«Մենք չենք հասցրել պետական անվտանգային համակարգը, բանակի հագեցվածությունը բերել այնպիսի մակարդակի, որ կարողանանք խուսափել մեր երկրի առաջ կանգնած մարտահրավերներից». Հակոբ Արշակյան

ԱԺ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Հակոբ Արշակյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՀՀ օրվա իշխանությունը դեռևս որևէ արձագանք չունի ՌԴ-ի և Ադրբեջանի միջև ստորագրված դաշնային համագործակցության պայմանագրի վերաբերյալ։

«Պայմանագրի տեքստը հավուր պատշաճի կուսումնասիրվի, և արձագանքը չի ուշանա։ Յուրաքանչյուր երկրի սուվերեն իրավունքն է՝ միջազգային պարտավորությունները, հարաբերությունները զարգացնել այնպես, ինչպես իրենք հարմար են գտնում։ Դուք ինձ մի հարց եք տալիս, որը վերաբերում է մեր բարեկամ երկրի վարած արտաքին քաղաքականությանը, որն իր սուվերեն իրավունքն է։ Հիմա մեր ռազմավարական գործընկերության պայմանագիրը նույնպես կա  ՌԴ-ի հետ, որը կնքվել է տարբեր ձևաչափերում և առաջ է գնում ամենաբարձր մակարդակով»,- նշեց Հակոբ Արշակյանը։

Նա ընդգծեց, որ պետք է հարգել բոլոր երկրների սուվերեն իրավունքները՝ պահպանելով Հայաստանի ռազմավարական շահերը՝ հաշվի առնելով, որ բոլոր երկրներն ունեն դրա իրավունքը։

«Հիմա, եթե դուք կարծում եք, որ Հայաստանն իր որևէ գործողություններով կարող է ազդել նման գործողությունների վրա, ապա կարծում եմ՝ չպետք է գերագնահատել այդ բոլոր իրողությունները»,- ասաց նա։

Անդրադառնալով ընդդիմության քննադատություններին, որ ՀՀ իշխանություններն այս ամենի դեմ ուղղված որևէ բան չեն անում, Հակոբ Արշակյանը նկատեց. «Երբ որևէ երկիր իր անվտանգային, տնտեսական  համակարգերը, դեմոկրատական արժեքները,  ինքնիշխանությունը կառուցում է կոռուպցիայի, ստի, պետական շահի ստորադասման՝ իրենց անձնական, ընտանեկան շահերի և դրա հետևանքով երկիրը հայտնվում է աղետալի վիճակում և կանգնում մեծ մարտահրավերների առաջ, այդտեղից է պետք ելնել։ Երբ մեր քաղաքական, դիվանագիտական, միջազգային շահերի, Արցախի հարցի շուրջ մենք հայտնվում ենք խոցելի իրավիճակում, պետք         է տեսնել, թե մենք ինչ ճանապարհ ենք անցել։ Ինչո՞ւ ենք մենք այդտեղ հասել։ 2018 թվականի հեղափոխությունից հետո, այս ամբողջ ճանապարհը, որը մենք անցել ենք, մենք ցույց ենք տվել, որ հենվելով ժողովրդավարական արժեքների վրա, մարդկանց հետ բաց խոսելով, իրենց շահերն առաջնահերթ դասելով, մերժելով կոռուպցիոն խնդիրները, հենց առաջին տարում կարողացել ենք ապահովել տնտեսական աճ, երկրորդ տարում՝ ավելի շատ։ Սակայն մենք չենք հասցրել պետական անվտանգային համակարգը, բանակի հագեցվածության մակարդակը բերել այնպիսի մակարդակի, որպեսզի կարողանանք խուսափել թե՛ 44-օրյա պատերազմից, թե՛ մնացած մարտահրավերներից, որոնք դեռ կանգնած են մեր երկրի առաջ»։

Տեսանյութեր

Լրահոս