2 տարում բացարձակ զարգացում չենք ունեցել․ Հայտնի է անցած տարվա տնտեսական աճի ցուցանիշը

Պաշտոնական վիճակագրությունը հրապարակել է Հայաստանի անցած տարվա տնտեսական աճի ցուցանիշը։ Տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում 2020թ. արձանագրված անկման ֆոնին աճ կա, տարօրինակ կլիներ, եթե այդ աճն էլ չլիներ, բայց ավելի ցածր, քան նախորդ տարվա նվազումն էր։

Նախորդ տարի տնտեսական անկումը կազմել էր 7,4 տոկոս, դրա վրա, 2021թ. նախնական տվյալներով՝ աճը 5,7 տոկոս է։ Իրականում՝ 5,66 տոկոս։

Խոսքը ոչ թե ակտիվության, այլ զուտ տնտեսական աճի մասին է։

Հիշեցնենք, որ ակտիվության աճը մի փոքր ավելի բարձր էր՝ 5,8 տոկոս։ Դրա համեմատ տնտեսական աճը 0,1 տոկոսային կետով ցածր է եղել։

5,7 տոկոս տնտեսական աճը զգալիորեն պակաս է նաև կառավարության ակնկալիքներից։

Անցած տարվա վերջին ներկայացրված 2021թ. պետական բյուջեի նախագծով կառավարությունը կանխատեսել էր 6,5 տոկոս տնտեսական աճ։ Փաստացի աճը 0,8 տոկոսային կետով ավելի ցածր է եղել։

Տնտեսությունը չի կարողացել անգամ ամբողջությամբ հետ բերել կորցրածը։

Ու այդքանից հետո վերջերս կառավարության նիստում վարչապետի գլխավորությամբ մի իսկական ներկայացում էին սարքել մեր տնտեսության անցած տարվա «փայլուն» զարգացումների վերաբերյալ։ Իրար հերթ չտալով՝ բերում էին ԵԱՏՄ-ում տնտեսական աճի ցուցանիշները՝ առանձնացնելով Հայաստանի տնտեսության աճի բարձր դիրքը։

5,7 տոկոսն իսկապես բարձր աճ է ԵԱՏՄ-ում, բայց զուտ այն պատճառով, որ նախորդ տարվա անկումն էլ մեծ էր։ Ու եթե ԵԱՏՄ երկրների մեծ մասում, բացառությամբ Ղրղըզստանի, տնտեսությունը հետ է բերել ճգնաժամային տարվա ընթացքում կորցրածը և մի բան էլ զարգացում է ապահովել, Հայաստանի տնտեսությունը դեռևս 2019թ. մակարդակին չի հասել։

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2021թ. առաջին եռամսյակում Հայաստանում գրանցվել է 3,25 տոկոսանոց անկում։ Երկրորդում աճը եղել է՝ 13,29, երրորդում՝ 2,96, իսկ չորրորդում՝ 9,03 տոկոս։

Հանրագումարում տարեկան տնտեսական աճը կլորացված դարձել է 5,7 տոկոս։

Սա այն աճը չէ խորը անկումից հետո, որի համար պետք է հպարտանալ։ Հատկապես, եթե հաշվի առնենք, որ անցած տարի Հայաստանը պարտքերի տեսքով նաև բավական մեծ ծավալի ֆինանսական միջոցներ է ներգրավել դրսից ու ներսից, որոնք պիտի նպաստեին տնտեսական գործընթացների ակտիվացմանը։ Խոսքն ավելի քան 1,2 մլրդ դոլարի մասին է։ Եթե չլինեին այդ հսկայական գումարները, դժվար է նույնիսկ պատկերացնել, թե ինչքան կլիներ մեր տնտեսության աճը։

Անգամ այդքան մեծ պարտքեր ներգրավելուց հետո մեր տնտեսության վերականգնման տեմպը շատ դանդաղ է տեղի ունեցել։ Բազմաթիվ երկրներ արդեն վաղուց դուրս են եկել զարգացման տեմպի վրա, իսկ մենք դեռևս դոփում ենք տեղում։ Ասենք՝ հարևան Վրաստանում անցած տարվա տնտեսական աճը գրեթե կրկնակի բարձր է եղել, քան մեր դեպքում։

Դեռ չհաշված աճի այն տխուր կառուցվածքը, որն ունի մեր տնտեսությունը։

Մեր տնտեսության աճի որակը շատ վատ է։ Ինչպես նախկինում, այն հիմնված է առաջին հերթին՝ առևտրի ու ծառայությունների ոլորտների վրա։ Դրանց մասնակցությունը 5,7 տոկոս տնտեսական աճին եղել է 3,61 տոկոսային կետի չափով։

Տնտեսական աճը նստած է եղել մեծամասամբ առևտրի ու ծառայությունների վրա, այնինչ՝ դրանց ստեղծած հավելյալ արդյունքն այն չէ, ինչ կարող էր լինել տնտեսության իրական հատվածում։ Առևտուրն ու ծառայություններն այն ոլորտները չեն, որոնք ապահովում են խթաններ տնտեսության համար, ստեղծում են հիմքեր հետագա կայուն և երկարաժամկետ զարգացումների համար։

Ցածր է դրանց՝ ինչպես տնտեսական, այնպես էլ՝ սոցիալական նշանակությունը։

Սակայն, ինչպես տեսնում ենք, առևտրի և ծառայությունների դերը անցած տարի ևս մեծ է եղել տնտեսական աճի ձևավորման գործում։ Աճին նպաստելու առումով գրեթե 63 տոկոսը բաժին է ընկել միայն այս երկու ոլորտներին։

Մինչդեռ՝ արդյունաբերության մասնակցությունը տնտեսական աճի ձևավորման գործում շարունակում է շատ ցածր լինել։ 5,7 տոկոսից ընդամենը 0,83 տոկոսն է բաժին ընկել արդյունաբերությանն ու էներգետիկային։

Շինարարության ազդեցությունն ավելի փոքր է եղել. այն կազմել է հազիվ 0,18 տոկոս։

Գյուղատնտեսությունը տարեկան կտրվածքով բացասական նպաստում է ունեցել տնտեսական աճին, ինչը զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, որ տնտեսության այս ճյուղը կրկին անկումային է՝ նախորդ 3 տարիների անընդմեջ անկումներից հետո։

Անցած տարի գյուղատնտեսության ոլորտում արտադրության ծավալները կրճատվել են ևս 1,4 տոկոսով։

Դրա հետևանքով կրճատվել է նաև գյուղատնտեսության բաժինը համախառն ներքին արդյունքի ձևավորման մեջ։ Անցած տարվա տվյալներով՝ այն կազմել է 11,1 տոկոս։ Նախորդ տարի 11,7 տոկոս էր։ ՀՆԱ կառուցվածքում կրճատվել է նաև մշակող արդյունաբերության կշիռը. այն եղել է 11,3 տոկոս՝ նախորդ տարվա 12,4 տոկոսի փոխարեն։ Շինարարության բաժինն էլ 6,8-ից իջել է 6,6 տոկոսի։

Ահա այսպիսին է Հայաստանի տնտեսության զարգացման որակը։ Մեր տնտեսությունը բախվել է բազմաթիվ մարտահրավերների ու առայժմ չի կարողանում հաղթահարել այս ծանր շրջափուլը։ Թվում էր, թե պատերազմի ավարտից հետո տնտեսական իրավիճակը կնորմալանա այնքան, որ գոնե հնարավոր կլինի վերադարձնել նախորդ տարվա կորուստները։ Սակայն դա էլ չհաջողվեց անել։

Որքան էլ պետական պաշտոնյաները խոսում են տնտեսության մեջ իրականացվող բազմապիսի ծրագրերից, դրանով մեր տնտեսության վիճակը չի լավանում։ Այն հայտնվել է ռիսկի բարձր գոտում, ինչը թույլ չի տալիս աճի մեծ հավակնություններ ունենալ։

Երկնիշ աճերի, հսկայական ներդրումների ու ռեկորդների վերաբերյալ դատարկ հայտարարություններով չէ, որ տնտեսությունը պիտի զարգանա և որակական փոփոխություններ կրի։ Զարգացումների համար հիմքեր պետք է ստեղծվեն, որոնք պիտի նպաստեն տնտեսական աճի պոտենցիալի բարձրացմանը։ Թե չէ, հույսը դնելով առևտրի ու ծառայությունների աճերի վրա, մինչև ո՞ւր ենք հասնելու։ Զարմանալի չէ, որ աճի տեմպերը մեր երկրում բարձր չեն՝ անգամ նման խորը անկումից հետո։

Դրանք վկայում են այն մասին, որ 2 տարում բացարձակ զարգացում ու առաջընթաց չենք ունեցել։ Եվ դեռ շարունակում ենք գտնվել այդ վիճակում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

 

Տեսանյութեր

Լրահոս