Մեր պահանջն այն է, որ դադարեցվեն շինաշխատանքները, մինչև հասկանանք, թե ԿԳՄՍ նախարարությունը, Քաղաքապետարանն առհասարակ ի՞նչ վերաբերմունք ունեն գիտության և մեր տարածքի հետ կապված. ՕԴՔԳՏԿ գիտաշխատող
ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են կազմակերպել ինստիտուտի տարածքում:
Գիտաշխատողները փակել են ճանապարհը՝ պահանջելով դադարեցնել շինարարական աշխատանքները՝ հրավիրելով պետական մարմինների ուշադրությունը: Նրանց պնդմամբ՝ միևնույն տարածքում գիտատեխնոլոգիական կենտրոնը և բնակելի շենքն անհամատեղելի են:
«Մեր պահանջն այն է, որ դադարեցվեն շինաշխատանքները, մինչև հասկանանք, թե ԿԳՄՍ նախարարությունը, Քաղաքապետարանն ինչ որոշումներ են կայացրել, առհասարակ ի՞նչ վերաբերմունք ունեն գիտության և մեր տարածքի հետ կապված, ու սրանից հետո շարունակո՞ւմ ենք աշխատել, թե՞ ոչ: Շինաշխատանքները սկսել են փետրվարի 13-ի լուսադեմին: Ե՛վ պարիսպ են կտրել, և՛ տարածքին առնչվող հատվածներ են վնասել, և՛ գույք են փչացրել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց գիտաշխատողներից Արփինե Հարությունյանը:
Խնդրի առնչությամբ պարզաբանմամբ հանդես է եկել «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերությունը՝ նշելով, որ Ազատության պողոտա 26/1 հասցեում կառուցելու է էներգախնայող, էկոարդյունավետ և բազմաֆունկցիոնալ համալիր: Ներդրումային ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը մոտ 10 մլրդ ՀՀ դրամ է, որի մեծ մասն ուղղակի օտարերկրյա ներդրում է: Կառուցապատման փուլում վճարվելու է մոտ 2 մլրդ ՀՀ դրամի չափով հարկ և ստեղծվելու է 100-ից ավելի աշխատատեղ: Բնակարանները հասանելի կլինեն նաև երիտասարդ մասնագետներին ու գիտնականներին՝ երկարաժամկետ վճարման շահավետ պայմաններով, իսկ հասարակական տարածքներում ստեղծվելու են բիզնես ինկուբատորներ:
«Կառուցվելու է մոտ 200 մեքենայի համար նախատեսված ստորգետնյա ավտոկայանատեղի:
Այս պահին իրականացվում են տարածքի հորատման աշխատանքներ:
Մեր աշխատանքները չեն արգելափակում որևէ այլ տարածքի ելումուտը, չեն խոչընդոտում որևէ կառույցի, հասարակական նշանակության օբեկտի, տնտեսվարող սուբեկտի շենք-շինությունների բնականոն աշխատանքը:
Տեղեկատվությունը, թե առավոտյան կարմիր բերետավորների օգնությամբ քանդել են ՀՀ գիտատեխնոլոգիական կենտրոնի պարիսպը, չի համապատասխանում իրականությանը:
Հորդորում ենք չստեղծել անտեղի ու անհիմն լարվածություն և չխոչընդոտել օրինական դաշտում գործող ընկերության գործունեությանը»,-ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Հավելենք, որ ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի (ՕԴՔԳՏԿ) աշխատակիցները հաստատության տարածքում բնակելի շենքի կառուցումն արգելելու համար մի շարք նամակներ են հղել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություններին, սակայն ստացել են անորոշ պատասխաններ: Օրինակ՝ ԿԳՄՍ նախարարությունից պատասխանել են, որ շինարարական աշխատանքների թույլտվությունը, դրանց նպատակահարմարությունը և քաղաքաշինական ու անվտանգության նորմերի պահպանման հետ կապված հարցերը դուրս են ԿԳՄՍ նախարարության լիազորության շրջանակից: Նամակում, սակայն, նշված է, որ նախարարությունն արժևորում է ՀՀ-ում գիտական կազմակերպությունների բնականոն և արդյունավետ գործունեությունը: ԲՏԱ-ից էլ արձագանքել են՝ նշելով, որ հարցի կարգավորումը դուրս է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության իրավասության շրջանակից:
Խնդիրը ծագել է դեռևս 2007 թվականից, երբ ապօրինաբար Ազատության 26 հասցեում գտնվող ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տարածքից օտարվել է ջրավազանն ու դարձել է մասնավոր սեփականություն: ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի (ՕԴՔԳՏԿ) տնօրեն Արթուր Հարությունյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում անդրադառնալով 25 հարկանի շենք կառուցելու մտադրությանը՝ ասաց, որ 1956 թվականին կենտրոնն ունեցել է ջրավազան, և իրեն հասած տեղեկություններով՝ մոտ 20 տարի առաջ նախկին տնօրենից առաջ պաշտոնավարած տնօրենը, քանի որ ֆինանսավորումը քիչ է եղել, իսկ ջրավազան մաքրելը մի մեծ պատմություն է, քաղաքապետարանին խնդրել է այն հանձնել իրենց բալանսին, որ նրանք մաքրեն: Իրենք սիրով վերցրել են Ազատության պողոտայում գտնվող մոտ 3000քմ-ն 2007թ․ և տեղյակ չպահելով՝ սեփականաշնորհել են ու վաճառել չորս հոգու, իսկ վերջում երրորդ մարդուն են տվել: