«Այդ ՔՊ-ականները թող վեր կենան ու գան Արցախ, մի քանի օր մնան ու տեսնեն, թե ինչ է կատարվում». Շուշիի քաղաքապետ
Փետրվարի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվեց «Հայաստան» խմբակցության հեղինակած հայտարարության նախագիծը՝ Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների վավերացրած «Շուշիի հռչակագրի» մասին:
Քննարկելուց հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները դեմ քվեարկեցին նախագծին։
168.am–ի հետ զրույցում Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն անդրադառնալով ՔՊ-ի այս դիրքորոշմանը, նախ նշեց, որ «Շուշիի հռչակագրի» ստորագրումը ՀՀ իշխանությունը պետք է դատապարտեր դրա ստորագրումից րոպեներ անց, ոչ թե սպասեին՝ մեկ տարի անցներ, այնուհետև դեմ քվեարկեին դրա դատապարտմանն ուղղված հայտարարության նախագծին և իրենց քայլը հիմնավորեին անիմաստ պատճառաբանություններով։
«Պարզ է, որ այսօր ՀՀ իշխանությունը Հայաստանին տանում է դեպի թրքացման, հետևաբար՝ ՔՊ-ն այդ նախագծին պետք է դեմ քվեարկեր։ Այդ ՔՊ-ականները թող վեր կենան ու գան Արցախ, գան մի քանի օր մնան այստեղ ու տեսնեն, թե ինչ է կատարվում։ Երեկ, օրինակ, թշնամին Շուշիից կրակում էր Շոշ գյուղի վրա։ Արցախում ապրող երեխաները, կանայք այդ կրակոցների ձայները լսում են, թող ՔՊ-ականները գան, մնան, մի օր էլ իրենք լսեն։ Նստել են խորհրդարանում, ամպագոռգոռ հայտարարություններ են անում, ապահով նստած, բարձր աշխատավարձեր են ստանում, դրա համար էլ դեմ են քվեարկում։ Հիմա իրենք ինչ անում են՝ թրքամետ քայլեր են, այդ թվում՝ հայտարարությունները։ Ես իսկապես չեմ հասկանում, թե մեր ազգի հետ ինչ է կատարվում, գնում են դեպի թուրքի պաշտպանություն։ Այսքան զոհ ու կորուստ տալուց հետո ադրբեջանցին ի՞նչ գործ ունի՝ գա Երևան ու ինչ-որ բաների մասնակցի։ Շատ վատ է լինելու, եթե մեր ազգը չարթնանա, ինչպես արթնացել էր 1988 թվականին»,- նշեց Արծվիկ Սարգսյանը։
Ըստ նրա, այսօր, երբ արցախցին որևէ բան է խոսում, սկսում են քննադատել ու սարքել պատիվ չունեցող, մինչդեռ անպատիվ մարդիկ ամեն տեղ էլ կան, բայց երբ արցախցին քննադատում է իշխանությունների այս կամ այն քայլը, անում է միայն ու միայն երկրի համար։
«Արցախցիների հասցեին քննադատություներ հնչեցնողներն այս կամ այն կառույցից ֆինանսավորվում են ու նպատակ ունեն ազգին պառակտել։ Սկզբում եկան՝ սև ու սպիտակ արեցին, հիմա էլ արցախցի ու հայաստանցի են անում։ Արցախցուն կամ Ռոբերտ Քոչարյանին ասում են ալբանացի, թե դա որտեղի՞ց են վերցրել, այդ ազգը հիմա գոյություն չունի, հիմար-հիմար զրույցներ են անում։ Ալբանացի են ասում այն ժամանակ, երբ ունեինք ազատագրված, ապահով Արցախ։ Այսօր ի՞նչ է կատարվում Արցախում, թող իշխանությունը գա՝ իր աչքով տեսնի։ Չնայած արցախցին սա հանդուրժողը չէ, բայց պետք է գիտակցենք, որ չպետք է ուշանանք, ու ավելի վատ բաներ կատարվի»,- հավելեց Արծվիկ Սարգսյանը։
Ինչ վերաբերում է ՔՊ-ի հիմնավորումներին, որ «Հայաստան» խմբակցության բերած նախագծին կողմ քվեարկելը չի բխում իրենց հայտարարած խաղաղության օրակարգից, Արծվիկ Սարգսյանն ասաց, որ ադրբեջանցիներն այն ազգն են, որոնց հետ հնարավոր չէ խաղաղ ապրել կամ վստահել, քանի որ որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ նրանց հետ խաղաղ կարող են ապրել։
«Դարեդար այդպես է եղել, նույնիսկ Խորհրդային Միության ժամանակ այդ լարվածությունը եղել է, որն այսօր ավելի է սրվել։ Եթե այս վիճակով էլ Արցախը մնա, սա էլ է դաժան ճակատագիր, պատկերացրեք, որ գնում ենք Շոշ գյուղ, թշնամին Շուշիից կարող է քար վերցնել ու գլորել, այսպես հնարավոր չէ։ Հրադադարի համաձայնագիր ստորագրեցին, որ սրանք չկրակեն, բայց կրկին շարունակում են կրակել՝ ուղղակի սրանց մռթին պետք է մի հատ խփել, որպեսզի սսկվեն, սրանց պետք է մեկ անգամ վախեցնես, որ այդպես չշարունակվի»,- եզրափակեց Արծվիկ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ «Ադրբեջանի և Թուրքիայի հանրապետությունների միջև դաշնակցային հարաբերությունների մասին Շուշիի հռչակագիրը» Էրդողանն ու Ալիևը ստորագրել են 2021 թվականի հունիսի 15-ին։ Հռչակագիրը ստորագրվել էր այն ժամանակ, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել էր Արցախի Հանրապետության քաղաք Շուշի, որն այսօր Ադրբեջանի կողմից օկուպացված է։