«Սրիկան ասում էր, որ Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը ողբերգություն է, այդքան լկտի ու ցինիկ մարդ կարող է լինել, բայց այդքան անբարոյական չի կարող լինել». Արմեն Աշոտյան
«ԱԽՔ-ի երեկվա «մենահամերգի» մեջ կարևոր ստեր կային, որոնք պետք է անպայման բացահայտել։ Արմեն Գրիգորյանը երեկ ամբողջ հաղորդման ընթացքում այնպես էր գովում 2011 թվականի Կազանյան փաստաթուղթը, կարծես թե այդ փաստաթուղթը Սերժ Սարգսյանը չի բանակցել, ստեղծել ու բերել ստորագրման»,- այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսպես գնահատեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի երեկ հարցազրույցում հնչեցրած մտքերը, որտեղ նա մեղադրել էր Սերժ Սարգսյանին վատ բանակցային գործընթացի ժառանգություն թողնելու համար։
ՀՀԿ փոխնախագահի բնորոշմամբ՝ իրականության հետ աղերս չունեցող այն ամենը, ինչ ԱԽՔ-ը հայտարարել է հարցազրույցում, պարզապես անբարոյականություն է։
Ըստ նրա, երբ Սերժ Սարգսյանը պատրաստ էր ստորագրել Կազանյան փաստաթուղթը, դրա մասին մանրամասն խոսել է նաև Կիսելյովին տված հարցազրույցում։
«Այդ թափթփուկը և նրան սպասարկող շրջանակները 2016 թվականից թիրախավորում էին Սերժ Սարգսյանին, թե՝ տեսեք, Սերժը հողեր է հանձնում, խոստովանել է, որ հողեր է հանձնում, և նման տեսակի այլ անբարոյական, նենգ ստեր, որովհետև անգամ այդ հարցազրույցում շատ պարզ էր, որ իրենք մեկ հատված կտրել են մեկ նախադասությամբ։ Իսկ այն փաստը, որ Սերժ Սարգսյանն Արցախի հակամարտության լուծման համար Արցախի անկախությունն էր վերցնում, անկախության մեխանիզմներն էր հստակեցնում, կարգավիճակի հարցն էր հստակեցնում, և այլն, նրանք անտերության ու անուշադրության էին մատնում այդ փաստը։ Այսինքն՝ Արմենը, մինչ այդ՝ Նիկոլը, գովում են մի փաստաթուղթ, որն անխնա քննադատել են։ Ավելին՝ 2018 թվականի ապրիլյան խայտառակ օրերին, այդ վակխանալիայի ժամանակ, բոլորդ հիշում եք այն ռոլիկները, որպեսզի ժողովրդին բորբոքեն, թե՝ տեսեք, Սերժը հանձնում է։ ԱԽՔ-ն ասում է՝ փաստաթուղթը, որտեղ կար ինքնորոշման իրավունք, միջանկյալ կարգավիճակ և այլն, տրոհել են երեք առանձին փաստաթղթերի, պատճառը պարզ է։ Երբ Ադրբեջանը հրաժարվեց Կազանում ստորագրել այդ փաստաթուղթը վերջին պահին, այնքան էր ուզում խնդիրը լուծել, որ համաձայնեց՝ պահպանելով Հայաստանի ու Արցախի համար «կարմիր գծերը», որոնք կային, պահպանել փաստաթղթի հիմնական բովանդակությունը, այն է՝ ինքնորոշման իրավունքի ազատ իրականացում և միջանկյալ կարգավիճակ, պատրաստ էր փաստաթղթի ձևաչափերի փոփոխությունների։
Ի դեպ, նրանք մոռանում են, որ միակ պաշտոնական փաստաթուղթը, որին Սերժ Սարգսյանը տվել է իր համաձայնությունը, դա 2011 թվականի Կազանյան փաստաթուղթն է։ Նախագահն իր հարցազրույցում մանրամասն ու հստակ դա ասաց»,- հավելեց Արմեն Աշոտյանը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ Կազանյան փաստաթղթից հետո եղել են ընդամենը նոր առաջարկներ, նոր տարբերակներ, որոնք Մինսկի խումբը տալիս էր կողմերին, այդ թվում՝ 2016 թվականից հետո եկած տարբերակները, որոնց վերաբերյալ Հայաստանը պաշտոնապես համաձայնություն չի տվել։
«Մեկ փոքր դրվագ բացահայտեմ, նախագահը չի նեղանա, եթե սա պատմեմ։ Այն ժամանակ, երբ Լավրովը եկավ առաջարկությունների հերթական տրցակով, նախագահն ասել է՝ նախ և առաջ համաձայնեցրեք Բաքվի հետ, եթե Բաքուն իր կարծիքը կասի, իր համաձայնությունը կտա, այդ ժամանակ կգաք՝ մենք մեր կարծիքը կասենք։ Բացահայտումն այստեղ այն էր, որ հայկական կողմը կհամաձայներ այդ առաջարկություններին, եթե ադրբեջանական կողմն այդ տրցակին տար իր հավանությունը։ Այդ տրցակի մեջ կար միջանկյալ կարգավիճակի հարցը և Արցախի անկախացման մեխանիզմների ամրագրումն Արցախի տարածքում հանրաքվեով, և այլն։ Սա շատ կարևոր հանգամանք է։ Երեկ այդ սրիկան ասում էր, որ Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը ողբերգություն է և այլն, այդքան լկտի ու ցինիկ մարդ կարող է լինել, բայց այդքան անբարոյական չի կարող լինել, որովհետև երբ հասկանում ենք, թե ինչ վիճակում ենք մենք այսօր Նիկոլի պատճառով եկած պատերազմի հետևանքով, պետք է սրիկա լինել, որպեսզի փորձել լպտալ»,- շեշտեց Արմեն Աշոտյանը։