«Արևմուտքը հերթական անգամ չկատարեց իր դաշնակցային պարտավորությունները․ Ուկրաինան մնաց միայնակ այսօրվա խնդիրների հետ». Գրիգոր Բալասանյան
Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների դիմումի՝ որոշել է հատուկ ռազմական գործողություն իրականացնել. տեղեկությունը փոխանցել է ՏԱՍՍ գործակալություն:
«Ռուսաստանը չի նախատեսում օկուպացնել ուկրաինական տարածքները, այլ հանդես է գալիս Ուկրաինայի ժողովուրդների ինքնորոշման իրավունքի օգտին»,- ըստ գործակալության՝ նշել էր ՌԴ նախագահը։
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանն անդրադառնալով Ուկրաինայում ստեղծված իրավիճակին և զարգացումներին՝ նշեց, որ Ուկրաինայում իրադարձությունները ժամ առ ժամ են փոխվում։
«1-2 օր առաջ հույս կար, որ իրավիճակը խոշորամասշտաբ ռազմական գործողությունների չի հասնի, թեև սա խոշորամասշտաբ էլ չէ։ Այսօր Ռուսաստանը հատուկ նշանակության ուժերի կիրառմամբ գործի է անցել և առաջին հերթին հարված է հասցնում ռազմական ենթակառուցվածքներին, պահեստներին, ռազմական օդանավակայաններին։ Կարծում եմ՝ սա առաջին քայլն էր, և ամեն ինչ կախված է լինելու Արևմուտքից և ուկրաինացիներից։ Եթե Ուկրաինան շարունակում է այն քաղաքականությունը, որն այսօր վարում է, ապա չեմ բացառում նաև Ուկրաինայի իշխող վարչակազմի փոփոխություն ժամանակավոր կամ, այսպես ասած, ժողովրդական համաձայնության կառավարության ձևավորում Ուկրաինայի հայրենասիրական ուժերի ներգրավմամբ, որոնք չեն գտնվում Արևմուտքի ազդեցության տակ։ Հետո արդեն նոր ընտրությունների կազմակերպում։
Երկրորդ սցենար էլ կա, որն ավելի վատատեսական է՝ պատերազմական գործողությունների վարումն է և ուկրաինայի տարածքի օկուպացիա կամ ազատագրում, սա արդեն բառախաղ է՝ յուրաքանչյուրը սա իր ձևով է դիտարկում։ Ես ավելի շատ հակված եմ, որ կլինի առաջին սցենարը, հուսանք, Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմաններից այս թեժ գործողությունները դուրս չեն գա»,- նշեց Գրիգոր Բալասանյանը։
Ինչ վերաբերում է եղած այն կարծիքներին, որ Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերը նման են Արցախում 2020 թվականին տեղի ունեցած պատերազմական դեպքերին, Գրիգոր Բալասանյանը նկատեց՝ առաջին հայացքից կարող է թվալ, որ գուցե որոշակի նմանություն կա։
«Ես չեմ ուզում զուգահեռներ անցկացնել Արցախում տեղի ունեցած պատերազմի և Ուկրաինայի դեպքերի միջև, որովհետև մեզ մոտ լրիվ հակառակն էր՝ Ադրբեջանն էր հարձակվել Արցախի ինքնահռչակ հանրապետության վրա։ Իսկ այստեղ ինքնահռչակ հանրապետություններն են քայլեր ձեռնարկում Ուկրաինային խաղաղություն պարտադրելու ուղղությամբ։ Պետք է մեկ բան ֆիքսենք, որ հերթական անգամ Աֆղանստանից հետո, պարզ դարձավ, որ Արևմուտքը հերթական անգամ չկատարեց իր դաշնակցային պարտավորությունները կամ այն պարտավորությունները, որոնք նա ստանձնել էր Ուկրաինայի նկատմամբ։
Ըստ էության Ուկրաինան մնաց միայնակ այսօրվա խնդիրների հետ։ Արցախի պատերազմի և այս իրադարձությունների միջև որոշակի ընդհանրություններ կարող են լինել այն առումով, որ նույն ուժային կենտրոններն են խառնված գործընթացին, և սցենարը և գործողությունների տրամաբանությունը կարող է նման լինել»,- հավելեց Գրիգոր Բալասանյանը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ եթե Զելենսկին ուղիղ բանակցությունների մեջ մտնի Ռուսաստանի հետ, ապա դա կլինի Ուկրաինայի փրկությունը, բայց ոչ՝ Զելենսկու։
«Կլինի նախապայման՝ Զելենսկու անհապաղ հրաժարական։ Արդեն մի քանի օր է՝ ՌԴ պետական մարմինները ցուցակներ են շրջանառում, իհարկե, անուններ չի նշվում, բայց նշվում է 85-100 հոգու ցուցակ, որոնք առանձնահատուկ պատասխանատվություն են կրում նաև ռուս-ուկրաինական հարաբերությունների վատթարացման համար։ Դրանք նացիստական ջոկատների հրամանատարներն են, այն մարդիկ են, որոնք հրահանգ տվեցին՝ 2014 թվականին Օդեսայում այդ հայտնի շենքը վառվեց, և ցուցարարներն էլ այնտեղ վառվեցին։ Կարծում եմ՝ կլինի որոշակի նախապայմաններ, այդ մարդկանց հանձնումն արդարադատությանը, Զելենսկու հրաժարական, Դոնեցկի և Լուգանսկի հետ կապված որոշակի, թեկուզ՝ միջանկյալ որոշման ընդունում Ուկրաինայի ժամանակավոր կառավարության կողմից, միայն դրանից հետո՝ ընտրություններ։
Ըստ իս, կձևավորվի ժամանակավոր կառավարություն, ամենայն հավանականությամբ, Վիկտոր Մեդվեդչուկը կլինի ժամանակավոր կառավարության ղեկավար, որովհետև վերջին շրջանում նա էր բանակցում Մոսկվայի հետ գազի գինը որոշակիորեն մեղմելու համար։ Բայց ես մոտ 90 տոկոսով բացառում եմ, որ ՌԴ ղեկավարությունը Զելենսկու հետ գնա բանակցությունների»,- եզրափակեց Գրիգոր Բալասանյանը։