարյանը։

Տեսանյութեր

Լրահոս