«Անասնաբույժը կռիվ է տալիս կովի հետ, որն ունի 30 անասնաբույժի ուժ, բայց ամսական ստանում է 30.000 դրամ աշխատավարձ»․ բողոքի ակցիայի մասնակից
Մի խումբ անասնաբույժներ այսօր բողոքի ակցիայի էին դուրս եկել Էկոնոմիկայի նախարարության շենքի դիմաց։ Նրանցից մի տղամարդ լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց բողոքի հիմնական պատճառը շատ ցածր աշխատավարձն ու անասնաբուժության ոլորտի հանդեպ Կառավարության անուշադրությունն է։
«Մենք հարցը բարձրաձայնում ենք այն իմաստով, որ անասնաբուժությանը հարկավոր է դեմքով դառնալ՝ որպես գյուղատնտեսական ոլորտի անասնապահական մի ճյուղ, որը կարիք ունի ամենօրյա սպասարկման, հոգածության։ Անասնաբուժությունը՝ որպես գյուղատնտեսության կենտրոնական մասնագիտություն, հոգածության կարիք ունի, որն անտեսված է պետության, Կառավարության և մասնագիտական կառույցների կողմից։
Լրատվական բոլոր միջոցներով ասում են՝ ի՞նչ եք խոսում, սննդի անվտանգությունը շատ կարևոր է, սպանդանոցները շատ կարևոր են, մարդուն առողջ սնունդով ապահովելը շատ լավ է, անհրաժեշտ է, բայց ո՞ւմ միջոցով դա պետք է արվի։ Վերջապես կյանքը ցույց է տվել, որ մասնագետները, կադրերն են որոշում ամեն ինչ, եթե մենք կադրերին հիմնահատակ ոչնչացնում ենք, ո՞վ պետք է որոշի։ Թղթի վրա ո՛չ մածուն կա, ո՛չ կաթ կա, ո՛չ միս կա, ո՛չ էլ առողջ սնունդ կա»,- ասաց ակցիայի մասնակիցը։
Տղամարդու խոսքով՝ լուրջ խնդիր է նաև անասնաբույժների տարիքային շեմը, գրեթե բոլորի աշխատանքային տարիքը վաղուց լրացել է, իսկ այսօր շատ քիչ երիտասարդներ են ընտրում անասնաբույժի մասնագիտությունը, ընտրողներն էլ հիմնականում աշխատում են մայրաքաղաքի կլինիկաներում և սպասարկում են բացառապես շների և կատուների․
«Կադրերի խնդիր ունենք։ Գյուղատնտեսական կենդանիների մեջ մտնում են այն կենդանիները, որոնք մթերատու են, և այդ կենդանիների առողջական վիճակը պետք է պահպանի անասնաբույժը, սննդի հետագա առողջ սպասարկման իմաստով, եթե մենք չունենք մասնագետներ, ո՞վ պետք է սպասարկի․․․»։
Ակցիայի մասնակիցներն ասացին, որ խնդրի մասին բարձրաձայնել են դեռ 2014 թվականին, նամակով դիմել էին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, իշխանափոխությունից հետո էլ Նիկոլ Փաշինյանին են դիմել․
«Մենք աշխատել ենք հետևյալ կարգավիճակով՝ «Էշ մի սատկի, գարուն կգա, յոնջան կկանաչի», հիմա մեր «էշ մի սատկիները» դեռ սպասում են, բայց յոնջան չի կանաչում, յոնջա չի ցանվում։ Կառավարությանը դիմել ենք դեռ ամռանը՝ 6-7 ամիս առաջ, բանավոր խոստումներով ասել են՝ ամեն ինչ լավ կլինի, մեր պահանջներն ընդունել են, բայց դրական լուծումներ չեն առաջարկել, մինչև այսօր պատասխաններ չունենք․․․
Անասնաբույժը ամսական ստանում է 30.000 դրամ աշխատավարձ, աշխատանքը կանոնակարգվում է՝ ըստ սպասարկվող գլխաքանակի, ըստ պատվաստումների․․․ Պատկերացրեք, անասնաբույժը կռիվ է տալիս կովի հետ, որն ունի 30 անասնաբույժի ուժ, ինչպե՞ս նա մոտենա այդ անասունին, պատվաստում անի․․․»։
Անասնաբույժներից ևս մեկը բողոքեց քիչ վարձատրությունից.
«Տարիներ առաջ 1 գլխի համար մեզ վճարեցին 70 դրամ, հետո դարձրեցին 120 դրամ, հետո անցած տարի իբր սարքեցին 167 դրամ, բայց միջոցառումներ կար, օրինակ՝ խոզերի և հավերի ժանտախտը հանեցին պլաններից, վերևներում ներկայացրեցին, թե անասնաբույժների աշխատավարձը 47 դրամով թանկացել է, բայց ընդհակառակը, հաշվի առնելով հանված միջոցառումները․ օրինակ, ես սպասարկում էի 1200 գլուխ խոզ, տարվա ընթացքում վաստակում էի մոտ 220.000 դրամ, հիմա դա էլ չկա, դուրս է գալիս, որ մեզ ոչ թե լավություն են արել ու աշխատավարձ են բարձրացրել, այլ հակառակը, ցածրացրել են մեր աշխատավարձերը։ Գոնե 1 գլխաքանակի համար մեզ վճարեն մաքուր 200 դրամ, որ կարողանանք գոնե մարդավարի ապրել»։