«Եթե քայլեր չարվեն՝ Հայաստանը տոպրակների ու աղբի մեջ կորելու է». Սիլվա Ադամյան
Հունվարի 1-ից, կառավարության որոշման համաձայն, Հայաստանում արգելվեց 50 միկրոն հաստությունից պակաս պոլիէթիլենային տոպրակների վաճառքը, ըստ այդմ, գնումներ կատարելիս պետք է կտորից կամ թղթե տոպրակներ տրամադրվեն համապատասխան գնով, կամ դրանք մարդիկ իրենց մոտ պետք է ունենան։ Կառավարությունն իր այս որոշումը հիմնավորեց նրանով, որ բնության մեջ պոլիէթիլենային տոպրակը երկար է մնում, տարիներ են պետք, որպեսզի այն քայքայվի, հետևաբար՝ դրանց վաճառքն արգելելով՝ բնապահպանական խնդիր կլուծվի։
Չնայած ուժի մեջ մտած օրենքին, խանութներ կան, որոնք շարունակում են օգտագործել արգելված տոպրակները:
168.am-ի հետ զրույցում բնապահպան Սիլվա Ադամյանն ասաց, որ օրենքով նախատեսված տոպրակներն են օգտագործվում, որի համար էլ մարդիկ վճարում են 45 դրամ։
«Սուպերմարկետներում այդ խնդիրը լուծված է, գնացել տեսել եմ, վաճառքում 50 միկրոն տոպրակներն են։ Այսինքն՝ սրանք մի քանի անգամ օգտագործվող և վերամշակվող տոպրակներ են, իսկ նախկինում օգտագործվողները միանգամյա էին, որից հետո ուղիղ գնում էին աղբավայր։ Սակայն փոքր առևտուրը շարունակում է մնալ նախկինի նման, այսինքն՝ տոպրակները շրջանառության մեջ են, և հայտնի չէ, թե երբ շրջանառությունից դուրս կգան։
Ի դեպ, մենք ենք առաջարկել, որպեսզի ցելոֆանների գինը բարձրացնեն, քանի որ նույն այդ ցելոֆանների կողքին կա 260 դրամանոցը, որը կարող են մեկ անգամ գնել ու բազմիցս օգտագործել։ Առհասարակ մարդիկ տեսե՞լ են՝ մեր աղբավայրերն ինչ վիճակում են։ Ինքս ընդդիմախոս եմ այս իշխանություններին, բայց եթե նման որոշում չընդունվեր, ես չգիտեմ՝ ինչ էր մեզ սպասվելու, ամբողջ երկիրը վերածվելու էր աղբավայրի։ Բայց միևնույն ժամանակ՝ պետք է նկատենք, որ հարցը դեռևս լուծված չէ, միայն մեծ սուպերմարկետներն են հետևում օրենքին, նայեք, թե ինչ է կատարվում փողոցներում, մանր խանութներում, իսկ նրանց ո՞վ է հետևելու, ոչ բոլորն են սուպերմարկետներից օգտվում»,- նշեց Սիլվա Ադամյանը։
Ըստ նրա, թեև սուպերմարկետներն անցել են 50 միկրոն տոպրակների օգտագործմանը, սակայն սա էլ հարցի լուծում չէ, լավագույն տարբերակը կլիներ թղթե տոպրակներին անցնելը։
«Այն, ինչ տեսնում եմ մեր աղբավայրերում, ինձ սարսափի մեջ է գցում, եթե քայլեր չարվեն, Հայաստանը տոպրակների ու աղբի մեջ կորելու է։ Հետևաբար՝ այն, ինչ հիմա արվում է, չնչին քայլ է։ Տեսչական մարմինը պետք է հետևի, որպեսզի բոլորը հետևեն օրենքի կիրառմանը, իրենք ասում են՝ վերահսկում են, եթե վերահսկում են, այսպիսի՞ն կլիներ վիճակը»,- հավելեց նա։
Միաժամանակ նա ընդգծեց, որ Եվրոպայի օրինակով՝ պետք է ցելոֆանները փոխարինվեն թղթե տոպրակներով։