Բազմացե՛ք, կովեր, կյանքը կարճ է

Իշխանությունը ստեղծել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով՝ դրա գործունեության ժամկետը սահմանելով 6 ամիս։ Իհարկե, ժամկետները կարող են երկարաձգվել, սակայն տվյալ դեպքում սահմանված 6 ամիսն ունի խորքային պատճառ.  իշխանությունը ցանկանում է օր առաջ ավարտել այդ հանձնաժողովի աշխատանքները, նշանակել պարտության մեղավորներին և անցնել առաջ։

Պարտությունը, հազարավոր զոհերի արյունը խարան է, որից ցանկանում է մաքրվել անգամ բարոյականության հետ լրջագույն կոնֆլիկտներ ունեցող Նիկոլ Փաշինյանը։ Իսկ գլխավորը, որ անհրաժեշտ է դրա համար, մոռացումն է։ Նրան պետք է, որ հասարակությունը մոռանա վերջին պատերազմում կրած պարտությունը, ու եթե պետք է՝ անգամ զոհերին։

Զոհերի հիշատակը Նիկոլ Փաշինյանին խանգարում է «խաղաղության դարաշրջան» բացել զոհերին սպանողների հետ։ Բայց քանի դեռ հասարակությունը հիշում է, նրանց ընտանիքները սգում են, դա որոշակի դժավարությունների է հանդիպում գոնե հանրային արձագանքների առումով։ Հետևաբար՝ Նիկոլ Փաշինյանն ուզում է բոլոր հնարավոր միջոցներով փակել պատերազմում պարտության թեման, որը, երևի նրա հաշվարկներով, կնպաստի համընդհանուր մոռացումին։

Ընդհանրապես, այս իշխանության հիմքում ընկած է հիշողության դեմ պայքարը, հիշողության բռնաբարումը։ Եթե ներքին հակառակորդների դեմ պայքարի համար անհրաժեշտ է թարմացնել ոչ վաղ անցյալի հիշողությունը՝ «թալանի», «կոռուպցիայի» մասին պատմությունները թեժացնելու նպատակով, Նիկոլ Փաշինյանը դա անում է բոլոր հնարավոր միջոցներով։

Բայց հանրային հիշողության բոլոր հատվածները չէ, որ ծառայում են նրան։ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու համար խանգարում է Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը, որի դեմ թաքնված պայքար նա ծավալում է արդեն մի քանի տարի։ Ադրբեջանցիների հետ մտերմության խոչընդոտը 44-օրյա պատերազմն է ու հազարավոր զոհերը, հիմա Փաշինյանը զբաղված է պատերազմի էջը փակելով։

Կարող է հնչել հակամարդկային, բայց հավանական է, որ հաջորդիվ նա զբաղվելու է զոհերի հիշողության դեմ պայքարով՝ հայասպանների հետ հարաբերությունների իդիլիան ամբողջական դարձնելու համար։ Նիկոլ Փաշինյանի համար պատերազմից հետո կյանքը շարունակվում է՝ բառի ինչպես փոխաբերական, այնպես էլ՝ ուղիղ իմաստներով։ Նրանք կամ չեն ցանկանում, կամ ունակ չեն հասկանալու, որ մի քանի հազար մարդու համար կյանքը դադարել է ուղղակիորեն, իսկ նրանց հարազատներն անգամ անուղղակիորեն չեն կարողանում ապրել «կյանքը շարունակվում է» ռեժիմով։ Դա նրանց թույլ չի տալիս հիշողությունը, որի դեմ առայժմ՝ լատենտ, բայց անողոք պայքարում է Նիկոլ Փաշինյանը։

«Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի ու մարդու արանքում: Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես և հիշողության մեջ չես՝ հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել․․․»,- ասում էր Հրանտ Մաթևոսյանը։

Նիկոլ Փաշինյանն անում է ամեն ինչ մարդու ու անասունի արանքում դրած այդ հիշողությունը վերացնելու համար, որպեսզի մարդիկ հաշիվներ չպահանջեն սեփական երեխաների սպանության համար։

Ինչպես սպանողներից, այնպես էլ նրանցից, որոնք առաջինների հետ ցանկանում են խաղաղության դարաշրջան բացել՝ առանց հիշողությունների արածող կովերի համար՝ երևի առաջնորդվելով մարկեսյան «բազմացե՛ք, կովեր, կյանքը կարճ է» պատգամով, որին խորհուրդ էր տալիս հետևել Վանո Սիրադեղյանը։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս